Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական մայլի կռիվ լիներ, հասան ու մեզ ծեծեցին»․ գյումրեցին՝ Բավրայի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի մասին

Հունվար 16,2024 12:44

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Բավրայի մաքսատանը ծեծի են ենթարկել մի քաղաքացու, նրա 67-ամյա հորը, և որ ինքը զբաղված է այդ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելով։

«ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է․

Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը, ժամեր առաջ հայ֊վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս՝ ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի..

Ըստ նրա, ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ֊ի, մոտ 25 հոգով (բացառությամբ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65 ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն…

Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ֊ն երրորդ կարգի հաշմանդամ է

Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով»,-երեկ կեսգիշերին գրել էր Կարապետ Պողոսյանը։

Գյումրեցի Լևոն Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ժամը 22․00-23․00-ի սահմաններում ընտանիքով վերադառնում էին Վրաստանից, մեքենայի մեջ իր 67-ամյա հայրն էր, 70-ամյա հարևանը, երեխան և կինն էին։

Գիշերվա կեսին սննդամթերք տեղափոխելու համար Բավրայի մաքսատան աշխատակիցները վիճաբանել են իրենց հետ՝ ծեծի ենթարկելով։ Ըստ նրա, չեն խնայել անգամ տարեց հորը։

«Մեր տան համար սնունդ էինք բերում, ասին՝ չի կարելի, դուք արդեն 2-րդ անգամ եք բերում, ասացինք՝ ուրեմն իրավունք չունե՞նք հինգ կիլոգրամ կաղին կամ կոնֆետ բերելու մեր ընտանիքի համար։ Ասին՝ չէ, չի կարելի, ու գիշերվա կեսին սկսեցին մայլի կռիվ, խփեցին հորս, հետո ինձ։

Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, խնդրում եմ նայեք նկարներս, կտեսնենք, որ ծեծել են ինձ, ձախ աչքս էդ ծեծից հետո էլ չի տեսնում։

20-25 հոգով հասել են վրեքս, միայն հերթափոխի պետը չէր մասնակցում, փորձում էր բաժանել։ Ապշած եմ, օրենք եմ խախտում, թող համապատասխան օրգաններին կանչեն, ինձ պատժեն, ոչ թե մայլի կռիվ սարքեն։

Ես պահանջելու եմ այդ մարդկանց արյունը ստուգեն, գուցե խմա՞ծ էին, ինձ գետին գցեցին՝ կնոջս ու երեխայիս ներկայությամբ, ու խփում էին։

Լրիվ անարխիա է, ենթադրենք ես խելառ եմ, թող զանգեին համապատասխան օրգաններին, ինձ գժանոց տանեին, ոչ թե գետին գցեին ու ծեծեին։

Վերադարձել ենք տուն, ճնշումս էնքան բարձր էր՝ հասել էր 220-ի, շտապօգնություն ենք կանչել, հիմի էլ ձախ աչքս չի տեսնում»,- բողոքեց Լևոն Գասպարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնից, պիտի հրավիրեն հարցաքննության։

Aravot.am-ը ծագած միջադեպի շուրջ կլսի նաև ՊԵԿ-ի պարզաբանումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031