Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունն այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական, մշակութային, հանրային կյանքի մտածողության նոր ձևեր և նոր բանաձևեր․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 29,2026 23:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման և հայկական հեռուստատեսության 70-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։

Հոբելյանին նվիրված արարողության ընթացքում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Հանրային հեռուստաընկերության 70-րդ տարեդարձի առթիվ, նշել, որ այս հոբելյանը Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրող բոլոր մարդկանց հիշողություններում կարող է որոշակի անձնական պատմություններ արթնացնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքն էլ իր համար արձանագրել է, որ անձնական պատմություններ ունի՝ կապված հանրային հեռուստաընկերության հետ։ Վարչապետը հիշել է ուսանողական տարիները, երբ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր, հանրային հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելու, ինչպես նաև հեռուստաընկերություն տանող բոլոր կածանները և արահետները հայտնաբերելու փորձերը: «Պետք է ուրախությամբ և շնորհակալությամբ ասեմ, որ առաջին անգամ այստեղ հայտնված մարդկանց շատ ջերմ և հոգատար ընդունելություն էին ցուցաբերում, ստեղծագործական շատ մեծ աջակցություն ցուցաբերում»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել այն ժամանակվա բոլոր գործընկերներին. «որովհետև դա շատ մեծ փորձ էր և շատ մեծ դաս, որը այն ժամանակ ես անցա և շատ մեծ խթան ստացա իմ լրագրողական հետագա գործունեության մեջ»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հիշատակել է Հանրային հեռուստաընկերության հնաբնակներին, ինչպիսիք են Նարա Շլեպչյանը, Վարուժան Օլքինյանը, Ռուբեն Մաթևոսյանը և ընդգծել, որ իր ընտանիքում նրանք համարվում էին ընտանիքի անդամ. «Ես ասում եմ՝ մեր, բայց գիտեմ և ակնհայտ է՝ Հայաստանի բնակչության մեծամասնության համար»:

Վարչապետի խոսքով, Հանրային հեռուստաընկերության 70-ամյա պատմությունն արտացոլում է մեր ինքնության ու մտածողության ձևավորման ընթացքը, սակայն մեր իրականության մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ չնայած անկախության 35 տարին կազմում է հեռուստաընկերության տարիքի ուղիղ կեսը, մեր եթերային բովանդակության և մտածողության հիմնական ձևերը դեռևս մնում են նախորդող շրջանի ազդեցության տակ. «Ես կարծում եմ, որ հեռուստաընկերությունը, հատկապես՝ հանրային հեռուստաընկերությունն այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական, մշակութային, հանրային կյանքի մտածողության նոր ձևեր և նոր բանաձևեր, որոնք, իհարկե, բխում են, հիմնված են և օրգանական կապ ունեն նախորդող ձևերի հետ։ Շատ է խոսվում նրա մասին, որ մենք ռեսուրսներ չունենք, նկատի է առնվում բնական պաշարները և մեզ համեմատում են ամենահարուստ բնական պաշար ունեցող երկրների հետ, և այստեղ օբյեկտիվ իրականություն կա: Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մտածողության ձևերը և բանաձևերը, որոնցով առաջնորդվում է հանրությունը, ամենամեծ ռեսուրսն են, և եթե մտածողության ձևերը իրենք իրենց տեղով և իրենք իրենց ձևով հետ են մնում աշխարհի փոփոխություններից, դա նշանակում է, որ մենք հետ ենք մնում աշխարհի զարգացումներից, հետևաբար՝ մշակութային և հանրային քաղաքական մտածողության ձևերի առաջընթաց զարգացումն է, որ կարող է մեզ դնել աշխարհի առաջապահների և ոչ թե հետնապահների շարքում: Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հանրություն և պետություն, հենց նման խնդիր պետք է ձևակերպենք հանրային հեռուստաընկերության առաջ, որը պետք է հանրային, քաղաքական, մշակութային մտքի զարգացման կարևորագույն հարթակներից մեկը դառնա: Ես ուզում եմ հույս ունենալ, որ հանրային հեռուստաընկերությունը հենց այս տրամաբանության վրա կզարգանա հետագայում»։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր 1956 թվականին ստեղծել են հանրային հեռուստաընկերությունը, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենք իրենցով պայմանավորել են հանրային հեռուստաընկերության կերպարը, ինքնությունը, բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են հանրային հեռուստաընկերությունում, ովքեր աջակցել են և շարունակում են աջակցել հանրային հեռուստաընկերությանը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային հեռուստաընկերության բոլոր աշխատողներին և շնորհավորել նրանց այս կարևոր հոբելյանի առիթով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցություն են ցուցաբերել հանրային հեռուստաընկերությանն ամենատարբեր առիթներով: Մեր միջազգային գործընկերները աջակցել են, որպեսզի արխիվները թվայնացվեն, մեր միջազգային գործընկերները ամենատարբեր նախագծեր են արել։ Այսօր մենք հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի բացմանն ենք մասնակցելու, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն այս կարևոր նախագծում հանրային հեռուստաընկերությանը աջակցելու համար: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում հանրային հեռուստաընկերության բոլոր հեռուստադիտողներին, որովհետև հեռուստաընկերությունը, իհարկե, հեռուստաընկերություն է, առաջին հերթին, իր լսարանով: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այն հարթակն է, որը վերջին 70 տարում ունի Հայաստանի Հանրապետության հանրության մի զգալի և մեծ մասի ուշադրությունը, և Հայաստանի Հանրապետության հանրության և քաղաքացիների մի մեծ մասը ի սկզբանե հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողներ են»:

Արարողությանը հետևել է տոնական համերգ-եթեր, որի ընթացքում հեռուստատեսության անցյալ և ներկա պատմությունը կերտած հյուրերը ևս մեկ անգամ հետևել են հայկական հեռուստատեսության գրանցած լավագույն և ամենաջերմ պահերը։

Հաջորդիվ՝ վարչապետը մասնակցել է Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի բացման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենամեծ՝ 8-րդ մասնաշենքն է  և ունի 1000 քմ մակերեսով տաղավար: Նիկոլ Փաշինյանը շրջել է հեռուստաստուդիայում, որը հագեցած է նոր տեխնիկայով և լայնածավալ նկարահանումներ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներով: Նախագիծն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների` 2023 թվականին մեկնարկած երկկողմ համագործակցության շնորհիվ։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30