Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանը նույն «ֆասթ թրեքին» պետք է արժանանա, ինչին արժանացել են Ուկրաինան և Վրաստանը»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Նոյեմբեր 11,2023 14:15

Բրյուսելում անցկացված «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովի ընթացքում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն կարևորեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փաթեթի նախագիծ մշակեն, կարմիր գիծ գծեն․ «Զգուշացնենք Ադրբեջանին, որ եթե դուք փորձեք ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որևէ քայլ կատարել, ապա այս նախապատրաստած փաթեթն ավտոմատ կերպով կիրառվելու է։ Բայց պատժամիջոցների հետ կապված որոշումները պետք է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը ստանա․ եթե որևէ պետություն վետո կիրառի, գործընթացը կանգ է առնելու»։

Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնակայանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը Բրյուսելում, Մադրիդում և այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյի հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց հայ ռազմագերիների հարցը։

Նա փաստեց՝ Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ, որի տնտեսության 60 տոկոսը կախված է Եվրոպայից, արհամարհում է ԵԽ կառույցների որոշումները և հարցրեց՝ ինչպե՞ս կարող է Եվրոպան ստիպել Ադրբեջանին հետևել միջազգային իրավունքին, արդյոք օրակարգո՞ւմ են Ադրբեջանի դեմ պատժամիջոցները մարդկության դեմ գործած հանցագործությունների պատճառով։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ասաց՝ այս խնդիրները լուծելու համար ավելի լավ ռազմավարական հաղորդակցություն պետք է ապահովել, նաև պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որը շրջապատված է բռնապետական երկրներով։

Հիշելով պատմությունը՝ պատգամավորն ասաց՝ հնարավոր չի եղել համագործակցել բռնապետական ռեժիմների հետ․ «Մյունխենում գիտեք այդ փորձը․ մի տարի հետո երկրորդ  համաշխարհային պատերազմը սկսվեց։ Տարիների ընթացքում այդ մոտեցումը չի աշխատել, չի էլ աշխատելու, որովհետև դրա պատճառը բռնապետական ռեժիմներն են։ Երբ դուք իրենց վայրի մոտեցումներին արձագանքում եք բանակցային, միջնորդական գործունեությամբ, ապա իրենք դա ընկալում են՝ որպես թուլության նշան և տեսնում են՝ որպես կանաչ լույս, որ կարող են իրենք իրենց գործը շարունակել։ Ես ուզում եմ ազնիվ ու անկեղծ լինել։ Մենք փորձում ենք մեր կառավարությունների հետ աշխատել, ճնշում գործադրել, Ֆրանսիայում ՀՀ-ի շատ ազդեցիկ սփյուռք կա, ես էլ իտալացի եմ, մենք նաև Իտալիայում ունենք համայնք՝ սկսած հռոմեական կայսրության տարիներից։ Բայց շատ կուսակցություններ բավարար ողջամիտ չեն, նույնիսկ մադամ Մելոնին՝ մեր նախկին կառավարության ներկայացուցիչը, հիմա արդեն վարչապետ է։ Նրա հիմնական առաջին քայլերից մեկը ադրբեջանական ռազմական օդանավեր վաճառելն էր։ Իրենք, փաստորեն, իրենց մոտեցումներում այդքան էլ հետևողական չեն։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանին չի կարելի վաճառել այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են վնասել Արցախի բնակչությանը կամ այն անձանց, որոնք հիմա կրում են Արցախից բռնի տեղահանման հետևանքները»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը փաստեց՝ Ադրբեջանը շատ ավելի է կախված եվրոպական շուկայից, քան մենք ենք կախված իրենց գազից․ «Սա կարևոր է արձանագրելը։ Իհարկե, հասկանում եք, որ մենք հիմա էներգետիկ ճգնաժամի ենք բախվում, բայց եթե մենք մի բռնապետական ռեժիմից, որն է Ռուսաստանը, անցնենք մեկ այլի, ապա ի վերջո Եվրոպայի անվտանգությունը չի կարող բարելավվել»։

Պատգամավորն ասաց՝ առաջին անգամ չէ, որ լսում է արտադատական հաշվեհարդարների մասին․ «Նաև լսել եմ, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները։ Բայց մյուս կողմից ՀՀ-ն Հռոմի ստատուտն է վավերացրել, աշխատում է այն ուղղությամբ, որ ապահովի բոլոր միջազգային հանձնառությունները։ Մյուս կողմից ունենք Ադրբեջան, որն ասում է՝ թքած ունենք՝ ինչ եք ասում մեզ․ միջազգային արդարադատություն չի հարգում, բայց դա պետք է արձագանքի արժանան։ Իմ կարծիքով՝ նման երկրները պետք է իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրեն։ Պետք է ապահովենք տեղեկատվություն, հաղորդակցություն և մոբիլիզացիա։ Բոլորս պետք է կոնկրետ կառավարությունների վրա ճնշում գործադրենք և ասենք, որ հենց հիմա է գործելու ժամանակը, հակառակ դեպքում գալիք տարիներին այս գործողությունները կրկնվելու են։ Սա նաև կբարձրացնի մեր գործողությունների վստահության մակարդակը»։

Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն հիշեցրեց՝ Եվրոպայում ընտրություններ են լինելու և ասաց՝ պիտի ցույց տան, որ աշխարհում չնայած տարբեր ճգնաժամերի առկայությանը, ՀՀ-ն պիտի լինի գերակայություններից մեկը․ «Մենք պետք է ցույց տանք, որ մենք կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում աջակցության տեսանկյունից։ Պետք է այս հանձնառությունների իրականացումը շարունակենք, որ ռեալ պոլիտիկը և բիզնեսը չհաղթեն։ Հայաստանը նույն «ֆասթ թրեքին» պետք է արժանանա, ինչին արժանացել են Ուկրաինան և Վրաստանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930