Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլագար մարդասպանից ուզել իր զոհերի ցուցա՞կը

Ապրիլ 17,2024 10:00

Պարզվում է՝ մենք պետք է դիմենք Թուրքիայի կառավարությանը, որպեսզի այն մեզ տա ցուցակ, թե քանի հայ է սպանել Օսմանյան կառավարությունը Ցեղասպանության ժամանակ: Հոյակապ գաղափար է: Դիմումի հասցեատերը այն նույն կառավարությունն է, որը, ըստ ՀՀ վարչապետ Փաշինյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ «եւս մի ցեղասպանություն էր ցանկանում»:

Զարմանում եմ, թե ինչպես 100 տարվա ընթացքում ոչ մի հայի, առավել եւս՝ հայկական ոչ մի իշխանության՝ թե՛ Խորհրդային, թե՛ անկախ Հայաստանի, մտքով դա չէր անցել: Հարցնել անպատիժ մնացած մոլագար մարդասպանին՝ տուր ինձ քո զոհերի ցուցակը՝ դա, անշուշտ, նոր խոսք է իրավական ու քաղաքական պրակտիկայում:

Հավանաբար, ենթադրվում է, որ թուրքական կառավարությունը, որը, ընդգծեմ, չի ընդունում Ցեղասպանության փաստը, պիտի մեզ ցուցակ ներկայացնի, թե քանի հայի դիակ է գցել գետերը (ըստ իրենց ՆԳ նախարարի հրամանի), քանի երեխա է սովամահ եղել Դեր Զորի անապատում, քանի հղի կնոջ փոր է ճղել: Եվ կտրամադրի մեզ բոլոր զոհերի անուն-ազգանունները:

Բայց ավելի հավանական է, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը կհայտարարի, որ նման բաներ տեղի չեն ունեցել, եղել է հայերի տեղահանում Օսմանյան կայսրության որոշ շրջաններից: Իսկ տեղահանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը ռուսների կողմից էին: Եվ, հետեւաբար, մեղավոր են ռուսները: Այդ պատասխանը, կարծում եմ, միանգամայն կբավարարի Հայաստանի ներկայիս իշխանություններին, որոնք դրանից հետո այլեւս ոչ մի ցուցակ չեն պահանջի:

Եթե խոսենք զուտ քաղաքական հարթության մեջ, ապա Օսմանյան արխիվներից «ցուցակ ուզելը», անշուշտ, թուրքական նարատիվ է, եւ մի քայլ է՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու: Դա անընդունելի է, եւ Ցեղասպանության ճանաչման համար պետական մակարդակով պայքար մղելը կամ չմղելը բացարձակապես այլ խնդիր է:

…Իսկ արդյո՞ք պաշտոնապես՝ ՀՀ ՊՆ-ի կողմից հրապարակվել է 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակը՝ անուն առ անուն: 4000 զո՞հ էր, թե՞ ավելի քիչ կամ ավելի շատ: Զոհեր, որոնք տեղի են ունեցել նաեւ այն պատճառով, որ ՀՀ ներկայիս վարչապետը չէր ուզում, որ ասեն՝ «Նիկոլ-դավաճան»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերլուծումը ճիշդ է: Տուեալ տեսանկիւնէն, լրացուցիչ է եւ ազդու: Եւ ուրեմն այ՛ս է որ պէտք է տիրապետէ, որպէս Հայոց հիմնական հակադարձութիւնը՝ խնդրոյ առարկայ խօսքերուն:

    Սակայն կայ, ուրիշ մօտեցումի կարելիութիւն մը…
    զորս ահա՝
    https://haytougchamlian.home.blog/2024/04/16/հայոց-ցեղապանութեան՝-անանուն-զոհին/
     

  2. Հայ մարդ says:

    Տարօրինակ ազգ ենք, ինչքան պարզ ու հասկանալի է դառնում, որ նիկոլն իր թիմով սպասարկում է միայն Թուրքիա-Ադբեջան-Ռուսաստան եռանկյունու ծրագրերը, այնքան հայերս ավելի ենք փակվում մեր անձնական ու ընտանեկան առօրյայի մեջ՝ հասարակական ոչ-մի լուրջ ընդվզում ցույց չտալով:
    Այսօր Կրեմլը պաշտոնապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից դուրս է հանում իր «խաղաղապահ» զորքերը, իսկ Ադրբեջանն էլ հայտարարեց, որ այդ տարածքների «խաղաղապահական» առաքելությունը ստանձնելու է ադրբեջանական ոստիկանությունը: Ցավոք ուշացումով, բայց պարզ դարձավ Կրեմլի կողմից իր գործակալ նիկոլին իշխանության բերելու գլխավոր ծրագիրը՝ ռուս-թուրքական տարածքային բազարների նոր ստատուս-քվոյի հաստատում, ինչպես միշտ՝ հայկական շահերի հաշվին: Դե ինչ, մավրն արեց իր գործը Արցախում և մավրը հեռանում է Արցախից: Բայց նիկոլը դեռևս պետք է ռուս-թուրքական դաշինքին՝ նա դեռ պետք է պատմական Հայաստանի հիշողությունները ջնջի Հայ ժողովրդի պատմության դասագրքերից և խմբագրի Թուրքիայի կողմից ցեղասպանված հայերի ամբողջ աշխարհին հայտնի թիվը՝ Էրդողանից ստացվող նոր տեղեկանքի հիման վրա: Այդ գործարքի հիմնական նպատակն այն է, որ ապագա հայ սերնդին «բացատրվի», որ թուրքերը մեր թշնամիները չեն եղել և նրանց հետ ճիշտ կլինի հաշտվել՝ մոռանալով հայկական պահանջատիրությունը:
    Եթե հայ ժողովուրդը հանդուրժի այս կործանարար ծրագիրը, տարիներ անց նիկոլը հավանաբար կհայտարարի, որ ինքը ոչ միայն չի նեղանում, այլ նույնիսկ հպարտանում է, երբ իրեն թուրք են անվանում:
    Իսկ ի՞նչ է հիմա անում հայկական ընդդիմությունը: Դատելով նրա զարկերակի ցուցմունքից, տպավորություն է ստացվում, որ նա կարծես թե սատկել է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930