Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի սերիալային քարոզչական ագրեսիան. Հայաստանը կրկին կաղում է

Նոյեմբեր 10,2023 19:44

Թուրքական սերիալները լայն տարածում ունեն աշխարհում։ Հայաստանում ևս կան մեծ թվով դիտողներ՝ հիմնականում որևէ միջնորդ լեզվով և համացանցային ռեսուրսների միջոցով։

Ուսանողուհի Ա. Ս.-ն դիտում է թուրքական ժամանցային սերիալներ։ Ասում է՝ բավականին հետաքրքիր և  սյուժեներով հարուստ սերիալներ է ստեղծում Թուրքիան. «Արդեն մի քանիսը նայել եմ, կարող եմ ասել, որ սերիալներում գրեթե միշտ գեղեցիկ դերասաններ են խաղում։ Վայրերը, քաղաքները շատ գեղեցիկ են ներկայացվում։ Դիտելու հիմնական նպատակը Թուրքիայի մշակույթին, ավանդույթներին ծանոթ լինելն է, կարծում եմ, որ թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է նրան մոտիկից ճանաչել»։

Ապագա թյուրքագետ Լուիզա Համբարձումյանն էլ, օրինակ, դիտելով ֆիլմերն ու սերիալները հենց բնօրինակով, թուրքերեն է սովորում և փորձում լեզուն էլ ավելի ամրապնդել. «Ֆիլմերն ու սերիալները նայելիս նկատել եմ, որ թուրքերն իրենց առիթներին միշտ  տոլմա են առաջարկում հյուրերին՝ ներկայացնելով այն որպես ազգային ուտեստ՝ այդպիսով լսարանին ցույց տալիս, թե տոլման թուրքական է։ Որոշ սերիալներում անդրադառնում են նաև հայերի կերպարներին. Բայց ոչ դրական լույսի ներքո»։

Թյուրքագետ Նաիրա Պողոսյանը բերում է օրինակներ. «Առաջին անգամ հայի կերպար երեւացել է «Աբդուլ Համիդ» սերիալում, որտեղ հայերը հանդես էին գալիս իբրև դավաճաններ, չնայած՝ նրա խոսքով՝ թուրքական ավանդական քարոզչությանը համապատասխան  այն հայերը, որոնք դուրս էին եկել սուլթանական իշխանության դեմ, տարանջատվում էին մյուս հայերից, որոնք կայսրության հասարակ բնակիչներ էին եւ որոնցից մեկի համար անձամբ Սուլթանը ոտք էր պատրաստել, քանի որ կաղում էր և չէր կարողանում քայլել։

Քարոզչական նպատակներով հայի կերպարը նաև օգտագործվում է, որպեսզի ցույց տրվի, թե Օսմանյան կայսրությունում ինչքան խաղաղ են ապրել տարբեր համայնքների ներկայացուցիչներ»:

Թուրքական ֆիլմերի և  սերիալների արտադրության մեջ մեծ է Թուրքիայի քաղաքական իշխանության ազդեցությունը։ Թուրքական կինոարտադրությունը բավական հետամնաց է եղել մինչև նախորդ դարի 70-ականները։ 21-րդ դարում, սակայն, սկսել է մեծ վերելք ապրել։ Դատելով առանձին սերիալների սյուժետային մասշտաբայնությունից և պատմական մոտիվներով սերիալներում դեկորացիաների, զգեստների կատարված ակնառու դետալային աշխատանքից՝  նման նախագծերում հսկայածավալ ներդրումներ են կատարվում։

Կինոռեժիսոր և ֆիլմարտադող Հովհաննես Գալստյանն ասում է, որ նրանք վաղուց արդեն անցել են բոլիվուդին (հնդկական), կորեական, մեքսիկական սերիալներին և հիմա մրցակցում են ամենախոշոր սերիալային ինդուստրիայի՝ հոլիվուդի հետ, ուստի արդեն 2-րդ տեղում են աշխարհում։

