Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Էմին-Տերյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին․ «Գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է հրապարակի տոնածառից»

Հունիս 06,2023 20:22

ԵՊՀ նախկին խոսնակ, Oragir News կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանը փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի եւ Վաչե Սիմոնյանի հետ միասին այսօր լրատվամիջոցներին ասուլիսի էր հրավիրել «Հենարան» մամուլի ակումբ: Թեման իր նկատմամբ քաղաքական հետապնդումներն էին եւ իրավական կամայականությունները:

«Նախ, ուզում եմ ներողություն խնդրել, որ մեր երկրի համար այս ծանր եւ բախտորոշ օրերին, երբ մեծ խնդիրներ են ծառացած, ես ասուլիս եմ հրավիրել ինչ-որ իմաստով գուցե մանր հարցերի վերաբերյալ: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան միայն իմ անձը: Ես ուզում եմ խոսել իրավական այն բեզպրեդելի մասին, որն այսօր առկա է մեր երկրում եւ ինչը ես կոնկրետ իմ մաշկի վրա զգում եմ:

Ես արդեն շատ երկար ժամանակ թիրախավորված եմ իշխանությունների կողմից։ Թիրախավորված եմ դեռեւս ԵՊՀ-ից: Նաեւ կարծում եմ, որ այստեղ իմ անձը չէ խնդիրը, թեեւ իմ անձն էլ նշանակություն ունի, որովհետեւ կան որոշակի հարաբերություններ, որից ներկայիս բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ շատ ցավոտ հիշողություններ ունեն: Բայց ավելի շատ կարծում եմ՝ այստեղ տեսակների պայքարի հարց կա, որովհետեւ տեսնում եմ, որ թիրախավորված եմ ոչ միայն ես, այլեւ իմ նման մտածողները: Այսինքն, ինչ կատարվում է իմ նկատմամբ, տեսնում եմ նաեւ այլ մարդկանց պարագայում:

Ամենաառանցքային եւ ամենազավեշտալի գործը, որի մասին ուզում եմ խոսել հիմա, դա այսպես կոչված, «Տոնածառի գործն» է: Լաչինի փակումից երեք օր անց ես գրառում էի կատարել, որ ի նշան բողոքի պետք է վառել հրապարակի տոնածառը: Իմ գրառումից, գուցե, մի կես ժամ անց հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին հրապարակի տոնածառը: Հիշում եք այդ ցույցը, որ Աշոտյանին թույլ չէին տալիս մոտենալ տոնածառին ՝ ասելով, թե ձերոնցից ինչ-որ մեկը գրառում է կատարել: Մի կայք էլ գրել էր, թե ես ՀՀԿ-ամերձ խմբագիր եմ եւ այլն:

Դրա հաջորդ օրը Կենտրոնի փոխոստիկանապետը գալիս է մեր տուն, այսպես կոչված, «захват» խմբով, որ ինձ բռնեն-տանեն: Եվ պարզվում է՝ հրահանգ կա, որ ինձ նույն օրը պետք է մեղադրանք առաջադրվի: Եվ ինձ մեղադրանք է առաջադրվել քաղաքական, սոցիալական, ռասայական, սեռական ու չգիտեմ էլի ինչ հայացքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար:

Արդեն կես տարի ես ունեմ մեղադրյալի կարգավիճակ։ Ինձնից ստորագրություն է վերցված երկրից չբացակայելու մասին, բայց դեռեւս  ինձ չեն պարզաբանել, թե ում նկատի ունեն, թե  դատախազությունը ոնց է իմ գրառումը հասկացել, թե ում նկատմամբ է հնչել բռնության կոչ: Ես ինչ-որ ենթադրություններ ունեմ: Օրինակ, որ գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է այդ հրապարակի տոնածառից: Դա երեւի ռասայական խումբն է: Գուցե կա խումբ, որը հավատում է, թե այդ տոնածառով է Հայաստանը փրկվելու: Սա, գուցե, քաղաքական խումբն է: Գուցե, խումբ կա, որը տոնածառին նայելով, կներեք, գրգռվում է: Սա էլ երեւի սեռական խումբն է: Եվ իհարկե պետք չէ բացառել, որ ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոսն է ասել՝ պետությունը ես եմ, մենք էլ ունենք ղեկավար, որն ասում է՝ տոնածառը ես եմ: Եվ իմ գրառումն ընկալել է բռնության կոչ վարչապետի նկատմամբ:

Ողջ այս ընթացքում ես երկու անգամ եմ հրավիրվել: Հարցաքննությունը զավեշտալի մի բան էր: Սա իրավական բեզբրեդելի շատ ցայտուն օրինակ է, որովհետեւ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից են ռեալ բռնության կոչեր հնչում, բայց դրանց նկատմամբ դատախազության կողմից որեւէ արձագանք չի հնչում: Ավելին, հենց բռնության դեպքեր ենք տեսնում»,-ասաց Գեւորգ Էմին-Տերյանը եւ նշեց, որ ընդհանուր առմամբ կա դատական ինը գործ, որտեղ ինքը ներգրավված է, որոնցից մեկով դատարանը հայցի ապահովում էր կիրառել իրեն ԵՊՀ-ից նկատողության հիմքով աշխատանքից չազատելու համար, սակայն համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը չէր կատարել հայցի ապահովումը, ինչի համար նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց: Բանախոսն ասաց, որ իր տեղեկություններով շատ բարձր մակարդակի միջնորդություններ են եղել դա կանխելու համար։ Նա համոզված է, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նման մարդիկ գիտեն, որ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իրենց ոչինչ չի սպառնում։

«Այս առումով ես համալսարանում շատ լավ թիրախ էի, որով վախեցրին մնացած համալսարանականներին։ Իմ ենթադրություններից մեկն այն է, որ տոնածառի գործով հրահանգը եղել է շատ բարձր մակարդակից։ Եվ ենթադրում եմ, որ դա արել է անձամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Բանն այն է, որ ես իրեն հետ ծանոթ եմ շատ վաղուց եւ ինքը անձնական բաներ ունի իմ դեմ։ Նրա որոշ նախաձեռնություններ ես ձախողել եմ։ Օրինակ, երբ 2018-ի մայիսի 30-ին, երբ ինչ-որ ուսանողախուլիգանական խումբ ներխուժել էր համալսարան եւ իրենք հույս ունեին, որ այդ քայլով լուսահոգի Արամ սիմոնյանը պետք է հրաժարական տա։ Դա ձախողվեց եւ իրենք իրենց պիցցայի մնացորդները հավաքեցին գիտխորհրդի դահլիճից եւ հեռացան։

Իշխանության մարտավարությունը, մասնավորապես, իմ պարագայում, այն է, որ մարդկանց ներգրավում են դատական անիմաստ քաշքշուկների մեջ եւ դրանով խլում ժամանակ,նյարդեր,  ֆինանսական ռեսուրս եւ դա մարդկանց չեզոքացնելու ձեւ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930