Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովին որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը»․ Արթուր Խաչատրյան

Ապրիլ 23,2024 14:50

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին եւ պետք է բխի ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում՝ հիմնարար սկզբունքներից, համաձայն որի՝ առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։

Հայտարարության նախագծում նաեւ նշվում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման կարեւոր նախապայմաններ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսիայի եւ ծավալապաշտական հռետորաբանության դադարեցումը, բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, մշակութային ժառանգության պահպանումը։ Ընդ որում, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ կանխորոշել Արցախի վերջնական կարգավիճակը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, անդրադարձավ Տավուշում այսօր տեղի ունեցող գործընթացներին։ 

«Այս տարվա հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, այո, ադրբեջանցիներն իրենք են պահանջ ներկայացնում, իրենք 4 գյուղի հարց են բարձրացնում, մենք էլ ունենք մեր պահանջները՝ 32 գյուղի հարց ենք բարձրացնում։ Այնուհետեւ կառավարության նիստում եղավ հայտարարություն, որ ադրբեջանցիները շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ տվեք մեզ, ինչ ուզում ենք, որովհետեւ եթե չտանք, կլինի պատերազմ։ Այսինքն՝ պատերազմով սպառնալիք, ինչը խախտում է միջազգային իրավունքի ողջ բազան։ Այսօր իշխանությունները խոսում են, որ սահմանազատման գաղափարական հենքը դա լեգիտիմությունն է, բայց իրենց պահվածքով Հայաստանի իշխանությունները խրախուսում են ապալեգիտիմությունը։ Թշնամին, թուրքը, ադրբեջանցիներն այսօր ասում են՝ զիջեք, թե չէ ուժով կվերցնենք, խախտում են միջազգային հարաբերությունների ամբողջ փիլիսոփայությունը, Հայաստանի իշխանություններն ասում են՝ ճարնե՞րս ինչ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ հղում է կատարվում ԱՊՀ կարգավորման, մասնավորապես, 1991 թվականի փաստաթղթերի վրա։ «1991 թվականի դեկտեմբերի 21-ին 8 հանրապետություն հայտարարում են, որ իրենք միանում են ԱՊՀ-ին եւ ստորագրում են համապատասխան արձանագրությունը։ Եվ, որպեսզի լինի մի փաստաթուղթ, որի տակ կլինի 11 երկրների ստորագրություն, ընդունվում է նաեւ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ՀՀ խորհրդարանի կողմից չի վավերացվում, որը պարտադիր պայման չէ ԱՊՀ-ին անդամակցելու համար։ Ադրբեջանը չի վավերացնում այդ փաստաթուղթը, ավելին՝ հետ է կանչում այդ ստորագրությունը։ Ադրբեջանը միանում է ԱՊՀ-ին 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Այսինքն՝ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որն ստորագրված կլինի Ադրբեջանի կողմից, հետեւաբար, հղում է կատարվում գոյություն չունեցող ինչ-որ փաստաթղթի վրա։ Այնպես որ, այո, բանակցություններ պետք է լինեն, այո, սահմանազատում պետք է լինի։ Ո՞րը պետք է լինի սահմանազատման հիմքը, ըստ մեզ, պետք է լինի 1993 թվականի փաստացի գործող սահմանները»,- ասաց նա։

Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների տարածած հայտարարությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել նման որոշում կայացնելու։ Այս մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը, սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ Այս պահին այդ տարածքների վրա գործում է Հայաստանի տիտղոսը, հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցային մարմին հանդիսացող ինչ-որ հանձնաժողովի։ Լուրերը, որոնք մենք ստանում ենք Տավուշից, տեղի է ունենում զինված ուժերի վերատեղակայում։ Ինչի՞ հիման վրա։ Եվ որպեսզի այս հարցերը լուծվեն, մենք առաջարկում ենք ընդունել ԱԺ հայտարարության նախագիծը, որտեղ հստակ նշում ենք, թե ինչի հիման վրա պետք է սահմանազատումը տեղի ունենա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930