Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բժիշկ ամուսինները Երեւանից տեղափոխվել ու աշխատանքի են անցել Սպիտակի բժշկական կենտրոնում. (Ֆոտոշարք)

Մայիս 05,2023 22:33

Վիրաբույժ Նարեկ Ամիրյանը կնոջ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մանուշ Հովհաննիսյանի հետ, արդեն 3 ամիս է, ինչ Երեւանից մանկահասակ երեխայի հետ տեղափոխվել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք ու աշխատանքի անցել Սպիտակի բժշկական կենտրոնում:

Նարեկը ծնունդով Երեւանից է, սովորել եւ ավարտել է ԵՊԲՀ-ն: Ավարտելով կլինիկական օրդինատուրան, Նարեկն աշխատել է Երեւանի հիվանդանոցներից մեկում որպես վիրաբույժ: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարեկը աշխատում էր Երեւանի շտապբուժօգնությունում, պատերազմի թեժ օրերին Արցախից Հայաստան էին տեղափոխում վիրավոր զինծառայողներին:

Հերթական տեղափոխության ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, Նարեկն ու շտապօգնության ողջ անձնակազմը վիրավորվում են, Նարեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երեւան: Երկու անգամ վիրահատվելուց ու վերականգնողական բուժում ստանալուց հետո Նարեկը կրկին աշխատանքի է անցնում, շարունակելով կյանքեր փրկելու առաքելությունը: Բժիշկ ամուսինների առաջնեկը ծնվել է պատերազմի օրերին, երեխայի դուրս գրվելու հենց նույն օրը Նարեկը կրկին մեկնել է ռազմաճակատ: Անգամ երեխայի ծնունդը չկանգնեցրեց մեկնել պատերազմ: Ամեն անգամ ռազմաճակատ մեկնելիս Նարեկը Աստծուց խնդրել է վերադառնալ, որ երեխան անհայր չմեծանա:

Նարեկի կինը՝ Մանուշը, ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից է, սովորել եւ ավարտել եւ ԵՊԲՀ-ն, ապագա ամուսնու հետ ծանոթացել են ուսանողական տարիներին: Աշխատելով տարբեր բուժհաստատություններում, հիմնական աշխատանքի է ընդունվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում որպես ռեանիմատոլոգ:

Մանուշն ասում է՝ մի ընտանիքում երկու բժիշկ լինելը առավելություն է, կոնֆլիկտներ չեն լինում, փոխարենը՝ աշխատանքային քննարկումներ են հաճախ ունենում ոչ միայն աշխատավայրում, այլ նաեւ՝ տանը:

Մանուշը Առողջապահության նախարարության ծրագրով է աշխատանքի անցել Սպիտակի բժշկական կենտրոնում, քանի որ օրդինատուրան ավարտել է նպատակային. «Տարբեր առաջարկներ կային մի շարք բժշկական հաստատություններից, որոնց մասին մտածում էինք ամիսներ շարունակ: Եկանք Սպիտակի բժշկական կենտրոն, հանդիպեցինք տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ, զրուցեցինք, որոշ հարցեր քննարկեցինք, աշխատասենյակից դուրս եկանք ու որոշեցինք, որ Սպիտակի ԲԿ-ն հենց այն վայրն է, որտեղ որ պետք է մնանք եւ աշխատենք: Մեր որոշման մեջ մեծ դեր ունեցավ անձամբ տնօրենը, ով բացի լավ մարդ լինելուց, մեծ տեղ է տալիս նաեւ երիտասարդ կադրերով ԲԿ-ն համալրելուն ու նրանց մասնագիտական աճին: Հենց Սպիտակի ԲԿ-ի բակից զանգահարել ենք նախարարություն ու հայտնել, որ իրենք որպես աշխատավայր ընտրում են Սպիտակի ԲԿ-ն»,-պատմում է Մանուշն ու հավելում, որ ԲԿ-ի անձնակազմի ջերմ ընդունելությունը «ստիպեց» իրենց ոչ թե ամեն օր Երեւանից գնալ-գալ աշխատանքի Սպիտակ, այլ տեղափոխվել ու բնակություն հաստատել:

Երեւան-Սպիտակ ճանապարհը, ինչպես Մանուշն է ասում, հարթ չէր, մանկահասակ երեխայի առկայություն, անծանոթ միջավայր ու ոչ միայն: Այս խնդիրներն արդեն լուծված են, բժիշկների երիտասարդ ընտանիքը կարողացել է կարճ ժամանակում հաղթահարել առաջացած խնդիրները:

Միակ խնդիրը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաեւ Սպիտակում, ինչպես իրենք են ասում, մենակ լինելը:

 

Բացի միջավայրից, Մանուշին ու վիրաբույժ ամուսնուն ոգեւորել է նաեւ Սպիտակի բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, ասում է՝ որպես քաղաքային ԲԿ ոչնչով չի զիջում Երեւանի մի շարք բուժհաստատություններին, որն ավելի է հեշտացնում իրենց աշխատանքը. «Իմ միակ մտավախությունն այն էր, որ աշխատելով Երեւանի լուրջ ու հագեցված հիվանդանոցում, վախենում էի, որ թե տեխնիկապես, թե դեղորայքի առումով գուցե այլ կլինի աշխատանքը, մինչդեռ, ինչպես աշխատանքում համոզվեցի, շատ հարցերում անգամ առաջատար է Սպիտակի ԲԿ-ն, նամանավանդ, որ հետազոտական մեթոդներից բացի հիվանդանոցը պարբերաբար համալրվում է, հատկապես ժամանակակից լուրջ սարքավորումներով, որը մեծ ստիմուլ է մեր՝ բժիշկներիս համար»:

Երիտասարդ բժիշկ ամուսինները որոշել են՝ մնալու են ջերմ ու հյուրընկալ Սպիտակում, ամուսինը՝ Նարեկը, նպատակ ունի տարածաշրջանում զարգացնել ժամանակակից լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը բազմաթիվ առավելություններ ունի՝ քիչ ինվազիվ է. «Ինձ համար, իհարկե, դժվար էր Երեւանից տեղափոխվել Սպիտակ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ չեմ փոշմանել, որ արդեն 3 ամիս աշխատում եմ Սպիտակի բժշկական կենտրոնում»:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031