Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է հորմոնալ անհավասարակշռությունը դրսևորվում կանանց ու տղամարդկանց առողջության վրա

Հունվար 12,2024 09:30

Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք արտադրվում են ներզատական համակարգի գեղձերի կողմից։ Դրանք անհրաժեշտ են օրգանիզմի հիմնական գործընթացների կարգավորման համար, օրինակ՝

  • նյութափոխանակության,
  • արյան մեջ շաքարի մակարդակի,
  • աճի ու զարգացման,
  • զարկերակային ճնշման,
  • վերարտադրողական փուլերի ու սեռական գործառույթի,
  • տրամադրության և այլն։

Ուստի պատահական չէ, որ հորմոնալ խանգարումներն ու անհավասարակշռությունը այդքան նկատելի են օրգանիզմի համար։

Ինսուլինի, ստերոիդների, աճի հորմոնի ու ադրենալինի անհավասարկշռությունը հավասարապես ազդում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վրա։ Սակայն, կախված սեռից, հորմոնալ խանգարումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ՝  կանանց մոտ կարող է նկատվել էստրոգենի ու պրոգեստերոնի անհավասարակշռություն, իսկ տղամարդկանց մոտ՝ տեստոստերոնի մակարդակի տատանումներ։

Ախտանշաններ

Հորմոնալ անհավասարակշռության ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված սեռից ու ներզատական համակարգի խնդիրներից։

Կանանց մոտ հանդիպող ախտանշանները

  • տրամադրության փոփոխություններ,
  • փորկապություն կամ փորլուծություն,
  • դաշտանային անկանոն ցիկլ,
  • չբերություն,
  • որովայնի կամ մեջքի ցավեր դաշտանի ժամանակ,
  • սեռական ցանկության կորուստ,
  • քաշի անբացատրելի ավելացում կամ կորուստ,
  • ոսկորների փխրունություն,
  • մազակալում (հիրսուտիզմ)
  • մաշկի ցան:

Հորմոնալ անհավասարակշռության ախտանշանները տղամարդկանց շրջանում

Տեստոստերոնի ցածր մակարդակը տղամարդկանց մոտ, սովորաբար, դրսևորվում է՝

  • սեռական ցանկության թուլացմամբ,
  • էրեկտիլ դիսֆունկցիայով,
  • մկանային զանգվածի կորստով,
  • մազերի աճի դանդաղեցմամբ, մազերի որակի փոփոխություններով,
  • կրծքավանդակի շրջանում ցավոտությամբ:

Հորմոնալ խանգարումների մասին վկայող ընդհանուր ախտանշաններ ու վիճակներ

Ակնե

Ակնեն, պզուկները առաջանում են մաշկի ճարպագեղձերի ավելցուկային աշխատանքի ժամանակ։ Ճարպի ավելցուկը խցանում է մաշկի ծակոտիներն ու բարենպաստ պայմաններ ստեղծում բակտերիաների աճի ու բազմացման համար։ Տեստոստերոն, էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնները կարող են ազդել մարդու ճարպագեղձերի աշխատանքի վրա։ Պրոգեստերոնի մակարդակի ավելացումը կապվում է հղիների շրջանում պզուկների առաջացման հետ։ Կանանց մոտ կարող են պզուկներ առաջանալ հետդաշտանադադարի շրջանում՝ կապված էստրոգենի ու պրոգեստերոնի մակարդակի փոփոխությունների հետ։
Դրանից բացի, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանանց մոտ հաճախ են նկատվում ակնեի ավելի ծանր ու կայուն դեպքեր։ Բժիշկները համարում են, որ անդրոգենային հորմոնների (տեստոստերոն) ազդեցության մեծացումը և ինսուլինի հորմոնների նկատմամբ ռեզիստենտությունը կարող է մեծացնել պզուկների առաջացման վտանգը։

Քաշի ավելացում

Հորմոնալ անհավասարակշռությունն ազդում է օրգանիզմի մի շարք գործընթացների վրա, որոնք հանգեցնում են քաշի ավելացման։ Այսպես՝
վահանաձև գեղձի հորմոնները կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունն ու էներգիայի այրումը։ Այդ գեղձի հորմոնների անբավարարությունը կարող է դանդաղեցնել նյութափոխանակությունը՝ հանգեցնելով քաշի ավելացմանը։ Դաշտանադադարի շրջանում էստրոգենի մակարդակի նվազումը նույնպես կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ նաև ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի, Քուշինգի համախտանիշի դեպքում առաջացող հորմոնալ խանգարումները։ Վերջինի դեպքում օրգանիզմում չափից շատ կորտիզոլ է արտադրվում։

Հղիություն

Հղիության ժամանակ կարող են փոփոխվել պրոգեստերոնի, էստրոգենի ու տեստոստերոնի մակարդակները, թեև դա ոչ միշտ է հանգեցնում անհավասարակշռության։ Որոշ հորմոններ էլ կարող են ազդել հղի կնոջ օրգանիզմի կողմից ինսուլինի օգտագործման վրա՝ հանգեցնելով հղիության դիաբետի զարգացման։

Մազաթափություն

Արական տիպի մազաթափությունը կապվում է անդրոգենային հորմոնների մակարդակի նվազեցման հետ, սակայն ոչ բոլոր տղամարդիկ են ունենում ճաղատության խնդիր, թեև հորմոնների մակարդակը տարիքի հետ փոխվում է բոլորի մոտ։ Բժիշկները մազաթափությունը նաև ժառանգական գործոնով են բացատրում։

Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է հորմոնալ որոշակի տատանումներ, սակայն հորմոնալ անհավասարակշռություն առաջանում է այն դեպքում, երբ ներզատական համակարգի աշխատանքը խաթարվում է։

Բժշկական վիճակներ, որոնք ազդում են հորմոնների արտադրության վրա

  • դիաբետ, որի դեպքում չի արտադրվում բավարար քանակությամբ ինսուլին,
  • հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ, որոնք առաջանում են վահանաձև գեղձի գերակտիվ կամ  ոչ ակտիվ աշխատանքի պատճառով,
  • Ադիսոնյան հիվանդություն, որի դեպքում մակերիկամները բավարար քանակությամբ հորմոններ չեն արտադրում,
  • Քուշինգի համախտանիշ, որի դեպքում մակերիկամները չափից շատ կորտիկոստերոիդներ են արտադրում,
  • ակրոմեգալիա, որը պայմանավորված է աճի հորմոնի գերարտադրությամբ,
  • հիպերգլիկեմիա, որը ենթադրում է գլյուկագոնի գերարտադրություն,
  • հիպոգլիկեմիա, որի դեպքում օրգանիզմն ավելի շատ ինսուլին է արտադրում, իսկ գլյուկոզի մակարդակն արյան մեջ ցածր է,
  • վահանաձև գեղձի հանգույցներ,
  • հիպոֆիզի ուռուցքներ,
  • էնդոկրին գեղձերն ախտահարող բարորակ ուռուցքներ կամ կիստաներ,
  •  մակերիկամների բնածին հիպերպլազիա (կորտիզոլի ցածր մակարդակ),
  • ներզատական գեղձերը, բջիջներն ախտահարող քաղցկեղ,
  • քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա,
  • յոդի անբավարարություն,
  • ժառանգական պանկրեատիտ,
  • Տերների համախտանիշ, որը զարգանում է միայն աղջիկների և կանանց մոտ՝ քրոմոսոմային արատի պատճառով,
  • անորեքսիա և այլն։

Հորմոնալ խանգարումներ առաջացնող այլ պատճառներն են՝

  • քրոնիկ սթրեսը,
  • սխալ սննդակարգը, թերսնուցումը,
  • ավելորդ քաշը,
  • հորմոնալ դեղամիջոցների ընդունումը,
  • անաբոլիկ ստերոիդ դեղամիջոցների չարաշահումը,
  • տոքսինների, աղտոտիչների ու քիմիական նյութերի ազդեցությունը և այլն։

Հորմոնալ անհավասարակշռության դրսևորումները՝ կախված սեռից

Կանայք իրենց կյանքի ընթացքում ունենում են հորմոնալ փոփոխությունների մի շարք շրջաններ, որոնք ներառում են՝

  • սեռահասունացումը,
  • դաշտանը,
  • հղիությունը, ծննդաբերությունը, կրծքով կերակրումը,
  • նախադաշտանադադարը, դաշտանադադարը, հետդաշտանադադարը։

Բժշկական վիճակներ, որոնք կարող են հորմոնալ անհավասարակշռություն առաջացնել կանանց մոտ․

  • Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ,
  • փոխարինող հորմոնաթերապիայի կամ հակաբեղմնավորիչների օգտագործում,
  • ձվարանների առաջնային անբավարարություն,
  • ձվարանի քաղցկեղ։

Տղամարդկանց կյանքում հորմոնալ բնական փոփոխությունները կապվում են սեռահասունացման, ծերացման գործընթացների, սթրեսի հետ։

Տղամարդկանց շրջանում հորմոնալ խանգարումներ առաջացնող հիվանդություններն են՝

  • շագանակագեղձի քաղցկեղ,
  • հիպոգոնադիզմ՝ սեռական գեղձերի անբավարարություն,
  • ամորձու վնասվածք և այլն։

Կենսակերպի փոփոխություններ, որոնք կարող են նվազեցնել հորմոնալ անհավասարակշռության ախտանշաններն ու առաջացման հավանականությունը

Հորմոնալ անհավասարակշռությունը ախտորոշվում է արյան, մեզի անալիզների, պատկերային հետազոտությունների (ՈւՁՀ, ՄՌՏ) միջոցով, և բժշկի կողմից նշանակվում է համապատասխան բուժում։ Դեռևս չկան հստակ ապացույցներ, որ բնական այս կամ այն միջոցները կարող են լիարժեքորեն շտկել օրգանիզմում հորմոնների մակարդակը, սակայն կենսակերպի որոշ փոփոխություններ կարող են դրական ազդել ինչպես ընդհանուր առողջության, այնպես էլ հորմոնների վիճակի վրա։ Ապրելակերպի այդ փոփոխությունները ենթադրում են՝

  • քաշի կարգավորումը,
  • սննդակարգի շտկումը,
  • մարմնամարզությամբ, յոգայով զբաղվելը,
  • անձնական հիգիենայի պահպանումը,
  • սթրեսի նվազեցումն ու կառավարումը,
  • ջերմահորդանքներ առաջացնող տրիգերներից խուսափումը՝ ինչպիսիք են շոգ եղանակը, ճարպոտ, տաք սնունդն ու ըմպելիքները,
  • թունավոր նյութերի, քիմիկատներ պարունակող միջոցների օգտագործման սահմանափակումը և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031