Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն քցել է կամ որ Նիկոլն այսօր իշխանության է». Էդուարդ Շարմազանով

Մարտ 07,2023 17:17

Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից, եթե ՀՀ ընդդիմադիր հատվածը միավորվի՝ հանուն Արցախի եւ Հայաստանի պետականության պահպանության, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Ընդդիմադիր գործիչը համամիտ է՝ ազգային ընդդիմությունը դեռեւս չի հաջողել իր նպատակներում, բայց այդ անհաջողությունից հետո կանգնել ու ասել՝ պետք է հուսահատվել, ճիշտ չի համարում, ասում է՝ հուսահատությունը մեղք է։

«Մարդը, որ խեղդվում է, պայքարում է, չէ՞, պայքարողը շանս ունի, չպայքարողը շանս չունի, ես պայքարի կողմնակից եմ։ Որպես պատմաբան՝ ասեմ՝ հայ ժողովուրդն ավելի բարդագույն շրջաններից է կազմավորվել ու հզորացել։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց հայ ժողովուրդը Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսայի ճակատամարտեր է տվել։ Նույն ժողովուրդը չի՞ եղել, Նժդեհն ասում էր՝ նայած ով է ժողովրդի ու բանակի գլխին, եթե առյուծ է՝ այդ բանակը կարող է հրաշագործություններ կատարել, եթե նապաստակ է, ապա հրաշագործների խումբը կարող է վերածվել հոտի»,- «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի ու Հայաստանի վերաբերյալ իր ծրագիրը դեռեւս չի ավարտել, երբ ավարտի, այն ժամանակ «տերերը» նրան կճանապարհեն։

Խոսելով ընդդիմության՝ պայքարի հերթական փուլի մասին էլ, նա ասաց, որ քաղաքական պայքարը «քյանդրբազություն» չէ եւ եթե հաջորդ քայլերը հայտնի չեն, ավելի լավ է՝ ոչինչ չանել, սպասել, երբ հստակություն կլինի գործողություններում: Բայց մի բանում համոզված է՝ եթե համախմբում լինի, Նիկոլ Փաշինյանի պարտությունը այլընտրանք չունի:

«Չի կարելի ազգային նպատակներից ու գաղափարներից, Արցախի հայկականությունից շեղվել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան եկել է տարածաշրջան՝ մեզ ցեղասպանելու։ Ի՞նչ է փոխվել Թուրքիայի քաղաքականության մեջ, նրա ղեկավարությունը, պահանջները նույնն է, դրան զուգահեռ՝ Ադրբեջանի հետ «Շուշիի հռչակագիր» է կնքել։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ Արցախում կա մարդ, ով Հանրայինի եթերում հայտարարում է, որ դեմ չէ, նույնիսկ կողմ է, որ Կաշենի հանքավայրում ի՞նչ տարբերություն՝ ով փող կդնի՝ ռուսը, ամերիկացին, թե ադրբեջանցին։ Հայը գնա թուրքի դեմը նոքյարություն անի՞, այդ նույն մարդը 90-ականներին ինչո՞ւ էր կռվում, ես, որպես պատմաբան, որպես քաղաքական գործիչ՝ դա չեմ հասկանում: Եթե մի շառլատան ասի, կհասկանամ, բայց Արցախի հրամանատարներից մե՞կը…բա ինչի՞ համար եք կռվել, որ թուրքը գա Կաշենում ներդրո՞ւմ անի, հայն էլ նրա դեմ նոքյարությո՞ւն: Բա 30 արծաթն էլ ո՞նց է լինում: Քաղաքակիրթ հարաբերությունների մասին կարելի է խոսել, երբ քո կարմիր գծերը պահպանված են, բայց եթե Ադրբեջանը ոչ մի միջազգային նորմ չի պահպանում, դու գնում Ադրբեջանի հետ ի՞նչ ես խոսում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ խնդիրներից շեղվելով պիտի սեւ խավիար ուտենք՝ ինքը դա չի ուզում:

Էդուարդ Շարմազանովը քննադատեց նաեւ վերլուծական այն շրջանակները, որոնք Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախկին իշխանություններին նույն հարթության վրա են դնում՝ հավասարապես քննադատելով: Իր կարծիքով, նախկին իշխանավորները շատ մեղքեր ունեն, բայց անվտանգային խնդիրները այդ մեղքերին հակակշռելը ճիշտ չէ: Այս վճռական փուլում արցախահայության ու նրանց պայքարի կողքին կանգնելու Էդուարդ Շարմազանովը այլընտրանք չի տեսնում եւ հայտարարում է՝ «Սերգոն երբեք լավ չի ապրելու, եթե Արցախը մերը չլինի»:

Հիշեցնենք, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանելով դեռեւս լրագրող Սերգո Երիցյանի հարցին հայտարարել էր, որ քանի Արցախի հարցը չի լուծվել, Սերգոն լավ չի ապրելու:

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանության մնաց բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում։ Նա նաեւ հստակեցրեց՝ ինքը Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է, քանի որ Մոսկվայի այլընտրանքն Անկարան է, իհարկե, Թեհրանի եւ Պեկինի հետ էլ ՀՀ-ն պետք է լավ հարաբերություններ ունենա. «Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն քցել է կամ որ Նիկոլն այսօր իշխանության է»:

Իր հռետորական հարցի իբրեւ շարունակություն, Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը բունկերում էր թաքնվել, իսկ հետո մեկնեց ՌԴ եւ յոթ հարկանի շնորհակալություն հայտնեց Պուտինին, որը Նիկոլի հետ հանդիպմանը նրան չշնորհավորեց, այլ ասաց. «Ես հուսով եմ, որ ընտրություններից հետո դու լեգիտիմ ես եւ կկատարես այն խոստումները, որոնք որ տվել ես: Հայտնի չէ, թե ի՞նչ է Փաշինյանը բանավոր խոստացել: Ես չեմ բացառում, որ եւ Պուտինի մոտ է Ալիեւին շատ բան խոստացել, եւ Միշելի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ է Ալիեւին շատ բան խոստացել: Էս մարդու քաղաքականությունն աջափսանդալ է. ո՞նց կարելի է ամիսներ շարունակ հակառուսականություն քարոզել, ԱԽՔ-ին ուղարկել եթեր՝ նրա շուրթերով ասել, որ ՌԴ-ն մեզնից պահանջում է մտնել Միութենական պետություն, երկու օր հետո ասել՝ նման բան չկա, փորձագիտական մակարդակի ենթադրություններ են»: Նման պայմաններում, իր կարծիքով, բարդ է ՀՀ-ին ու ՀՀ իշխանություններին լուրջ վերաբերվել:

Էդուարդ Շարմազանովը մնում է այն համոզման, որ ՌԴ-ի պարտությունն Ուկրաինայում ՀՀ-ի թուրքացում է նշանակում, ինչը չի բխում հայկական պետականության շահերից: Նա այն կարծիքին է, որ առկա իրավիճակը Հայաստանի ռուս բարեկամներին էլ պետք է մտահոգի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031