Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աբրահամյանին պատկանում են բացառապես այն գույքերը, որոնք իր անվամբ գրանցված են։ Ներկայացված թիվը փուչիկ է»․ փաստաբանը՝ Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից անշարժ գույք բռնագանձելու մասին

Հուլիս 07,2023 21:12
hovik abrahamyan

«Պարոն Աբրահամյանին պատկանում են բացառապես այն գույքերը, որոնք իր անվամբ գրանցված են։ Իսկ իր անվամբ գույքերի մասով նա ունեցել է բավարար միջոցներ դրա օրինականությունը հիմնավորելու համար։ Բայց այս գործընթացը մեզ համար խնդրահարույց է։ Մի դեպքում հիմք չեն ընդունում ներկայացված հայտարարագրերը, մի դեպքում հիմք չեն ընդունում գյուղատնտեսական գործունեությունից ստացած եկամուտները՝ ասելով, թե դրա հիմքերը չենք տեսնում։ Ներկայացված թիվը փուչիկ է»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ խոսքը շուրջ 59 անշարժ գույք բռնագանձելու մասին է, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի բռնագանձման գործով 6 ժամից ավելի տևած դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած հայցով պահանջում է ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք։ Բռնագանձման ենթակա է նաեւ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի առանձնատան արժեքը։ Հիշեցնենք՝ առանձնատունը նախորդ տարի Աբրահամյանները վաճառել էին գործարար Նարեկ Նալբանդյանին։

Փաստաբանը նշեց, որ դատական նիստի ընթացքում մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել․ «Դատական նիստի սկզբում կողմերից մեկի ներկայացուցիչը՝ պարոն Գրիգորյանը, միջնորդություն ներկայացրեց իր վստահորդի՝ Կարինե Աբրահամյանի մասով, որ արագացված դատաքննություն կիրառվի, քանի որ հայցն ակնհայտ անհիմն է․ այսինքն՝ որևէ հաստատող փաստաթուղթ չկա, որ այդ ընկերությունները պատկանում են իմ վստահորդին։ Ուղղակի դատախազությունը ոչ պատշաճ ուսումնասիրության արդյունքում չի նկատել այն խնդիրները, որոնք բարձրացվել են։ Բավականին ծավալուն փաթեթ ներկայացվեց կողմի ներկայացուցչի կողմից, որը պետք է ուսումնասիրության առարկա դառնար դատախազի կողմից ու համապատասխան գնահատական տրվեր։ Հատկանշական է այն, որ այս միջնորդության՝ նոր ներկայացված ապացույցներին պատշաճ գնահատական տալու համար դատախազն օբյեկտիվորեն արձանագրեց, որ իրեն առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք։ Դատարանը ընդամենը 30 րոպեով հետաձգեց նիստը դատախազի կողմից մի քանի հարյուր ապացույցներ ուսումնասիրելու համար։ Բնականաբար, դատախազը 30 րոպեում չէր կարող դա անել, ու այդ մասով առարկություն ներկայացրեց, և դատարանը կայացրեց այդ միջնորդությունը մերժելու մասին որոշում»։

Վարազդատ Ասատրյանը տեղեկացրեց, որ ինքը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը քննության չի ենթարկվել․ «Կողմի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունենալու մասով հիմնավոր փաստարկներ ունենք։ Չորս հիմքով դատարանին բացարկ եմ հայտնել։ Մի հիմքը այն էր, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը հայտնել էր, որ այս գործերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ հանրային շահ կա․ այսինքն՝ հանրային շահն էր կարևորը։ Իսկ դատարանը չի կարող մի շահը կարևորել։ Մյուս խնդիրն այն է, որ հայցվոր կողմը պարտավոր էր ներկայացնել հայցի հիմքերը, ինչը չէր ներկայացրել։ Դատարանն էլ պարտավոր էր պարզել։ 5000 թերթ գործ է, 300 թերթ հայցադիմում, ու դատավորի մոտ մեկ հարց չի առաջացել հիմքերի վերաբերյալ։ Ավելին, երբ դատախազը հիմքեր չի ներկայացնում, մենք պնդում ենք, որ ներկայացնի, որ հասկանանք՝ մոտ հիսուն դատավարության ներկայացուցիչներին ի՞նչ են մեղսագրում, այդպես էլ դա մնաց անպատասխան։ Դատարանն իր պարտավորությունը պատշաճ չի կատարել ու չի պարզել հայցի հիմքը»։

