Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կրծքագեղձն այդքան խոցելի և ինչո՞ւ են կարևոր տարեկան կանոնավոր հետազոտությունները․ Անի Հակոբյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հնարավորությունների մասին

Հոկտեմբեր 30,2023 22:00

Հայ – Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Անի Հակոբյանի հետ զրուցել ենք կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների, կանխարգելման հնարավորությունների և ամենամյա կանոնավոր հետազոտությունների կարևորության մասին։

-Բժշկուհի Հակոբյան, նշվում է, որ «կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշում տարեկան աշխարհում ստանում է 1 000 000 կին։ Ինչո՞ւ է կրծքագեղձն այդքան խոցելի։   

-Կրծքագեղձը խոցելի է, որովհետև հորմոնկախյալ օրգան է, և օրգանիզմի բոլոր հորմոնալ փոփոխություններն ուղղակի ազդեցություն են ունենում կրծքագեղձի վրա, և պատկերացրեք կյանքի ընթացքում կանայք ինչքան հորմոնալ տեղաշարժերի են ենթարկվում, նաև սթրեսի, որը, կրկին հորմոնալ դիսբալանսի բերելով, ազդում է կրծքագեղձի վրա։

-Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները։

-Տարբերակում ենք կառավարելի և ոչ կառավարելի ռիսկի գործոններ։ Ոչ կառավարելի են այն գործոնները, որոնք կախված չեն մարդուց։ Առաջինը՝ մարդու սեռը․ լինել կին՝ նշանակում է ունենալ կրծքագեղձի քաղցկեղի մեծ ռիսկ․ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը 100 անգամ պակաս է, քան կանանց մոտ։

Երկրորդը՝ տարիքը, որի հետ կապված քաղցկեղի ռիսկը մեծանում է, և ամենաշատ դեպքերը գրանցվում են 60 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ։ Մյուս գործոնը, որն էլի կախված չէ մեզանից, գենետիկ նախատրամադրվածությունն է․ նշում ենք, որ այն ընտանիքները, որտեղ մայրական գծով՝ մոր, մորաքրոջ, տատիկի, ունեն քաղցկեղի դեպքեր, ավելի հաճախ երիտասարդ տարիքում՝ մինչև 40 տարեկանն են դրսևորվել, ապա այդ ընտանիքների կանայք պետք է ավելի զգույշ լինեն։ Այստեղ շատ կարևոր են BRCA 1 և BRCA 2 գեները, որոնք պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման համար, այսինքն օրգանիզմում այդ գեների առկայության պարագայում մենք պաշտպանված ենք քաղցկեղի գործոններից, եթե այդ գեները մուտացված են, ապա նվազում է մեր պաշտպանվածությունը քաղցկեղածին գործոններից։ Առայժմ հասանելի են այդ գեների մասին տեղեկությունները, բայց ոչ ոք չի կարող վստահեցնել, որ չկան էլի ինչ-որ գեներ, որոնք պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի համար։

Բացի մայրական գծից, այժմ նաև կարևորվում է հայրական գծի ծանրաբեռնվածությունը։ Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդու ընտանիքում այդ տղամարդու աղջիկները, որդիներն ու ազգականները պետք է շատ զգույշ լինեն։ Վերջերս ունեցանք մի դեպք, երբ ընտանիքի պապիկն էր մահացել կրծքագեղձի քաղցկեղից, հիվանդությունը հայտնաբերվեց իրենց հոր, այժմ էլ՝ որդու մոտ։

Նշեմ, որ այն կանայք, որոնց հայրերը ունեցել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ, ևս խոցելի են կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ։

Մեզանից կախված չէ նաև վաղ մենարխեի (առաջին դաշտան) գործոնը և ուշ դաշտանադադարը, այսինքն խնդիրը հետևյալն է՝  եթե կինն իր կյանքի ընթացքում ունենում է շատ դաշտանային ցիկլեր, այդ պարագայում ինքն ավելի խոցելի է, և երբ դաշտանը սկսվում է 12 տարեկանից շուտ և ավարտվում է 55-ից ուշ, բնականաբար կյանքի ընթացքում ունեցած ցիկլերի քանակը շատ է լինում։

