Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհոգ մնացեք՝ մի տեղով դուրս կպրծնեմ, կգամ տուն»․ հարազատներին ասում էր պայթյունից մահացած զինծառայող Արման Բաբաջանյանը

Սեպտեմբեր 03,2023 10:09

«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայում վերապատրաստման կուրսեր էր անցել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց սեպտեմբերի 2-ին պայթյունի հետեւանքով մահացած մայոր Արման Բաբաջանյանի  ազգականը՝ Գոռ Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններումինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը եւ զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը։

Ըստ ականատեսների՝ պայթուցիկ նյութը տեղադրել են քարե ժայռերի մեջ, որից հետո փորձել են հեռակառավարման վահանակով կարգավորել գործողությունները։ Սակայն տեսնելով, որ չի պայթում, մոտեցել են այդ հատվածին, եւ այդ ժամանակ սարքն աշխատել է՝ տեղի է ունեցել պայթյուն։

Արման Բաբաջանյանը Սիսիանից է, 32 տարեկան։ Ամուսնացած է, ունի երեք տղա, որից երկուսը դպրոցական է, մեկը մանկապարտեզ է հաճախում։ Ավագ որդին 10 տարեկան է։

«Օգոստոսի 31-ին եկավ կնոջն ու երեխաներին Սիսիանից տարավ Գորիս։ Արձակուրդին կինն ու երեխաները Սիսիան էին եկել,  գործի բերումով վարձակալությամբ Գորիս էի մնում։ Պատահական հանդիպեցի՝ շտապում էր, ասաց  դիրքեր պիտի բարձրանամ, մի շաբաթ–կիրակի կգամ՝ հանգիստ կխոսանք»,-պատմում է Գոռը։

Ռազմական գործողությունների ժամանակ միշտ թեժ կետերում էր՝ 44–օրյա պատերազմին ու 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններին է մասնակցել։ Հարազատներին միշտ հորդորում էր՝ չանհանգստանալ, եթե օրերով չզանգի։ «Հո դիրքերում պարապ չե՞նք, որ զանգեմ անընդհատ։ Անհոգ մնացեք, ինձ բան չի լինի, մի տեղով դուրս կպրծնեմ՝ կգամ տուն»,-միշտ ասում էր Արմանը։

Լուսանկարը տրամադրել է  Արման Բաբաջանյանի ազգականը

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930