Փաստաբանն ասաց, որ դատախազությունը ներկայացրել է հայցի հիմքի առարկայի փոփոխություն, որի շրջանակներում միջնորդել է նոր արգելանք կիրառել․ «Դատարանը չէր թույլատրել այդ հայցի հիմքի փոփոխությունը, բայց կիրառել էր հայցի ապահովման միջոց, ինչն աբսուրդ է։ Մյուս հիմքն էլ ինքնաբացարկ ներկայացնելու դա էր։ Դատարանն այս միջնորդությունը քննության առարկա չդարձրեց՝ մեզ համար անհասկանալի հիմնավորմամբ, որ նախկինում նման միջնորդություն նույն փաստական հիմքերով ներկայացվել է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել»։

Ըստ Վարազդատ Ասատրյանի՝ դատախազությունն իրավունք չունի հայցի հիմքն ու առարկան փոխել, որովհետև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածները կտրականապես արգելում են այդ գործողությունը․ «Այսինքն՝ պիտի եզրակացություն լինի փոփոխության, ինչը չկա։ Ու երկրորդ ձևական մասով էլ նման միջնորդություն ներկայացնելուց առաջ պիտի բոլոր կողմերին ուղարկած լիներ։ Դատարանը այս փաստն էլ փորձեց անտեսել, բայց երբ երրորդ անձանցից մեկ-երկուսն աղմուկ բարձրացրին, որ իրենք այդ միջնորդությունը չեն ստացել, ստիպված դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 31-ը, որ կողմին իբրև ուղարկեն այդ առարկությունները։ Այնինչ դա պետք է թողներ առանց քննության»։

Փաստաբանի ներկայացմամբ՝ իրենց համար հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունեն այս գործողությունները․ «Այդ գործողություններով այդ կառույցն իր նկատմամբ վստահությունը կորցնում է։ Երբ մեզ համար գործընթացը դառնում է անհասկանալի, նաև պաշտպանություն կառուցելու խնդիր ենք ունենում, և անհասկանալի է դառնում այս գործընթացի ողջ բովանդակությունը։ Երբ նման գործիքակազմով են փորձում գույքը հետ բերել, մեզ համար խնդրահարույց է։ Մենք բոլորս էլ այդ ինստիտուտին լավ ենք տրամադրված, քանի որ ինքը նորմալ է․ պետություններում, եթե կա ապօրինի գույք, պետք է հետ ստանան։ Բայց նաև այդ հետ ստանալու գործընթացը պետք է լինի իրավական, թե չէ ինքը խնդրահարույց է դառնում»։

Մեր հիշեցմանը՝ 59 անշարժ գույք բռնագանձելու մասին է խոսքը, փաստաբանն արձագանքեց․ «Պարոն Աբրահամյանն ունի միայն այն գույքը, որն իր անվամբ գրանցված է։ Մնացածը երրորդ անձանց, բարեկամներ, աշխատողներ և այլք։ Նույն կարգավիճակում կարող է ցանկացած մարդ հայտնվել, քանի որ ապահովագրված չէ։ Նույն տրամաբանությունը, որ մյուս անձանց գույքերի իրական շահառու դիտարկում են իմ վստահորդին, կարող են ձեր գույքերի մասով էլ դիտարկել։ Հետևաբար, այդ մեծ գույքերի ծավալը, որ կա, իրավաչափ չէ»։

Մեր հարցերին՝ իսկ Մոնումենտի առանձնատո՞ւնը, որը Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին էր պատկանում, վաճառվեց, ու բռնագանձման է ենթակա այդ առանձնատան արժեքը, Վարազդատ Ասատրյանը պատասխանեց․ «Առանձնատունը պարոն Արահամյանի անվամբ չի գրանցված։ Որդին առանձին սուբյեկտ է, տնտեսվարող և իր առանձին միջոցներն ունի, և մեկը մյուսին փոխկապակցելը, ընդորում, առկա տեղեկությունների պայմաններում՝ տրամաբանական չէ։ Կողմը որևէ գործարք կնքելուց զրկված չի եղել, ու օրենքով սահմանված կարգով գործարք են կնքել։ Դրա մասով էլ, երբ պահանջը ներկայացվել է, խնդրահարույց է։ Չվիճարկելով այդ գործարքի իրավաչափությունը՝ այդ գործարքից ստացված վարույթների իրավատեր են փորձում դառնալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31