Լրահոս
Օրվա լրահոսը

Պարային ու բեմական արվեստի հազվագյուտ ներդաշնակությամբ օժտված արտիստը

Մարտ 01,2024 14:00

«…Պարուհու բալետային բոլոր շարժումներն առանձնանում են տեխնիկական հասունությամբ, նրան տրված է կերպար ստեղծելու եւ այն զարգացնելու շնորհ…»։

«Ինչ դերապարում էլ որ հանդես է գալիս, նա իր վրա է գամում հանդիսատեսի ուշադրությունը, վարակում իր ստեղծագործական ներշնչանքով, գեղարվեստական համոզչությամբ, պարային ու բեմական արվեստի հազվագյուտ ներդաշնակությամբ»։


Էլվիրա Մնացականյանն ամուսնու եւ որդու հետ

Այս երկու մեջբերումը խորհրդային տարիներին հայաստանյան պարբերականներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի արվեստի բազմաթիվ արձագանքներից են։ Դրանցից զերծ չի մնացել նաեւ արտասահմանյան մամուլը՝ բարձր գնահատելով հայ պարուհու կատարումները, հաստատելով, որ արվեստագետն իրոք համարձակ փնտրումների ու հարուստ երեւակայության տեր արտիստ է։ Նրան համեմատել են աշխարհահռչակ Գալինա Ուլանովի հետ, որը տիեզերագնաց Յուրի Գագարինի նման համարվում էր ԽՍՀՄ-ի սիմվոլներից։

2024 թվականը ճանաչված ու սիրված պարուհու համար հոբելյանական է. լրանում է ծննդյան 80-ամյակը։ Նա մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երեւանի պարարվեստի ուսումնարանում, ապա ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը։ Երեւանի օպերային թատրոնում մենապարուհու ստեղծագործական ուղին սկսվել է 1963թ. եւ տեւել 35 տարի։ Նա առաջինն էր, որ որպես ուսումնարանի ավարտական քննություն, օպերային թատրոնում հանդես է եկել Ադանի «Ժիզել» ներկայացման մեջ գլխավոր հերոսուհու կերպարով։ Դրան հաջորդել են Ֆրիգիան, Էգինան, Գայանեն (Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե»), Շամիրամը (Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»), Խումարը (Է. Հովհաննիսյանի «Անտունի»), Ջուլիետը (Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»), Օդետտա-Օդիլիան (Չայկովսկու «Կարապի լիճ»), Կիտրին (Ադանի «Դոն Կիխոտ»), Լեյլին (Ս. Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնուն) եւ էլի ու էլի բազմաթիվ ու տարաբնույթ կերպարներ։

Կարելի է ենթադրել, որ բեմական կյանքի ընթացքում պարուհին չի ապրել դերապարեր ստանալու սպասումի ձանձրալի, հիասթափեցնող պահեր, միանգամից «ներխուժել» է խաղացանկ, իրար հետեւից ստեղծելով կերպարներ, որոնց ցանկը պատկառելի է։ Այս առիթով Էլվիրա Մնացականյանը փոքր-ինչ ուղղում է անում. «Կորդեբալետում էլ եմ պարել… ուսումնարանի մասնագիտական 4-րդ դասարանից մենք մասնակցում էինք թատրոնի ներկայացումներին»։ Իսկ տարածված խոսակցությունների առիթով, թե թատրոններում, մանավանդ կին արվեստագետների շրջանում, մեծ է խանդի գործոնը, անվանի պարուհին ունի իր պատասխանը. «Այդ տարիներին բեմում փայլում էին Սիլվա Մինասյանը, Լյուդմիլա Սիմանովան, Ջուլիետա Քալանթարյանը, Բելլա Հովնանյանը… Ստեղծագործական հրաշալի մթնոլորտ էր։ Սիմանովան, օրինակ, մեծ սիրով ու հաճույքով ինձ հետ պատրաստեց Ժիզելի դերապարը…»։

Էլվիրա Մնացականյանը սիրով ու հարգանքով է խոսում իր գործընկերների մասին։ Ասում է, որ չի կարող առանձնացնել նրանցից որեւէ մեկին, նրանք տարբեր էին, բայց բոլորն էլ բարձրակարգ պարողներ։ Այստեղ համակարծիք ենք նրա հետ։ Պարուհու  գործընկերներն են եղել բալետային արվեստի երախտավորներ Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Սերգեյ Բարանովը, Հովհաննես Դիվանյանը, Սամվել Աբրահամյանը…

Պարուհին երբեք չի առանձնացրել իր որեւէ հերոսուհուն, նշելով, որ բոլոր դերապարերն էլ իրեն հոգեհարազատ են, դրանք հաճույքով է պատրաստել ու ներկայացրել։ Երբեք չի բարձրաձայնել, որ ինքն առաջինն է Երեւանի թատրոնում ներկայացրել, օրինակ, Ջուլիետի կերպարը։ Դա 1968-ին էր, Օլեգ Վինոգրադովի բեմադրության մեջ։ Փոխարենը նշում է խորեոգրաֆներ Մարկ Մնացականյանի, Գեորգի Ալեքսիձեի, Կոնստանտին Սերգեեւի եւ մյուս խորեոգրաֆների անունները, որոնց շնորհակալ է եւ ունի նրանց հետ կապված անմոռանալի հուշեր։  Ընդ որում, չի բարձրաձայնում, առանձնացնում իր սաներից որոշների անուններ, ովքեր մերօրյա բալետային արվեստի աստղեր են, հավաստիացնելով, թե նրանք բոլորը տաղանդավոր են։ Իսկ այսօր պարարվեստի քոլեջում եւ թատրոնում, որտեղ Էլվիրա Մնացականյանը մի քանի տասնամյակ մանկավարժ ու փորձավար է, վայելում է սեր ու հարգանք։

Բեմական գործունեության տարիներին մասնակցել է ռուսաստանյան «Գոսկոնցերտի» կազմակերպած հյուրախաղերին ամբողջ ԽՍՀՄ-ում, նաեւ արտասահմանյան շատ երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Իրաքում, Իրանում, Սիրիայում, Ֆրանսիայում եւ այլուր։ Ժողովրդական արտիստը որպես փորձավար աշխատել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, շուրջ երեք տարի բեմ բարձրացել Խարկովի թատրոնում։

Չմոռանանք փաստել մի կարեւոր հանգամանք. երբ 1973թ. Սարատովից 8 տարի անց  Երեւան է վերադառնում եւ թատրոնում գլխավոր բալետմայստեր նշանակվում Աշոտ Ասատուրյանը, 1974-ին Էլվիրա Մնացականյանի հետ կազմում է ընտանիք։ Նրանց որդին՝ Արա Ասատուրյանը, ընտրել է ծնողների ճանապարհը. նա իր սցենարով ու խորեոգրաֆիայով մի շարք բեմադրությունների հեղինակ է, որոնցից կառանձնացնենք Պետրոս Դուրյանին, Շուբերտին, Մարիա Ցվետաեւային նվիրված ներկայացումները։ Ի դեպ, երբ 2023թ. Արայի «Աղոթք միայնակ թավջութակի համար» թատերապարային ձեւաչափով իրականացված ներկայացման պրեմիերայից հետո հեղինակից հետաքրքրվեցինք՝ մտադրություն չունի՞ աշխատանք նվիրել մորը, մանավանդ որ, 2024-ը հոբելյանական է նրա համար, ստացանք հետեւյալ պատասխանը. «Անկեղծ ասած, մտքովս անցել է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031