Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հազարամյա պատմության ավարտը

Սեպտեմբեր 29,2023 14:00

Արցախում միշտ են ապրել հայերը: Համենայնդեպս, էթնոգրաֆիային (այդպիսի գիտություն կա) հայտնի չէ փաստ, որ Արցախում հայերից առաջ ուրիշ էթնիկ միավոր է բնակվել: Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա հայերի պատմության մեջ Արցախը բացառիկ նշանակություն ունի, քանզի Արցախը միակն է, որ անշեղորեն ունեցել է պետականակերպ ինքնուրույնություն:

Սկսած Վանի թագավորությանը հաջորդած ժամանակաշրջանից, Արցախը, երբեմն լինելով ընդհանուր հայկական պետականության կազմում, երբեմն` չլինելով, անշեղորեն պահպանել է պետականակերպ ինքնուրույնությունը` միաժամանակ ազգային ինքնության ձեւավորման եւ զարգացման հարցերում լինելով հայության կարեւորագույն կենտրոններից մեկը: Բնավ պատահական չէ, որ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցներից մեկը հիմնադրել է Ամարասի վանքում:

Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների Հայաստանի շրջանում, ինչպես եւ Հայաստանի «անտիկ» պատմության ու վաղ միջնադարում Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ Հայաստանի բաժանումների, այնուհետեւ 7-րդ դարի արաբական արշավանքների շրջանում պատմությանը հայտնի չէ դեպք, որ հայկական Արցախը (անկախ նրանից, թե որ տերության գերիշխանությունն է ճանաչել) պետության կամ պետական ինքնավարության ատրիբուտներ չի ունեցել:

10-րդ դարում Բագրատունյաց թագավորության անկման պահին Արցախում արդեն իսկ գործում էին կայուն պետականակերպ ինստիտուտներ` հայկական իշխանությունների տեսքով: Հետագա իրադարձությունները` 11-րդ դարի սելջուկ-թուրքական ցեղերի ներթափանցումը տարածաշրջան, 12-րդ դարում Զաքարյանների իշխանապետության ազատագրական պատերազմները, 13-րդ դարի մոնղոլական արշավանքները, 14-րդ դարի Լենկ Թեմուրի արշավանքը, 15-րդ դարում կարա-Կոյունլուների, հետո նաեւ աղ-Կոյունլուների տիրապետությունը, Հարավային Կովկասի համար 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմները  զգալի վնասներ են հասցրել, բայց որպես հայկական պետականակերպ միավորում՝ Արցախը պահպանվել է:

Ավելին՝ արդեն 18-րդ դարասկզբին Արցախի ինքնավար իշխանական (մելիքական) տները սղնախներ՝ դժվարամատչելի ռազմական ամրություններ էին ստեղծել: Արցախի իշխանները քաղաքականապես այնքան էին ինքնուրույնացել, որ ժամանակ առ ժամանակ հրաժարվում էին Պարսկաստանին հարկեր վճարելուց, հարաբերական հաջողությամբ դիմակայում էին թուրք օսմանների հարձակումները, իսկ արդեն սղնախությունների հիման վրա ձեւավորված Խամսայի մելիքությունները հայության ազատագրական շարժման գլխավոր կենտրոնն էին եւ հայկական անկախ պետության վերաստեղծման հարցերով շփումների մեջ էին Ռուսաստանի եւ եվրոպական տերությունների հետ:

Մինչեւ 19-րդ դարի սկիզբ (սկսած Նադիր Շահից, վերջացրած Աղա Մուհամմադ շահով եւ Ֆաթալի շահով) Պարսկաստանը տարբեր մեթոդներով փորձում էր իր տիրապետության տակ պահել պետական ինքնուրույնության ատրիբուտներ ունեցող հայկական Արցախը, բայց չստացվեց: Ի վերջո, 1813թ.-ին Գյուլիստանի պայմանագրով Արցախն անցավ Ռուսական կայսրությանը: Եվ, այդ անցումը ոչ թե նվաճված ինչ-որ տարածքի, այլ պետականակերպ միավորի՝ պարսկական տիրապետության տակ եղած նախկին վարչատարածքային սուբյեկտի անցում էր, թեեւ մելիքական տների ներքին երկպառակությունների եւ տարածաշրջանային ընդհանուր միջավայրի ազդեցության ներքո Արցախում իշխանությունն այդ պահին հայտնվել էր իսլամադավան Ջեւանշիր ցեղախմբի ձեռքում, ինչը ցարական իշխանություններն արագորեն վերացրեցին, որովհետեւ չէին կարող ժողովրդագրական ճնշող մեծամասնությամբ հայկական միավորումում իշխել փոքրաթիվ ցեղախմբի ներկայացուցիչները:

1917թ.-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո Արցախը կրկին հայկական պետականանման միավոր էր, վարչատարածքային կազմավորում՝ պետական կառավարման մոդելով (ի դեմս Արցախի ազգային խորհրդի), որին տիրապետելու հավակնություն ուներ 1918թ.-ին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը: 1921թ.-ին որպես հայկական ինքնավարություն (ԼՂԻՄ) ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ 70 տարի Արցախը ԽՍՀՄ օրենքներով շարունակում էր պահպանել պետականակերպ ինքնուրույնությունը՝ լեզվով, դպրոցով, ազգային մշակույթով եւ կառավարման համակարգով:

1991թ.-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի եւ համայն հայության օգնությամբ հաղթեց Ադրբեջանին պարտադրված պատերազմում եւ մինչեւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմը հանդիսացավ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող հայկական պետություն: Անհիշելի ժամանակներից մինչեւ 2023թ. Արցախը երբեք ու ոչ մի ժամանակաշրջանում չի կորցրել հայկականությունն ու հազարամյա պետականակերպության ավանդույթը:

2023թ. սեպտեմբերին բոլոր կողմերից դավաճանված ու լքված Արցախը դադարեց գոյություն ունենալ: Եվ իհարկե սխալ չեն այն պնդումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է Արցախը հայկական պահելու 30 տարիների համայն հայության ջանքերն ու զրկանքները, իմաստազրկել է վերջին 30 տարիների հայերի քաղաքական պատմությունը, «ջուր է դարձրել» վերջին 30 տարիներին Արցախի հայկականության համար հայերի թափած արյունը:

Բայց Նիկոլ Փաշինյանի բերած աղետի մասշտաբը շատ ավելի մեծ է, քան այս պահին գիտակցվում է. հոմո սապիենսի պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրելու, պատմության մեջ առաջին անգամ վերացավ հայերի պետական ավանդույթի կրող միավորը, քաղաքական իմաստով՝ հազարամյա պետականության հիշողության գենը կրողը: Նիկոլ Փաշինյանը ավարտեց հազարամյա պատմությունը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Պ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
28.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930