Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ընթացող դատական գործն ուղղված է բոլորիս դեմ, մեր ժողովրդի ու մեր պետության դեմ. ՌԱԿ

Մարտ 03,2025 10:14 Share

Գերեվարումից ու մեկուկես տարի տեւած տանջալից հարցաքննություններից հետո, այս օրերին ընթանում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների շինծու եւ կեղծ դատավարությունը՝ մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների ամբողջական խախտման պայմաններում։ Նրանց հյուծված ու տանջահար դեմքերը վկայում են ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումների, կանոնավոր պարբերականությամբ կրած տառապանքների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանի հացադուլը հուշում է մահվան ընդառաջ գնացողի հուսահատություն…

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները բացարձակ լուռ են, անտարբեր, նույնիսկ՝ արհամարհական։

Հայ ազգային ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը չի կարող հանդուրժել այս խայտառակ կացությունը, որն ուղղված է ոչ միայն Արցախի բռնադատվող ղեկավարության, այլեւ Հայ ժողովրդի ու Հայոց պետականության դեմ։

Իր զորակցությունը հայտնելով Բաքվի զնդաններում պահվող հայ պատանդներին՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը Հայաստանի իշխանություններից պահանջում է՝

1.Հայ պատանդների ազատման հարցը դնել Բաքվի հետ բանակցային սեղանին՝ որպես աներկբա նախապայման։

2. Զորաշարժի ենթարկել դիվանագիտական իր ողջ կորպուսը, Հայաստանում թե արտասահմանում՝ ի խնդիր մեր ռազմագերիների ազատ արձակման։

3. Արդարադատական պետական բոլոր մարմինների միջոցով հայցեր ներկայացնել միջազգային համապատասխան բոլոր ատյաններին՝ ազդու միջամտությամբ անհապաղ ազատ արձակելու մեր ռազմագերիներին։

Միաժամանակ՝ Հայ ազգային ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը կոչ է անում համայն հայության բոլոր հատվածներին ու կազմակերպություններին՝ դուրս գալ անտարբերության թմբիրից եւ բողոքի, ճնշումների ու հանրայնացման բոլոր ձեւերով ու միջոցներով ձեռնարկել մեր հայրենակիցների կյանքն ու արժանապատվությունը օր առաջ փրկելու գործին։ Ու միշտ հիշել, որ Բաքվում ընթացող դատական գործը, ի դեմս մեր ռազմագերիների, ուղղված է բոլորիս դեմ, մեր ժողովրդի ու մեր պետության դեմ։ 

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31