Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կկարողանա՞ վերագտնել իր կարևոր դերակատարումը. Արթուր Ավետիսյան

Մարտ 21,2024 15:45

Տևական ժամանակ է Հայաստանը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև: Ինչի հետևանքով վտանգված է նաև հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, որոնք կապահովեն ոլորտի ռազմավարական երկարաժամկետ ու շարունակական զարգացում: Դրա համար անհրաժեշտ է ևս մեկ անգամ գնահատել ոլորտում առկա իրավիճակը:

Վերջին 7-8 տարիներին, իսկ 2021թ.-ից վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված ավելի ակտիվ քաղաքականության շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռում պատկերը փոխվել է հօգուտ «կանաչ էներգիայի» աղբյուրների։ Դա ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչ:

Դրական է մեծապես այն պատճառով, որ հնարավորություն է ընձեռնվում ավելի շատ օգտագործել սեփական ռեսուրսները, ինչը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման տեսակետից:

ՀՀ-ն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Այդ ուղղությամբ Հայաստանը կարող է ունենալ գերիշխող դիրք տարածաշրջանում: Ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն ՀՀ հետ համադրելի պոտենցիալ: Վերականգնվող էներգիայի զգալի պոտենցիալ առկա է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարավային շրջաններում և այդ ներուժն է նաև, որ պատրաստվում են նրանք օգտագործել (որպես նաև ԵՄ-Ադրբեջան համագործակցության բաղադրիչ):

Միևնույն ժամանակ Հայաստանի Էներգետիկ համակարգի զարգացումը և նոր հզորությունների տեղակայումը պետք է լինի թիրախավորված ու նպատակային և չպետք է լինի ի հաշիվ այլ՝ էներգետիկ համակարգի կայունությունն ապահովող կայանների: Մասնավորապես, էներգետիկ հաշվեկշռում ատոմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի չափաբաժնի կտրուկ նվազեցումը համակարգում կարող է բերել ցնցումների: Նույնը վերաբերում է նաև մնացած համակարգային կայաններին: Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ունակ են երաշխավորել միայն համակարգային նշանակության կայանները՝ մեծ հզորությամբ հիդրոկայանները, ատոմային բլոկները և այլն: Հետևաբար, «կանաչ էներգիայի» աղբյուրների և առհասարակ ցանկացած ուղղության զարգացումը պետք է լինի միջոց, ոչ թե՝ նպատակ:

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը) Կառավարության 2023թ. հոկտեմբերի 26-ի №1827-Լ որոշմամբ կատարված փոփոխություններով նախատեսվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030թ., ներառյալ խոշոր ՀԷԿ-երը, հասցնել շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040թ.՝ շուրջ 60%-ի: Իրականում ներկայումս վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր ՀԷԿ-երը, արդեն կազմում է ավելի քան 45%: Այնինչ նշյալ փաստաթղթով չեղարկվել է արևային շուրջ 120 ՄՎտ հզորությամբ թվով 5 ֆոտովոլտային էլեկտրական կայանների կառուցման ծրագրերի իրականացումը:

Իսկ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ (հզորություն, տիպ/տեսակ) որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել, ի՞նչ զարգացման ծրագիր, հետևաբար՝ ի՞նչ էներգետիկ պահանջարկ կունենա, ինչպիսի՞ կրիտիկական ենթակառուցվածքներով պետք է ապահովված լինի Հայաստանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Վերջին ժամանակներում ակտիվորեն քննարկվող փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ևս մեկ անգամ հարկ է նշել, որ դրանք լայն տարածում ունեն միջուկային նավատորմերում, ինչի առաջատարներն են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Իսկ ցամաքային, համակարգային նշանակության նման 1-ական ռեակտորներ շահագործվում են ՌԴ-ում և Չինաստանում, որոնք գտնվում են փորձարկման փուլում: ԱՄՆ տեխնոլոգիայով առաջին մոդուլային ռեակտորները նախատեսվում է շահագործման հանձնել 2030թ.-ին: Այնինչ սկզբնական փուլում նշյալ ծրագրերի ավարտը նախատեսված էր 2025-2026թթ.-ին: Ներկայումս հնարավոր չէ իմանալ արդյո՞ք ներկայացվող նախագծային ցուցանիշները համապատասխանում են (կհամապատասխանեն) իրականում արձանագրվելիք ցուցանիշներին: Այդ առումով միայն մշակող/նախագծող կազմակերպությունների հավաստիացումները բավարար չեն կարող լինել:

Հաշվի առնելով առկա անորոշությունները, ինչպես նաև ժամանակային սահմանափակումները՝ ներկա դրությամբ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայումը Հայաստանում (անկախ արտադրող երկրից) բավականին խնդրահարույց է և առաջիկայում նոր ատոմակայանի վերաբերյալ հստակ որոշում չկայացնելու պարագայում, Հայաստանը կանգնած է լինելու ատոմային էներգետիկայից զրկվելու իրական վտանգի առջև: Ինչը ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է: Նոր ատոմակայանի վերաբերյալ որոշումը պետք է հնարավորինս հիմնված լինի մասնագիտական և ռազմավարական վերլուծությունների վրա՝ զերծ աշխարհաքաղաքական հակումներից:

Բացի այդ, ներկայումս հիմնականում միայն խոսվում է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտի և դրա երկարացման մասին: Սակայն Հայաստանի էներգետիկ համակարգում առկա են հզորություններ, որոնք կարճ ժամանակ անց ենթակա են կոնսերվացման: Հետևաբար Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ հզորություններ:

Հայաստանը ենթակառուցվածքներով բավարար չափով ապահովված չէ։ Նաև դրանով է պայմանավորված, որ որոշ փորձագետներ, հատկապես ոչ էներգետիկներ, վախենում են հզոր կայանի կառուցումից։ Բայց մեր կարծիքով, հակառակը՝ մեծ հնարավորություն է, երբ գնում ենք հզոր կայանի կառուցմանը, ուստի պետք է գնանք հզոր ենթակառուցվածքների կառուցմանը։ Դա մուլտիպլիկատիվ էֆեկտով զարգացման է բերելու։ Այդ ամենը հնարավոր կլինի ապահովել միայն նպատակային էներգետիկ դիվանագիտությամբ:

Այսպիսով, որպեսզի Հայաստանը կկարողանա վերագտնել իր կարևոր դերակատարումը անհրաժեշտ է՝ ավարտին հասցնել և սկսել համապատասխանաբար դեպի Իրան ու Վրաստան 400 կՎ և ավելի լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, մշակել ՀՀ արդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական ենթակառուցվածքային համալիր զարգացման ծրագիր, հետևելով միջազգային օրինակին, պաշտոնապես ներառել ատոմային էներգետիկան «կանաչ էներգիայի» ցանկում («Green Taxonomy»), միևնույն ժամանակ ակտիվ մասնակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր Atoms4NetZero նախաձեռնությանը, իրագործել Մեղրի ՀԷԿ-ի ծրագիրը:

Արթուր Ավետիսյան

Հայաստանի էներգետիկ նախաձեռնության համահիմնադիր,

էներգետիկ անվտանգության փորձագետ, տ.գ.թ., դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031