Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից ու փրկարար ծառայությունից՝ էլցանց․ ո՞վ է փոխարինում Սարիկ Մինասյանին

Սեպտեմբեր 22,2026 20:15 Share

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր նշանակում է կատարել «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։

Այն ստանձնել է Դավիթ Սարգսյանը, որը Շիրակի մարզ աշխատանքի է եկել մայրաքաղաքից։

Դավիթ Սարգսյանը եղել է ոստիկանության համակարգից․ այս ոլորտում երկարատև օպերատիվ ծառայության փորձ ունի։

Ոստիկանական համակարգից բացի նա բարձր պաշտոն է զբաղեցրել նաև փրկարար ծառայությունում․ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի պաշտոնավարման օրոք՝ 2023 թվականի մարտից զբաղեցրել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նրան շնորհվել է նաև «փրկարարական ծառայության գնդապետի» կոչում։

Էլցանցի անձնակազմից մեզ փոխանցեցին, որ նա այս համակարգ է մտել Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանից, նախկինում այս համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Այսօր նորանշանակ պաշտոնյան հյուրընկալվել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքից, քննարկել են Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին առնչվող հարցերը, որոնք կապված են «ՀԷՑ»-ի աշխատանքների հետ։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն․ «Հանդիպման ընթացքում կարևորվել է «ՀԷՑ»-ի և մարզպետի աշխատակազմի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը՝ շինարարական աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու նպատակով։

Առկա խնդիրների արագ վերացման և հետագա աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և «ՀԷՑ»-ի աշխատակիցների ներգրավմամբ»։

Նկատենք, որ վերջին շրջանում Գյումրիում շատ հաճախակի են հոսանքազրկումները․ երբեմն ողջ Գյումրին՝ իր բոլոր թաղերով, անսպասելիորեն հայտնվում է խավարի մեջ, ու բնակիչներին որևէ հնարավորություն չի ընձեռվում կապ հաստատելու ու պատճառների մասին տեղեկանալու։

Այս մասին փաստում են նաև Ռոմանոս Պետրոսյանին ուղղված ֆեյսբուքյան գրառումները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930