Այստեղ կարևորում ենք նաև հղիությունների քանակը, որովհետև հղիությունների ընթացքում դաշտանային ցիկլը դադարում է, այն դադարում է նաև կերակրման հիմնական շրջանում։

Մեզանից կախված, այսինքն կառավարելի ռիսկի գործոններից են առողջ ապրելակերպը, չծխելը, կոֆեինի քիչ քանակը, մարզվելը, առաջնային հղիության պլանավորումը, քանի որ կարևոր է, որ կինը մայրանա մինչև 30 տարեկանը, մինչև 35 տարեկանը ինչքան շատ երեխաներ՝ կինը հեռու կլինի քաղցկեղից։ Նշեմ, որ ռիսկի գործոններից է նաև ուշ ծննդաբերությունը, հատկապես ուշ առաջնային ծննդաբերությունը։ Ինչպես նաև կարևոր է իմանալ, որ թեև կրծքով կերակրումը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը, բայց չարաշահել ընդհուպ մինչև 3-5 տարի, չի կարելի։

Իհարկե, անկախ ռիսկի այս և այլ գործոններից՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հստակ օրինաչափություններ չկան, և այժմ մեր գործունեության հիմնական նպատակը ոչ թե քաղցկեղ հայտնաբերելն է, այլ նախաքաղցկեղային վիճակները, որոնք չհայտնաբերվելու դեպքում ժամանակի ընթացքում դրսևորվում են որպես քաղցկեղ։

Անի Հակոբյան

-Նախաքաղցկեղային այդ վիճակների հայտնաբերման ինչպիսի՞ հնարավորություններ կան։ 

-Կրծքագեղձի քաղցկեղը միանգամից չի առաջանում, դրա ձևավորման համար պետք են տարիներ։ Հենց այդ ձևավորման շրջանում գոյություն ունի մինչմամոգրաֆիկ շրջան, երբ հնարավոր չէ անգամ մամոգրաֆիայով ֆիքսել խնդիրը և գոյություն ունի մինչկլինիկական շրջան, երբ քաղցկեղը դեռ կլինիկորեն շոշափելի չէ․ հենց այդ փուլի վրա է կառուցվում մեր ողջ սքրինինգային ծրագիրը՝ հաշվի առնելով, որ քաղցկեղի ձևավորման համար հիմնականում  պետք է 6-10 տարի, գուցե և ավելի։

Նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերելու համար այսօր շատ հնարավորություններ կան, որոնցից մեկը մամոգրաֆիկ հետազոտությունն է, հանձինս թվային մամոգրաֆիայի, 3 D ծրագրով շերտագրման, որտեղ միլիմետր առ միլիմետր շերտագրմամբ մենք կարողանում ենք զննել կուրծքը, կոնտրաստ մամոգրաֆիայի, որը թույլ է տալիս հայտնաբերել անգիոգենեզը, այսինքն՝ անոթավորումը՝ այն ակտիվ անոթային ցանցը, որն առաջինն է ձևավորվում քաղցկեղային օջախի շուրջը։ ՄՌՏ հետազոտությունը ևս մեծացնում է խիտ կրծքերի դիտարկման հնարավորությունը, իսկ խիտ կուրծքը ևս համարվում է ռիսկի գործոն։ Այսինքն կան բոլոր հնարավորությունները, և մնում է մեր կանայք գիտակցեն, որ եթե հայտնաբերում են քաղցկեղն այդ նախնական փուլում, ապա իրենք զերծ են մնում իրենց համար սարսափելի թվացող քիմաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու մեծածավալ վիրահատությունից։

