Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հոգեբանական աջակցություն էին տրամադրում պատերազմի մասնակիցներին, որն այժմ շարունակվում է Կիրառական հոգեբանության կենտրոնում բացառապես անվճար

Ապրիլ 10,2024 09:00

Երևանի պետական համալսարանի 2008 թվականից գործող Կիրառական հոգեբանության կենտրոնը բազմաթիվ ծառայություններ է տրամադրում, սակայն քչերը գիտեն, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներին կենտրոնը բավականին ժամանակ է՝ անվճար խորհրդատվություն է մատուցում։ Հոգեբանական որոշ սեանսներ անցկացվում են մասնագետների կողմից, որոնք զուգահեռ դասախոսությամբ են զբաղվում։

ԵՊՀ դասախոս Մարինա Սահակյանը պատերազմի հաջորդ օրվանից գործընկերների հետ համատեղ սկսել է նախագիծ. հոգեբանական օգնություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին։

-Պատերազմի հաջորդ օրվանից մեր կենտրոնը, միանալով հոգեբանների մեծ թիմին, տարբեր հիվանդանոցներում մի քանի ամիս կամավորական աշխատանք էր իրականացնում. առաջին հոգեբանական աջակցություն էինք տրամադրում պատերազմի մասնակիցներին, որը այժմ շարունակվում է մեր կենտրոնում բացառապես անվճար։

Տղաները հաճախ բերում են նաև իրենց ընկերներին, բացի այդ, կենտրոնին դիմում են ծնողներ, բարեկամներ, ուսանողներ՝ հարազատին օգնություն ցուցաբերելու համար։

Քանի որ աջակցություն տրամադրվում է նաև զոհվածների ընտանիքներին, ուստի մասնագետի հոգեբանական պատրաստվածությունը, ըստ Մարինա Սահակյանի, նույնպես կարևոր է։

-Մենք ունենք գործընկերներ, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, բայց հրաժարվում են զինվորների հետ աշխատել, որովհետև դա բարդ աշխատանք է, և մասնագետը պետք է պատրաստ լինի հաղթահարել սեփական ապրումները,-ասում է հոգեբանը,-մենք՝մասնագետներս, զբաղվում ենք սեփական հոգեխնամքով։

Կիրառական հոգեբանության կենտրոնը համագործակցում է «Զինվորի տուն» կազմակերպության հետ, որտեղ Մարինա Սահակյանը աշխատում է որպես հոգեթերապևտ և մասնագիտական գործունեություն է ծավալում գերությունից վերադարձած զինվորների հետ։

Կենտրոնին կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման և տարբեր բուհերից, իսկ ԵՊՀ ուսանողների համար գործում են զեղչեր։ Ուսանողները կարող են դիմել ոչ միայն անհատական թերապիաների, այլ դասընթացներին մասնակցելու համար։

Կենտրոնի ասիստենտ Լիանա Մարգարյանը զուգահեռ սովորում է «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսում, պատմում է բազմաթիվ նոր ծրագրերի մասին.

-Եռաստիճան թրեյնինգ ենք սկսել, որը կոչվում է «Արտ թերապիա», նաև բռնության ենթարկված անձանց առանձնահատկությունների թեմայով թրեյնինգներ ունենք։ Օրինակ՝ «Բրեյնսփոթինգ» թրեյնինգին մասնակցել է 42 հոգի։ Այն միջազգային սերտիֆիկացված ծրագիր է, որը մեր կենտրոնը բերեց Հայաստան։

 

Դասընթացավարները կարող են լինել և՛ ԵՊՀ դասախոսներ, և՛ կենտրոնի աշխատակիցները։

Դավիթ Գևորգյանը, որ կենտրոնի տնօրենն է, նաև ԵՊՀ դասախոս է, իրականացնում է Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիան: 4 փուլից բաղկացած Էքզիստենցիալ հոգեթերապիան իրականացնում է հոգեթերապևտ Իզաբելլա Ղազարյանը: Մանկական հոգեթերապիան վարում է Կենտրոնի խորհրդատու և խմբավար Իրինա Խանամիրյանը։

Լիանա Մարգարյանի խոսքով դասընթացները և թերապիաները շարունակական են, պահպանվում են բոլոր նորմերը.

-Հոգեթերապիաները գաղտնի են ընթանում, որևէ մեկը չի իմանում այն տեղեկատվությունը, որի մասին խոսվում է Կենտրոնի պատերի ներսում։

Դասընթացները հիմնականում անցկացվում են առկա տարբերակով։ Կենտրոնը կարող է նաև աշխատանքային հնարավորություն տալ։ Ուսանողները «Վերապատրաստում» ծրագրի միջոցով կարող են 5 տարվա փորձ ձեռք բերել ՝ համալրելով մասնագետների շարքը։

Լենա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930