Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ապրել առանց հպարտության

Սեպտեմբեր 21,2023 10:00

Արեւելյան բռնապետությունները սիրում են խորհրդանշական տարեթվեր: Այդ առումով պատահական չեմ համարում, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ընտրել են սեպտեմբերի 21-ը՝ որպես վերջնական կապիտուլյացիայի օր: Այն Հանրապետությունը, որն ուղիղ 32 տարի առաջ ստեղծվել էր Արցախյան շարժման ազդեցության տակ եւ էականորեն՝ նաեւ արցախյան օրակարգով, 2023 թվականին նույն օրը հրաժեշտ է տալիս Արցախին:

Զուտ ձևականորեն երկրորդ կապիտուլյացիոն փաստաթղթի տակ կլինի Արցախի ղեկավարների ստորագրությունը: Բայց, կարծում եմ, ոչ մեկի լեզուն չի պտտվի նրանց ինչ-որ բանում մեղադրել: Այդ մարդիկ կանգնած էին երկընտրանքի առաջ՝ կա՛մ պաշտպանության բանակի լիակատար ոչնչացում, որին կհետեւեր զանգվածային սպանդը, կա՛մ՝ որոշակի, ոչ 100 տոկոսանոց շանս, որ արցախցիներին հնարավոր կլինի անվտանգ ձեւով տարհանել: Իրականում դա Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան է, Փաշինյանի իշխանության ստորացումն ու նվաստացումը:

Արցախը մենակ էր մնացել երկու հսկայական բանակների առջեւ նախեւառաջ այն պատճառով, որ Հայաստանն էր նրան մենակ թողել: Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ հատկապես Ռուսաստանի դիրքորոշումներն, իհարկե, անբարոյական են՝ հրեշավորության աստիճանի: Բայց նրանց դիրքորոշումն այլ կլիներ, եթե 120 հազար մարդու մեջքին լիներ Հայաստան պետությունը, եթե այդ պետության ղեկավարը «չհանձներ» արցախցիներին՝ հայտարարելով, որ նրանք ապրում են Ադրբեջանում:

Փաշինյանը, նրա թիմակիցներն ու կողմնակիցները դա չեն ընդունում: 2020 թվականի նոյեմբերին ես կարծում էի, որ նրանց ծպտունը դուրս չի գա եւ զարմանում էի, որ նրանք ոչ միայն խոսում են, այլեւ հոխորտում են, իսկ իրենց առաջնորդը վազվզում է մուրճով, սպառնում է իր ընդդիմախոսներին: Այն ժամանակ ես զարմանում էի: Այսօր զարմանքս տասնապատկվել է, որովհետեւ հիմա էլ են նրանք խոսում, ինչ-որ դավադրություններ եւ հեղաշրջումներ են «բացահայտում»: Ընդ որում, հնարում են ինչ-որ «հեղաշրջում», հետո պնդում են, որ այն հերոսաբար կանխել են: Դժվար է այդ, մեղմ ասած, աներեսությունը մեկնաբանել: Ինչպես ասում էր 20-րդ դարի ականավոր փիլիսոփա Գուրջիեւը, «փոքր հոգի» (душонка) ունեն բոլորը, իսկ հոգի ունենալու համար որոշակի ներքին աշխատանք է պետք:

Այսօր Հայաստանի վարչապետը հանդես կգա «տոնական» ուղերձով, կպատմի, թե ինչ ֆանտաստիկ հաջողությունների է հասել հանրապետությունը հինգ տարվա ընթացքում, կխոսի ինքնիշխանության մասին (իր կողմից տապալված), գուցե վերջում կխոստովանի, թե որքան է մեզ սիրում եւ հպարտանում մեզանով: Այդ ելույթները լսելու համար, իհարկե, ամուր նյարդեր են պետք:

Հպարտության մասին: Ուզում եմ հիշեցնել Փաշինյանի մեկ այլ գրառում: Դա մակագրություն է, որը նա տեղադրել է 2020 թվականի փետրվարի 8-ին՝ ավելի վաղ արված լուսանկարին, որտեղ «Տատիկ-պապիկի» ֆոնի վրա պատկերված են ինքն ու կինը: Մակագրության մեջ գրված է՝ «Արցախ՝ մեր հպարտություն, մեր ինքնություն, մեր սեր»: Հարց՝ հնարավո՞ր է արդյոք ապրել առանց հպարտության, առանց ինքնության, առանց սիրո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Պարզվում է առանց այդ ամենի կարող են հանգիստ ապրել եթե կա աշխատավարձ, պարգևավճար, պաշտոն։ Առանց պաշտոն չեն կարող, առանց ինքնասիրության և հայրենիքի ՝ կարող են

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930