Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզաբույծներն անհանգստացած են՝ ՌԴ-ից ՀՀ ներմուծվող խոզերը համապատասխան լաբորատոր փորձաքննության չեն ենթարկվում․ ՍԱՏՄ-ն հակառակն է պնդում

Ապրիլ 15,2024 19:20

Մի խումբ ֆերմերներ այսօր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Նրանք անհանգստացած են, որ ՌԴ-ից ՀՀ ներմուծվող խոզերը համապատասխան լաբորատոր փորձաքննության չեն ենթարկվում։ Բանն այն է, որ վերջերս տարբեր մարզերում տարբեր ֆերմերների խոզերի շրջանում ժամանակ առ  ժամանակ հիվանդություն էր տարածվում։ Ֆերմերները մտավախություն ունեին, որ դրանք ներկրված խոզերից կարող էին տարածվել, նրանք տեղեկություններ ունեին, որ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված համապատասխան ախտորոշիչներ չկան Հայաստանում։

«Մեր այսօրվա ցույցի առաջնահերթ նպատակը հիվանդության դեմ կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է։  Մենք պահանջում ենք, որպեսզի ներկրվող խոզերի համար դնեն ախտորոշիչ, որպեսզի պարզվի՝ էդ կենդանիները առո՞ղջ են, թե՝ ոչ։ Խոստացել էին, որ բերելու են ախտորոշիչները, բայց մինչ օրս մեզ չէին ասել՝ բերել են, թե՝ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի ֆերմեր Հովհաննես Ալեքսանյանը։

Նրա ներկայացմամբ՝ խոզերը հիմնականում ներկրվում են ՌԴ-ից․ «Էդ կենդանիները մոտ 2 հազար կիլոմետր ճանապարհ են անցնում, բաց մեքենայով են բերում, ու ոչ մեկս չենք կարող երաշխավորել, որ էդ ճանապարհին հիվանդություն չի կպնի։ Արդեն երկու տարի է, եթե ոչ ավել, ՌԴ-ից խոզ է ներմուծվում։ Ահագին ժամանակ է՝ մենք գիտենք, որ ախտորոշիչներ չկան, դրա համար էլ այսօր ցույց էինք անում։ Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը, երբ հիվանդությունը տարածվում է անհայտ ծագման կենդանուց»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ախտորոշիչներն արդեն մոտ երկու շաբաթ է՝ ստացել են, ներկրվող բոլոր կենդանիներն անցնում են բոլոր լաբորատոր փորձաքննությունները, իսկ մինչեւ արդյունքի պարզ լինելը, մնում են կարանտինում։

«Մեր երկիր խոզ միշտ ներկրվել է։ Պարզապես մի պահ դադարեցվեցին, հիվանդության տարածման միտում կար, մինչեւ բոլոր տեսակի հավաքածուները՝ նյութերը բերվեցին Հայաստան։ Դրանք նյութեր են, որոնք սպառվում են, վերջանում են, նորից ձեռք ենք բերում»,-պարզաբանեց Հարությունյանը։

Նա վստահեցրեց՝ առանց լաբորատոր փորձաքննության ներկրված որեւէ կենդանի շուկա բաց չի թողնվում։

Ֆերմերները մեկ այլ խնդրի էլ են անդրադարձել այսօր, նրանք ասում էին, որ խոզերը ներկրվում էին առանց ականջապիտակների, դա կենդանու անձնագիրն է, որով պարզվում է ծագումը, իսկ եթե չկա ականջապիտակ, ծագումն անհայտ է։

Անուշ Հարությունյանն այս առնչությամբ էլ վստահեցրեց՝ առանց ականջապիտակի մեր երկիր կենդանի չի ներկրվում եւ ոչ էլ արտահանվում։

Մանրամասն՝ տեսանյութում

Ֆերմերները նաեւ դժգոհում են, որ ներկրված խոզի միսը մեր շուկայում զգալի էժան է վաճառվում, քան տեղականը, խոզաբույծներն անհավասար պայմաններում են հայտնվում, չեն կարողանում մրցակցել․ «Ստիպված  վաճառում ենք շատ ցածր գնով, որպեսզի կարողանանք ուղղակի միսն իրացնել, բայց մինուսով ենք դուրս գալիս։  Այսօր խոզաբուծությունն անդունդն է գլորվում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930