Ինչու՞ են ֆիլմերն ու սերիալներն այդքան կարևոր Թուրքիայի համար։

Տեղեկատվական այս դարաշրջանում սերիալներն ու ֆիլմերը հզոր զենք են. բացի կոմերցիոն նպատակները, դրանք հնարավորություն են տալիս ֆիլմարտադրող երկրներին իրականացնել  կոնկրետ հեռահար քարոզչական նպատակներ՝ հատկապես տվյալ երկրների բրենդի ձևավորման, մշակույթի հանրահռչակման և քաղաքական թեզիսներ զարգացնելու համար։ Մեդիափորձագետ Զարուհի Սարգսյանի խոսքով՝ ֆիլմերն ու սերիալները մեդիայի մի մասն են: Սկզբում դրանք համարվում էին գովազդային խնդրի լուծման միջոց, բայց այժմ մշակութային և սոցիալական իմաստներ փոխանցելու ուժեղ գործիքներ են, որոնք, ունենալով հստակ մեդիաուղերձներ, ազդում են մարդկանց կարծիքի, մտածելակերպի և ցանկությունների վրա։

Թուրքական սերիալները, ըստ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի, ունեն 3 նպատակ.

Առաջին՝ աշխարհով մեկ սփռված 200 մլն թյուրքալեզու բնակչությանը տալ իդենտիֆիակցիոն կոդ, մշակութային սնունդ։

Երկրորդ՝ աշխարհին ներկայացնել թյուրքական ինքնությունը։ Թուրքերի սերիալները հիմնականում երկու ժանրական տիպի են՝ պատմական և ժամանցային, պատմական սերիալներում ներկայացվում է Թուրքիայի պատմությունը (բնականաբար կեղծված և չափազանց դրական լույսի ներքո) և Օսմանական իմպերիայի կայացումը։ Ամենատիպիկ օրինակը հենց այս տարի  Disney +-ի հետ թողարկած 6 էպիզոդանոց «Աթաթուրք» սերիալն էր, որը ամենաթանկարժեքն է՝ 8 միլիոն դոլար արժողությամբ, կինոռեժիսորի խոսքով՝ եթե չլիներ  հայկական լոբբին (հիմնականում ԱՄՆ-ի), որը պահեց «Աթաթուրք»-ի անհավանական տարածումը աշխարհում, դա իրենց ամենահաջողված սերիալը կլիներ, իսկ հիմա այն կոմերցիոն իմաստով շահութաբեր չէ։

Ժամանցային սերիալները պարզ կենցաղային մելոդրամաներ են, որտեղ ցույց են տալիս թուրքական նիստ ու կացը, կենցաղը, թուրքական ընտանեկան արժեքները։

Թուրքական  սերիալների երրորդ նպատակը տնտեսության խթանումն է։ Միայն անցած տարվա տվյալներով  սերիալներն ունեցել են 700 միլիոն հանդիսատես ամբողջ աշխարհում։ Ըստ կինոռեժիսորի՝ սա անհավանական մեծ թիվ է. անցած տարի սերիալները Թուրքիայի տնտեսության մեջ կես միլիարդ դոլարի ներհոսք են ապահովել։

Պատահական չպետք է համարել, որ թուրքական սերիալներում երբեմն անդրադառնում են Արցախյան հիմնախնդրին։

«Դեռևս 2018 թվականին նույն «Աբդուլ Համիդ» ֆիլմում Սուլթանն ասում էր, որ Լաչինը ազատագրելու համար Օսմանյան կայսրությունը մշտապես կանգնած է լինելու Բաքվի կողքին, և այդ միտքը հայտնում էր Ռուսաստանի դեսպանին։ Այսինքն՝ պատերազմից դեռ 2 տարի առաջ, կարծես, թուրք-ադրբեջանական համագործակցության սցենարը գրված-ներկայացված էր։ Ոչ միայն պատմական, այլև ժամանցային սերիալներում դիտողը ականատես է լինում Թուրքիայի ուժեղ աջակցությանը Ադրբեջանին, քանի որ որոշ դրվագներում խոսվում է Ադրբեջան գնալու կամ ադրբեջանցիներին աջակցելու մասին, որոշ տեղերում տեսնում ենք ադրբեջանական դրոշներ. սրանք հիմնականում ուղղված են ներքին լսարանին»,- նշում է թյուրքագետ Նաիրա Պողոսյանը։

