Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրի՛ր քեզ, գնահատի՛ր կյանքդ, հետազոտվի՛ր ժամանակին»․ Բժիշկ- ճառագայթաբան Մելինե Նավասարդյան

Հունվար 16,2024 09:30

Սքրինինգային հետազոտությունները կյանքեր են փրկում՝ մեզ հետ զրույցում հավաստիացնում է բժիշկ-ճառագայթաբան Մելինե Նավասարդյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ինչ կարևոր դեր ունեն կանխարգելիչ միջոցառումներն առողջության պահպանման հարցում։

-Աշխարհի առաջատար երկրներում շատ մեծ նշանակություն է տրվում սքրինինգային հետազոտություններին․ ո՞րն է այդ մոտեցման պատճառը։

-Իհարկե, խնդրի վաղ հայտնաբերումը, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ մարդու կյանքում։ Իմ աշխատանքում ինքս շատ կարևորում եմ կանխարգելիչ հետազոտությունները, որոնք փրկում են կյանքեր, հատկապես երբ մարդը ստիպված է լինելու բախվել մարդկության լրջագույն մարտահրավերներից մեկին՝ քաղցկեղին։

Պրոֆիլակտիկ տարատեսակ հետազոտություններին կից, կարծում եմ, մեծ դեր ունեն սքրինինգային հետազոտությունները, որոնք կանխարգելիչ համալիր միջոցառումներ են՝ ուղղված տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ նախքան որևէ ախտանիշի, գանգատի ի հայտ գալը։

Քաղցկեղի վաղ ախտորոշման համար իրականացվող սքրինինգային ծրագրերից Հայաստանի Հանրապետությունում հասանելի է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման Պապ թեստը, որն արդեն մի քանի տարի իրականացվում է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար անցկացվում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար իրականացվող մամոգրաֆիկ հետազոտություններ։

Աշխարհում կան քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային մի շարք ծրագրեր, որոնք լայնորեն կիրառվում են, օրինակ՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կողմից սահմանված ու խորհուրդ տրվող սքրինինգային հետազոտություններից են կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար իրականացվող Պապ թեստավորումը, կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար ադենոմաների վաղաժամ հայտնաբերումը կոլոնոսկոպիայի մեթոդով, թոքի քաղցկեղի դեպքում ցածր հաճախականության ՀՏ հետազոտությունները։ ԱՄՆ փոքր նահանգներում այլ սքրինինգային հետազոտություններ էլ են իրականացվում, օրինակ՝ շագանակագեղձի քաղցկեղի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված սքրինինգները։

-Սքրինինգային ո՞ր ծրագրերն են առավել արդիական հասարակության առողջության պահպանման համար։ Ո՞ր տարիքից սկսել մտածել այդպիսի հետազոտություններ անցնելու նպատակահարմարության մասին և ի՞նչ գործոններ հաշվի առնել։

-Քանի որ ներկայումս աշխատում եմ այնպիսի կլինիկաներից մեկում, որտեղ շատ են հետազոտվում շագանակագեղձի խնդիրներ ունեցող անձինք, կցանկանայի մասնավորապես անդրադառնալ շագանակագեղձի քաղցկեղին, որը շատ տարածված է մեր երկրում։ Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգը շատ կարևոր է, քանի որ վաղ փուլում քաղցկեղի այս տեսակը դուրս չի գալիս շագանակագեղձի սահմաններից, այդ պատճառով այն շատ դժվար է հայտնաբերվում վաղ փուլում։

Քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդությունները երիտասարդացել են, տղամարդկանց խորհուրդ է տրվում 40-45 տարեկանից սկսած 3-5 տարին մեկ հաճախականությամբ անցնել հետևյալ հետազոտությունները՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի քանակը որոշող PSA թեստ, շագանակագեղձի ՈՒՁՀ, և ըստ անհրաժեշտության, վերջնական ախտորոշման համար՝ շագանակագեղձի ՄՌՏ հետազոտություն, ինչպես նաև բիոպսիա (կենսազննում)․ սրանք այն առանցքային միջոցառումներն են, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը և այլն։

Հիմնականում տղամարդկանց շրջանում կարևորում ենք նաև 45-55 տարեկանից սկսած հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգը, որն իրականացվում է կոլոնոսկոպիայի միջոցով՝ ադենոմաների վաղ հայտնաբերման նպատակով։

Կարևորում ենք նաև վահանաձև գեղձի խնդիրների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային հետազոտությունները։ Ըստ ամերիկյան թիրեոիդոլոգիայի ասոցիացիայի, վահանագեղձի սքրինինգային հետազոտությունները պետք է իրականացնել 35 տարեկանից սկսած՝ 3-5 տարին մեկ հաճախականությամբ։ Վահանաձև գեղձի սոնոգրաֆիան և թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակը որոշող անալիզը վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման հնարավորություն են ստեղծում։