-Վաղ հայտնաբերումն իսկապե՞ս բարենպաստ ելքի երաշխիք է։

-Եթե վաղ քաղցկեղը հայտնաբերվում է մինչև 1 սմ չափով, ապա մոտ 98 տոկոսով ապահովվում է բարենպաստ ելքը, էլ չասեմ նախաքաղցկեղի մասին, երբ դեռ կան ատիպիկ բջիջներ, կա փոփոխություն, բայց դեռ անցում դեպի հարակից հյուսվածքներ չկան, ինֆիլտրատիվ փուլը բացակայում է, բնականաբար այդ ժամանակ մենք ունենք լիարժեք առողջացման հնարավորություն։ Իհարկե, շատ մեծ նշանակություն ունի, թե ինչ ծավալի վիրահատություն է կատարվում, գրագետ է տարվում վիրահատությունը, թե՞ ոչ, օրինակ՝ մենք կարող ենք հայտնաբերել նախաքաղցկեղ, բայց այդ նախաքաղցկեղը վիրահատվի ոչ ադեկվատ, կալցիֆիկատների ինչ-որ մի հատված պահպանվի, որը, բնականաբար, որոշ ժամանակ հետո գլուխ կբարձրացնի և կասեն՝ կրկնվեց։ Դա ոչ թե կրկնվել է, այլ ոչ ճիշտ վիրահատության արդյունք։ Այստեղ շատ կարևոր է թիմային մոտեցումը, «ուռուցքային ժողովներ» կոչվածը, երբ հիվանդի հետագա վարումը որոշվում է ոչ թե մեկ մարդու կողմից, այլ ճառագայթաբանի, կրծքաբանի, քիմիաթերապևտի, ճառագայթային թերապևտի, հյուսվածքաբանի  և բոլոր հարակից մասնագետների  համատեղ որոշմամբ։

-Ո՞ր տարիքից է պետք սկսել կանոնավոր հետազոտություններ անցնելը։

-Սքրինինգային ծրագրերը տարբեր են, և տարբեր երկրներում տարբեր տարիքային շեմեր են սահմանված։ Եվրոպական շեմը 50 տարեկանն է, ամերիկյան շեմը՝  40 տարեկանը, 40-ից բարձր սքրինինգները պարտադրվում են,  35-40 տարիքային շեմում մեկ բազային մամոգրաֆիա է առաջարկվում։ Հայաստանի Հանրապետությունում հիմք է ընդունվում Ամերիկյան քաղցկեղի ասոցիացիայի ուղեցույցը, որը ադապտացվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես ուղեցույց Հայաստանի համար, և 30 տարեկանից մենք խնդրում ենք մեր աղջիկներին ուղղակի, առանց գանգատի դիմել սոնոգրաֆիկ զննության, որովհետև, ցավոք սրտի, մեր երկրում երիտասարդ քաղցկեղի դեպքեր հաճախ են գրանցվում, 30-35 տարիքային խմբում մի անգամ պլանավորվում է մամոգրաֆիկ հետազոտություն՝ կախված սոնոգրաֆիկ պատկերից և գենետիկ նախատրամադրվածությունից և իհարկե, երբ ասենք 36 տարեկան կինը պլանավորում է ունենալ արտամարմնային բեղմնավորում՝ էկո, դրա համար ևս պետք է անել մամոգրաֆիամ, եթե 37 տարեկան կինն ուզում է առաջին անգամ հղիանալ, բնականաբար ցանկալի է ունենալ մամոգրաֆիկ զննություն, նոր գնալ հղիության։

