Լրահոս
Օրվա լրահոսը

Դարակերտի խիզախ զինվորը․ Սեդրակ Խոդեդանյան

Հունիս 06,2023 09:00

Հունիսի 6-ը Սեդրակի ծննդյան օրն է, և նրա 22-ամյակը նշվում է լուռ, առանց իր ներկայության։

Օրեր անց, հունիսի 28-ին հայրենիքի զինվորը, ծառայությունն ավարտած, պիտի տուն վերադառնար, եթե մեր օրացույցում սեպտեմբերի 13-ը սովորական օր լիներ։

Տարիքի բերումով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իր դասարանցիների հետ, նա բանակում ու պատերազմում պիտի լիներ։

Սակայն ընտանեկան խնդիրներով / ժողովուրդն ասում է՝ բանկերի երեսից/ կարճ ժամանակով երկրից բացակայել էին, և Սեդրակը դպրոցն ուշ ավարտեց։

Ու քանի որ մեծ էր համադասարանցիներից, դասարանի ոգին ու կազմակերպիչն էր, բնույթով շփվող, կամեցող, հասնող, սրամիտ, անքեն ու բարի։

Ծառայում էր Վարդենիսում, Վերին Շորժայում, թշնամուց աչքով տեսանելի հեռավորության վրա, բայց վախ չուներ։

– Սեթո, շատ մոտ չե՞ք․․․

– Հա, ինչ անենք, իրենք էլ իրենց մոր տղեն են։

Զարմուհու՝ Տաթևի վախին ի պատասխան էր ասել, ու աղջիկը հիշում է․ «Չարություն ընդհանրապես չուներ, չէր սիրում, որ հարցնում էի՝ ապեր, չես վախենո՞ւմ։ Իր զենքից էր պատմում արձակուրդին, շատ- շատ էր սիրում, ոգևորված էր։ Շատ աշխատասեր էր, դիրքը իրենց ձեռքերով կահավորել էին, նկարը ցույց էր տալիս, հպարտանում, որ ինչքան լավ են գործն արել։  Վերջին գալուց ասաց՝ մենակ տեսնեք զենքս՝ յուղած-պատրաստ, չեմ համբերում՝ երբ եմ կրակելու։ Զինվոր էր, մտել էր այդ գործի մեջ պատվով ու պատասխանատվության զգացումով։ Այդ օրը մինչև գիշեր գրելով խոսում էինք, վերջին նամակին չպատասխանեց, առավոտյան իմացանք, որ պատերազմ է»։

Վերջինը Սեդրակի ձայնը լսել է ավագ եղբայր Անդրանիկը, գիշերվա ժամը երեքին, և զինվորի անհոդաբաշխ արագախոսությունը ավելի շատ հրաժեշտ է եղել։ Սեդրակ Խոդեդանյանը զոհվել էր լուսադեմին, երբ փոխարինել է գնդացրորդին, կռվել մինչև վերջ։

Սեպտեմբերի 13-ից հետո Արարատի մարզի Դարակերտ գյուղի վրա պողպատի պես ծանր լռություն էր, ամիսներով լուր չկար, ու կար երազանք ու հույս՝ թաքնված կլինի, գերեվարված կամ այլ տարբերակ, մոր սիրտը, ամենամեծ հույսից բացի, այլ բան էր հուշում․ «Ես իմ երեխուն լավ գիտեմ, ինքը ոչ կփախնի, ոչ էլ գերի կհանձնվի»։

Սեդրակ Խոդեդանյանի՝ ժպտացող զինվորական նկարին նայելիս էլ Մարիամը մի անգամ ասաց․ «Ոնց որ ասի՝ ես իմ արածն արեցի, մնացածը դուք գիտեք»։

Գրադարանավարուհի զարմուհուն պատվիրել էր․ «Լիլ, ուրեմն Կարոյի համար Նժդեհ, Գևորգ Չաուշ, Մոնթե ուղարկեք»։ Գրքերը մնացին առանց ուղարկելու։

Սեդրակը մորից էլ Պարույր Սևակ էր ուզել, հասկացել էին՝ սիրահարված էր։

Սեդրակին վերջին անգամ տեսնելուց հետո մայրն անհանգիստ էր, տղան ուժեղ գլխացավեր ուներ, պիտի հետազոտվեր, սակայն արդեն դիրքեր էին բարձրացել։ Մորն ասել էր․ «Հանկարծ էդպես բան չանես, որ ինձ դիրքից իջեցնեն՝ հետազոտվելու։ Ընկերներիս մենակ չեմ թողնի, իրար հետ բարձրացել ենք, միասին կիջնենք։ Վախկոտ չեմ, պոստերից կիջնեմ, նոր կգնամ բժշկի»։

Մի քանի օր էր մնացել, որ խիզախ զինվորը դիրքերը պաշտպանելը փոխանցեր ընկերներին, բայց սեպտեմբերի 13-ն ավելի շուտ եկավ։

Մարիամը հիշում է․ «Ես ամեն ինչում հավատում էի ամուսնուս, Գևորգն ինձ միշտ ասում էր․ «Մար, մեր երեխու համար չվախենաս, ռուսը թույլ չի տա, որ թուրքը հարձակվի Հայաստանի վրա»։ Էս անգամ ինձ խաբեց»։

Միշտ 21 տարեկան Սեդրակի երիտասարդ, գեղեցկատես, զուսպ ու արժանապատիվ մայրը, երեք տղաների մայրը, չի դադարում գովաբանել երկրորդ որդուն․ «Դուք չե՜ք պատկերացնի, ինչ լավ երեխա եմ ես ճամփել բանակ»։

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930