Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը թույլ պետություն է

Հունիս 28,2023 13:30

Սա է Պրիգոժինի ձեռնարկած «խռովության» (կամ «ապստամբության») հիմնական դասը

Ամերիկացի քաղաքագետ Դեյվիդ Իսթոնն առաջարկել է քաղաքական համակարգն ուսումնասիրելու որոշակի մոդել, որում կենտրոնական դեր է խաղում «սեւ արկղը»: Դուք ինչ-որ բան եք մուտք անում այդ արկղի մեջ, որպեզի «ելքի վրա» ստանաք որոշակի արդյունք: Նույնը կարելի է տարածել պետության վրա: Ենթադրենք, դուք ուզում եք ունենալ կայուն ֆինանսական համակարգ, եւ «սեւ արկղի» մեջ ներմուծում եք ինչ-որ չափանիշներ (պարամետրեր): Եվ հանկարծ տեսնում եք, որ, օրինակ, «սեւ արկղից» դուրս է գալիս մի քանի տարադրամների շրջանառությունը, ընդ որում՝ օտար տարադրամն ավելի հարգի է, քան ձեր ազգայինը: Հիշո՞ւմ եք, 1990-ականներին որոշ ժամանակ Հայաստանում այդպիսի վիճակ էր: Հետեւաբար, սկզբնական, «մուտքային» պարամետրերը սխալ էին, եւ դրանք պետք էր փոխել:

Ռուսաստանը 2022 թվականին նպատակ էր դրել նվաճել Ուկրաինան, իսկ որպես «ելք» ստացել է իր՝ ոչ այնքան կազմակերպված Զինված ուժերը, որոնք 16 ամիս չեն կարողանում կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Բայց դա դեռ քիչ է՝ ստացել է նաեւ մի քանի անօրինական զինված կազմավորումներ, որոնցից առնվազն երկուսը՝ Կադիրովի եւ Պրիգոժինի խմբավորումները, դեռ մեծ գլխացավանք են պատճառելու պետությանը:

Հետեւաբար, 2022 թվականի փետրվարի 24-ին «սեւ արկղ» ներմուծած տվյալները սխալ էին: Ռուսական իրականությանը ինձնից լավ ծանոթ մարդիկ կասեն, թե որ պարամետրերն էին սխալ: Դրանցից մեկի մասին խոստովանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Կրեմլում չէին սպասում, որ Արեւմուտքն այդքան մեծ եւ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային: Դրան կարելի է միայն մի բան պատասխանել՝ պետք է սպասեիք: Բայց դա հաստատ միակ սխալ «մուտքային տվյալը» չէր՝ մնացածը թող մասնագետները նշեն:

Բայց ես կարող եմ ասել, թե ինչպես, որտեղից էին այդ «սխալ տվյալներն» առաջացել: Եթե կարճ` պատճառը պետության թուլությունն է՝ կարծր ավտորիտար ռեժիմի պայմաններում: Բանն այն է, որ ժամանակակից, իսկապես ուժեղ պետությունում որոշումներն ընունվում են հաշվարկելով, իրողությունները հաշվի առնելով, ոչ թե մեկ մարդու քմահաճույքի եւ կայսրական ֆանտազիաների հիման վրա: Այն, որ Վլադիմիր Պուտինը որոշել էր հարձակվել Ուկրաինայի վրա, վկայում է, որ Ռուսաստանում պետության առաջին դեմքը կտրված է իրականությունից՝ նա շրջապատված է քծնող պալատականներով, որոնց ուշքն ու միտքը թագավորին հաճոյանալն է եւ նրա մտքերը, մտադրությունները «որսալը»՝ «սիրելի ղեկավարի» դրվատանքին արժանանալու համար: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր վճռվում պատերազմի խնդիրը 2022 թվականի փետրվարի 22-ին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այդ խորհրդի անդամները բառիս բուն իմաստով դողում էին վախից՝ հանկարծ սխալ բառ չասելու համար:

Կիեւը չհաջողվեց վերցնել երեք օրում, ինչպես որ այդքան «գրագետ եւ բարեխիղճ» գեներալները հավաստիացնում էին Պուտինին: Պատերազմը ձգվեց: Եվ այդ պարագայում Ռուսաստանի նախագահը երկրորդ լրջագույն, գուցե ճակատագրական սխալը գործեց՝ նա թույլ տվեց, որ պատերազմին, բացի ՌԴ Զինված ուժերից, մասնակցեն անօրինական զինված խմբավորումները՝ այդ թվում «Վագները» եւ Կադիրովի զորքը: Ի դեպ, եթե երբեւէ նրանց միջեւ տեղի ունենա զինված բախում, դա հաստատ Ռուսաստանում բորբոքելու է ազգայնական կրքերը եւ ավելացնելու է Պրիգոժինի համակիրների թիվը, որոնք առանց այդ էլ քիչ չեն: Թույլ տալ մասնավոր անձին, ընդ որում` քրեական անցյալ ունեցող, շրջել քրեակատարողական հիմնարկներով եւ պատերազմի համար հավաքագրել քրեական հանցագործներին, ինձ թվում է՝ արկածախնդրության բարձրակետն է:

Պրիգոժինի զինյալները, դրսեւորելով մեծ վճռականություն ու դաժանություն, մեծապես օգնել են ուկրաինական Բախմուտ եւ Սոլեդար քաղաքների գրավմանը, արել են այն, ինչ ռուսական բանակը չի կարողացել անել: Դրանով են բացատրվում թե՛ Պրիգոժինի ամբիցիաները, թե՛ այն հանգամանքը, որ «Վագների» զինյալներն այժմ մեծ ժողովրդականություն են վայելում եւ, օրինակ, Դոնի Ռոստովից հեռանում էին ծափահարությունների ներքո: Վագներականներն իրենց 200 կիլոմետրանոց «արդարության երթի» ժամանակ լուրջ դիմադրության չեն հանդիպել, զինվորականության զգալի մասը նրանց համակրում է: Ռուսաստանում չկա պետական այն համակարգը, որը կարող է նման կազմավորումներին դիմադրել:

Եթե նույնիսկ Պրիգոժինը կորի բելառուսական անտառներում, միեւնույն է, ռուսաստանյան վերնախավի համար դա ազդանշան էր, որ Պուտինն այնքան էլ «մեծ» եւ «ահեղ» չի, եւ երկու տասնամյակ փառաբանված «իշխանության ուղղահայացը» արդյունավետորեն չի գործում: Պատերազմում էլ Պուտինի հեռանկարները, մեղմ ասած, կասկածելի են:

Ռուսաստանը չի կարող տոտալիտար երկիր դառնալ, որտեղ պետական համակարգը կարելի է զուտ ուժային ճանապարհով «բուռը հավաքել»: Ավտոկրատիան տեսնում ենք, թե ինչ հետեւանքների է բերում: Միակ ելքը ժողովրդավարացումն է: Բայց մինչեւ դրան հասնելը, ցավոք սրտի, այդ երկիրն անցնելու է երկար տարիների «խառնակ ժամանակներով»: Էլ չասեմ, որ մեզ՝ հայերիս, դա բացարձակապես ձեռնտու չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930