40-44 տարիքային խմբում առաջարկվում է մամոգրաֆիա ամեն երկու տարին մեկ, սակայն այցելուին խնդրում ենք ամեն տարի գալ՝ մի տարի անցնելով մամոգրաֆիա, մի տարի՝ ՈւՁՀ, 44-54 տարիքային խմբում առաջարկվում է ամենամյա մամոգրաֆիա։ Այդ պարագայում մենք հաշվի ենք առնում ունեցած պատասխանը, գենետիկ ծանրաբեռնվածությունը, էլի հրավիրում ենք տարին մեկ անգամ՝ երբեմն էլ կախված պացիենտի վիճակից փոփոխելով ժամկետները՝ հրավիրելով 1,5 տարուց- 2 տարին մեկ անգամ։ 54 տարեկանից հետո՝ 1-2 տարին մեկ կինը հրավիրվում է մամոգրաֆիայի այնքան ժամանակ, քանի դեռ առողջ է և իրեն լիարժեք է զգում։

-Իսկ եթե կինը չի ուզում հետազոտվել, ո՞ր ախտանշաններին ուշադրություն դարձնի։

-Եթե կան կանայք, որոնք չեն ուզում գնալ հետազոտության, ապա պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձի կոշտացմանը․ կրծքագեղձի քաղցկեղը հանդես է գալիս շատ կոպիտ, քարի պնդության կոշտուկների առաջացմամբ, մաշկի գույնի փոփոխությամբ, լիմոնի կեղևի համախտանիշով, պտուկի ներքաշմամբ, պտուկից արյունային արտադրությամբ, թևատակում արտահայտվող գոյացություններով, բայց, սիրելի կանայք, սրանք կլինիկական բացահայտ քաղցկեղի փուլերն են, և ես չեմ ցանկանա, որ որևէ մի կին երբևէ ինքն իրեն հայտնաբերի կրծքագեղձի քաղցկեղ, իսկ դրա համար պետք է առանց գանգատի գնալ ու հետազոտվել տարին մեկ անգամ՝ չսպասելով քաղցկեղի կլինիկական դրսևորումներին։

-Որպես բժիշկ և նաև որպես կին՝ ի՞նչը կկարևորեիք կանանց առողջության պահպանման հարցում։ 

-Կնոջ հիմնական առաքելությունն, իհարկե, մայրանալն է, և ես վստահեցնում եմ ձեզ, որ երբ ընտանիքի մայրը հիվանդ է, այդ ընտանիքն առողջ չէ, և որպեսզի մենք լինենք նախ լավ մայր, պետք է լինենք առողջ։ Կինը պիտի լինի գեղեցիկ, իսկ գեղեցիկ է այն կինը, որն առողջ է, ուստի սիրելի կանայք, որպեսզի միշտ փայլեք ձեր գեղեցկությամբ, պահպանեք ձեր առողջությունը, կատարեք ընդամենը մի քանի գործողություններ՝ անցեք տարեկան հետազոտություններ՝ կրծքագեղձի, արգանդի վզիկի, վահանաձև գեղձի, իսկ մնացածը՝ կախված ընտանեկան պատմությունից, գենետիկայից։ Օրինակ՝ այն կանայք, որոնց ընտանիքում կան աղիքի քաղցկեղի դեպքեր, պետք է պարբերաբար կոլոնոսկոպիա անցնեն, թոքի քաղցկեղի դեպքում՝ թոքի թվային ռենտգեն։ Մի անտեսեք նաև շաքարային դիաբետի ռիսկերը, և երիտասարդ տարիքում զբաղվեք ձեր առողջությամբ՝  բուժելով նյութափոխանակային համախտանիշը, ակտիվ կենսակերպ վարելով, գուցե ինչ-որ դեղամիջոցներ ընդունելով, որպեսզի ավելի մեծ տարիքում չհասնեք շաքարային դիաբետի։ Սա վերաբերում է առողջական բոլոր խնդիրներին․  մենք պետք է փորձենք սիրել մեզ և ինքներս մեզ համար, ինչպես նաև հանուն մեր երեխաների, ամուսինների ու ընտանիքների, լինենք ուժեղ և առողջ, որպեսզի կարողանանք պահել մեր ընտանիքը և մեր ընտանիքով՝ մեր երկիրը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031