Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սրանց վռնդենք իշխանությունից, որպեսզի մեր ընթացքը, որն սկսել ենք 1988 թվականից, հասցնենք իր նպատակին»․ Գագիկ Մինասյան

Փետրվար 09,2024 14:49

«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս վարչախումբը մեկ նպատակ ունի՝ հեռացնել քաղաքական դաշտից բոլոր այն գործիչներին, որոնք առավել ակտիվ են քաղաքական դաշտում պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ։ Եվ գնալով այդ պայքարն ավելի է խստանալու, որովհետեւ հասարակության ավելի շատ հատվածներ են հասկանում, թե ինչ ողբերգության է բերել այս թուրք-ադրբեջանական գործակալների իշխանությունը»,- այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

Նա նշեց, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչներն իրենց աջակցությունը քաղբանտարկյալներին պետք է ավելի ուժեղացնեն։ «Դա կարեւոր է, որպեսզի կարողանանք ավելի շուտ հասնել այն նպատակին, որին լծված է ՀՀԿ-ն դեռ 2018 թվականից։ Սրանց վռնդենք իշխանությունից, որպեսզի մեր ընթացքը, որը մենք արյուն-քրտինքով, սխալներով, հաջողություններով սկսել ենք իրականացնել 1988 թվականից, հասցնենք իր նպատակին»,- ասաց նա։

Հարցին, թե իշխանություններին հեռացնելու գործընթաց կա՞, Մինասյանը պատասխանեց․ «Դրսեւորումները կարծում եմ՝ ոչ այնքան ցայտուն են, բայց տարբեր գործընթացներ գնում են։ Միշտ չէ, որ այդ գործընթացները տեսանելի են լինում հասարակության լայն հատվածների համար, միշտ չէ, որ այդ գործընթացներից մենք՝ քաղաքական գործիչներս գոհ ենք, բայց պրոցեսը գնում է»։

Մինասյանը հավելեց, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ ընդամենը 3 ամսում 12 տոկոսով ավելացել է այս իշխանություններին անվստահություն հայտնողների քանակը։ «Այստեղ երկու իրար լրացնող գործընթացներ կան։ Առաջինն ինքը՝ հասարակությունն է իր փորձի, իր մաշկի վրա ու իր ընկալումներում զգում, որ այս իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ կործանել մեր բոլոր ձեռքբերումները։ Ընդ որում` ձեռքբերումները, որոնք ոչ միայն այս 30 տարվա ընթացքում ենք մենք ունեցել, այլեւ մեր պատմության ողջ ընթացքում։ Եվ մյուս կողմից դրան նպաստում է նաեւ այն քաղաքական գործիչների, լրատվամիջոցների աշխատանքը, որով փորձում են օր առաջ մեր հասարակությանը բերել ադեկվատ իրավիճակի։ Գունավոր հեղափոխությունների ընթացքում կան տեխնոլոգիաներ, որոնք թուլացնում են հասարակության զգոնությունը։ Եվ այս առողջացման գործընթացը, կարծում եմ, այլեւս անկասելի է»,- ասաց Գագիկ Մինասյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829