Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք փորձել են թաքնվել եւ շարժվել են Ուկրաինայի ուղղությամբ. Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին

Մարտ 23,2024 19:25

Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին

Ռուսաստանի հարգելի քաղաքացիներ:

Դիմում եմ ձեզ արյունոտ, բարբարոսական ահաբեկչական գործողության առնչությամբ, որի զոհ են դարձել մեր հայրենակից տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ, կանայք: Ծանր վիճակում գտնվող  տուժածների կյանքի համար պայքարում են բժիշկները: Վստահ եմ, նրանք  կանեն հնարավոր, անգամ անհնար ամեն բան՝ բոլոր վիրավորների կյանքն ու առողջությունը պահպանելու համար: Երախտիքի հատուկ խոսքեր շտապ օգնության եւ սանիտարական ավիացիայի անձնակազմերին, հատուկ ստորաբաժանումների մարտիկներին, հրշեջներին, փրկարարներին, որոնք արեցին ամեն բան մարդկանց կյանքը փրկելու, նրանց կրակից դուրս բերելու, հրդեհի ու ծխամածության էպիկենտրոնից դուրս բերելու եւ ավելի մեծ կորուստներից խուսափելու  համար:

Չեմ կարող անուշադրության մատնել հասարակ քաղաքացիների օգնությունը, որոնք ողբերգությանը հաջորդած առաջին րոպեներին անտարբեր չգտնվեցին եւ բժիշկների ու հատուկ ծառայությունների կողքին  առաջին օգնություն ցույց տվեցին, տուժածներին տեղափոխեցին հիվանդանոցներ:

Անհրաժեշտ օգնություն ցույց կտանք բոլոր ընտանիքներին, վիրավորներին եւ տուժածներին, որոնց կյանք մտավ սարսափելի աղետը: Անկեղծ ցավակցություններս բոլորին, ովքեր կորցրեցին հարազատներին ու մտերիմներին: Բոլորիդ հետ միասին ողբում է ամբողջ երկիրը, մեր ողջ ժողովուրդը: Մարտի 24-ը հայտարարում եմ համազգային սգո օր:

Մոսկվայում, Մերձմոսկվայում, երկրի բոլոր տարածաշրջաններում մտցված են հակաահաբեկչական եւ հակադիվերսիոն բնույթի լրացուցիչ միջոցառումներ: Հիմա գլխավորը այս արյունոտ սպանդի հետեւում կանգնածներին նոր հանցագործություն կատարել չթողնելն է:

Ինչ վերաբերում է այս հանցագործության հետաքննությանը եւ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքներին, ներկա պահին կարելի է ասել հետեւյալը. ահաբեկչության անմիջական բոլոր չորս մասնակիցները, որոնք կրակել, սպանել են մարդկանց, հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Նրանք փորձել են թաքնվել եւ շարժվել են Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ նախնական տվյալներով նրանց համար ուկրաինական կողմից պետական սահմանն անցնելու համար պատուհան է նախապատրաստված եղել: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, իրավապահ մյուս մարմինները աշխատում են  ահաբեկիչներին օգնողների ամբողջ բազան  բացահայտելու ուղղությամբ, նրանց, ովքեր ապահովել են փոխադրամիջոցով, նշել հանցանքի վայրից հեռանալու  ճանապարհները, պատրաստել զենքի եւ զինամթերքի թաքստոցները:

Կրկնում եմ. հետաքննական եւ իրավապահ մարմինները կանեն ամեն բան, որպեսզի  բացահայտեն հանցագործության բոլոր մանրամասները: Բայց արդեն ակնհայտ է, որ մենք բախվել ենք ոչ թե մանրամասն, ցինիկ պլանավորված ահաբեկչության, այլ խաղաղ բնակչության, անպաշտպան մարդկանց նախապատրաստված ու կազմակերպված զանգվածային սպանության հետ: Հանցագործները սառնասրտորեն, նպատակային գնացել են դիմահար գնդակահարելու մեր քաղաքացիներին, մեր երեխաներին: Ինչպես ժամանակին նացիստներն էին օկուպացված տարածքներում հաշվեհարդար տեսնում, սրանք մտածել են ցուցադրական արյունալի ու սարսափեցնող մահապատժի ակցիա կազմակերպել:

Այս հանցագործության բոլոր իրագործողները, կազմակերպիչները եւ պատվիրատուները արդար ու անխուսափելի պատիժ են կրելու: Ովքեր էլ որ նրանք լինեն, ովքեր էլ որ նրանց ուղարկած լինեն: Կրկնում եմ, մենք կպարզենք ու կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների հետեւում, ով պատրաստել է այս չարագործությունը, այս հարվածը Ռուսաստանին, մեր ժողովրդին:

Մենք գիտենք, թե ինչ է ահաբեկչության վտանգը: Այստեղ հույս ունենք համագործակցել բոլոր այն պետությունների հետ, որոնք անկեղծորեն կիսում են մեր ցավը եւ պատրաստ են իրական գործով համախմբել ջանքերը ընդհանուր թշնամու, իր բոլոր դրսեւորումներով միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Ահաբեկիչներին, մարդասպաններին, չմարդկանց, որոնք չունեն եւ չեն կարող ազգություն ունենալ, մի աննախանձելի վերջ է սպասվում. վրեժ եւ մոռացություն: Նրանք ապագա չունեն: Այժմ մեր, ռազմաճակատում մեր մարտական ընկերների, երկրի բոլոր քաղաքացիների  ընդհանուր պարտը մեկ ընդհանուր շարքում միասին լինելն է: Հավատում եմ, այդպես էլ կլինի, որովհետեւ ոչ ոք եւ ոչինչ չի կարող սասանել մեր միասնականությունը եւ կամքը, մեր վճռականությունն ու քաջությունը, Ռուսաստանի միասնական ժողովրդի ուժը: Ոչ ոքի չի հաջողվի  ատելության թունավոր սերմեր ցանել, խուճապ ու պառակտում սերմանել մեր բազմազգ հասարակությունում:

Ռուսաստանը մեկ անգամ չէ անցել դժվարագույն, երբեմն, անտանելի փորձությունների միջով, բայց ամեն անգամ դուրս է եկել ավելի ուժեղացած: Այդպես կլինի նաեւ հիմա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031