Ողջունելի կլինի, եթե Հայաստանի պոլիկլինիկաներում անցկացվող 14-15 տարեկանների համար նախատեսված սքրինինգային ծրագրում, երբ հետազոտվում է որովայնն ու փոքր կոնքի խոռոչը, ներառվի վահանաձև գեղձի հետազոտությունը։ Հասկանալի է, որ այդ ծրագիրը բավականին ծախսատար է լինելու, բայց դա կարևոր քայլ կլինի վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու հետագա բարդությունների կանխարգելման ուղղությամբ։

Վահանաձև գեղձի հետազոտությանը զուգահեռ նպատակահարմար ենք համարում կրծքագեղձի և փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը։

Հայտնի է, որ աշխարհումը տարեկան մոտ 1 միլիոն մարդ հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով, և դա ևս մեկ մարտահրավեր է։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտությունները կարելի է սկսել պոլիկլինիկաներից՝ սոնոգրաֆիայի միջոցով, թեև սքրինինգային հետազոտություն է համարվում մամոգրաֆիան, որը ցուցված է 38-40 տարեկանից, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, եթե կինը որոշում է արտամարմնային բեղմնավորման գնալ և այլ դեպքերում։ 40-44 տարեկանից կանանց խորհուրդ է տրվում 2 տարին մեկ անցնել մամոգրաֆիա, տարին մեկ՝ սոնոգրաֆիա, 45-55 տարեկանից ՝ տարին մեկ մամոգրաֆիա, տարին 1-2 անգամ՝ սոնոգրաֆիա։ Իհարկե, այստեղ չենք խոսում անհատական դեպքերի մասին, քանի որ յուրաքանչյուր դեպք իր մոտեցումն է պահանջում, ինչպես նաև լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է կոնկրետ խնդրով։

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններն են ժառանգականությունը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլը, սթրեսը, հորմոնալ ֆոնի խանգարումները, որոնք կնոջ կյանքում բազմաթիվ անգամներ են տեղի ունենում․ ահա թե ինչու կինը միշտ պետք է դինամիկ հսկողության տակ լինի։

Կարևորագույն սքրինինգների թվին են պատկանում հղիության սքրինինգները։ Հայաստանում իրականացվում են հղիության 3 սքրինինգներ՝ 11 շաբաթական 1 օրականից-13 շաբաթական 6 օրական ներառյալ, 18-22 շաբաթական և 32-34 շաբաթական ժամանակահատվածում։

Այս սքրինինգների նշանակությունը շատ մեծ է, քանի որ հնարավորություն են ստեղծում կանխել պտղի բնածին արատներն ու բազմաթիվ այլ խնդիրներ։

Աշխարհում կիրառվում է նաև դենսիտոմետրիայի սքրինինգը։ Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի դեպքում ոսկրի խտությունը որոշվում է ուլտրաձայնային ճառագայթների օգնությամբ՝ օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով։ Այս սքրինինգը թույլ է տալիս հատկապես դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ կանխարգելել ողնաշարի, հոդերի խնդիրները։

Հայաստանում անցկացվող կարևոր սքրինինգներ են նաև արյան մեջ խոլեսթերինի, գլյուկոզի մակարդակի, զարկերակային ճնշման, մարմնի զանգվածի ինդեքսի որոշման սքրինինգները։

Իհարկե, ցանկալի է, որ մեր երկրում հնարավորինս շատ սքրինինգային հետազոտություններ ներդրվեն առաջնային բուժօղակներում, որպեսզի մարդկանց ավելի մեծ շրջանակ ունենա անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն։

– Արդյո՞ք սքրինինգային հետազոտությունները, որոնք ներառում են ախտորոշման պատկերային միջոցների կիրառում, ինչպես նաև լրացուցիչ հետազոտությունները, օրինակ՝ բիոպսիան, վնասակար չեն մարդու առողջության համար։

– Բազմիցս ենք առնչվում այն թյուր պատկերացմանը, որ բիոպսիայի ժամանակ երբ դիպչում են հանգույցին, հանգույցը չարորականում է։ Դա, իհարկե, միֆ է․ ոչ մի բիոպսիայից ոչ մի հանգույց չի չարորականում, և ցուցման դեպքում պետք է անցնել բիոպսիա, քանի որ դա այն եզակի մեթոդն է, որը մեզ տալիս է վերջնական ախտորոշիչ պատասխան, դա վերաբերում է թե՛ վահանաձև գեղձի, թե՛ կրծքագեղձի, թե՛ շագանակագեղձի և այլ հանգույցներին։
Ինչ վերաբերում է պատկերային հետազոտություններին (ՀՏ, ՄՌՏ և այլն), իհարկե, որոշակիորեն ճառագայթման խնդիր կա, բայց երբ մի նժարի վրա ենք դնում առողջության համար դրական ու բացասական կողմերը, ապա դրականը նշանակալիորեն գերակշռում է բացասականին։

Ուստի կարևորագույն խորհուրդը, որ կարող եմ տալ յուրաքանչյուրին՝ սիրի՛ր քեզ, գնահատի՛ր կյանքդ, հետազոտվի՛ր ժամանակին՝ հիշելով, որ այդպիսով կարող ես նպաստել ոչ միայն քո, այլև քո սիրելի մարդկանց, ընտանիքի և ողջ հասարակության առողջության պահպանմանը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031