Թուրքական սերիալները քարոզչական առումով անգամ թշնամուն են ստիպում այլ կերպ վերաբերվել իրենց։ Ն․ Պողոսյանը պատմում է, որ Հունաստանում արդեն 15 տարի է՝ թուրքական սերիալները տարբեր հեռուստաալիքներով հունարեն թարգմանությամբ մատուցվում են լսարանին։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ Հունաստանում շատ տարածված թուրքի՝ իբրև թշնամու կերպարի նկատմամբ հանրային ընկալումները մեղմացել են հենց սերիալների ազդեցության շնորհիվ։

Սերիալները, թուրքական աշխարհում, շարունակում են դիտարկվել որպես քաղաքական քարոզչության հեռանկարային և ագրեսիվ գործիք։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան պլանավորում են ֆիլմարտադրության համատեղ նախագծեր իրականացնել։

«Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների 3-րդ կինոփառատոնը, որի նշանաբանն էր. «Շուշին՝ (Շուշան) թյուրքալեզու երկրների մշակութային մայրաքաղաք։  Կինոփառատոնի ժամանակ Ադրբեջանի  մշակույթի նախարարը գովաբանել է թուրքական կինոինդուստրիան և  հայտարարել է, որ իրենք այս պահին քննարկում են և շուտով կհրապարակեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ֆիլմերի և սերիալների արտադրության համատեղ ծրագրի մասին»,- ասում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը դրա համար ֆինանսներ չի խնայի, իսկ Թուրքիան չի խնայի խորհրդատվություն և կտրամադրի իր լավագույն դերասաններին, օպերատորներին, տեխնիկական անձնակազմը, որպեսզի ադրբեջանական կինոինդուստրիան բարձրացնի։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանը չի ստեղծում  ֆիլմեր, սերիալներ, որոնք ոչ միայն դուր կգան ներքին և արտաքին լսարանին, այլ նաև կնպաստեն հայ ազգի պատմության, ինքնության, ավանդույթների ու մշակույթի համաշխարհայնացմանը և ճանաչելիությանը։

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դա բացատրում է նրանով, որ՝ «Ոչ ոք մեր սերիալները արտադրողների առաջ նման խնդիր չի դնում։ Թուրքական սերիալները ցույց են տալիս գեղեցիկ դերասանների կողմից ներկայացված գեղեցիկ պատմություններ գրավիչ տարածքներում, իսկ մենք անում ենք դրա ճիշտ հակառակը»։

Նրա խոսքով՝  դեռ 20-րդ դարում Սովետական կառավարությունը հայ կինոռեժիսորներին քաջալերում և ֆինանսավորում էր, պարտադրում էր անել բարձրարժեք կինո խորհրդային կայսրության իմիջը աշխարհում բարձրացնելու և խորհրդային բնակչությանը բարձրարժեք մշակութային սնունդ տալու համար։ Կոնկրետ Թուրքիայի դեպքում կառավարությունը 30% ֆինանսավորում է սերիալների արտադրությանը և հետևաբար ունի իր ազդեցությունը դրանց վրա։

Գալստյանը համարում է, որ լավ կինո և սերիալային արտադրանք տալու, Հայաստանից դուրս ներկայացնելու և ներկայանալի լինելու համար անհրաժեշտ է, որ երկրի կառավարությունը ֆինանսապես աջակցի  և կարևորագույն խնդիրներ դնի  կինոարտադրողների առաջ։

Իսկ քանի դեռ դա չունենք, հայկական սերիալային «ինդուստրիան»  կշարունակի խարխափել անորոշությունների, անճաշակության, և միայն ներքին լսարանի այսրոպեական պահանջարկը բավարարելու մակերեսային մոտեցման ճիրաններում։

 

Լիլիթ Ապրեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930