Wizz Air-ը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կհիմնի իր թվով 34-րդ բազան։ Այս մասին Wizz Air Hungary-ի տնօրեն Ռոլանդ Թիշները հայտարարեց Երեւանում տված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավիաընկերության երեւանյան բազան իր գործունեության մեկնարկը կազդարարի հոկտեմբերի 1-ին։ «Զվարթնոցում» կտեղակայվեն ավիաընկերության երկու ժամանակակից Airbus A321 NEO ինքնաթիռներ։ Ռոլանդ Թիշները հայտնեց նաեւ, որ ավիաընկերությունը պատրաստվում է իր հայաստանյան բազայի շրջանակներում աշխատանքի հրավիրել հայաստանաբնակ 25 օդաչուի եւ 60 բորտ ուղեկցորդի։
Կարդացեք նաև
Սպասարկվող ուղեւորահոսքի աճը կնպաստի հարակից ոլորտներում մոտ 800 աշխատատեղի ստեղծմանը, նշում են ավիաընկերությունից։
Ավիաընկերության տնօրենի փոխանցմամբ՝ Wizz-ը Երեւանից այժմ սպասարկվող ինն ուղղություններին կմիանան եւս ութը՝ Պրահա եւ Համբուրգ (հոկտեմբերի 1-ից՝ շաբաթական երեք անգամ), Նիցցա (հոկտեմբերի 2-ից՝ շաբաթական երեք անգամ), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից՝ շաբաթական երկու անգամ), Նեապոլ (հոկտեմբերի 15-ից՝ շաբաթական երեք անգամ), Բուխարեստ եւ Բարի (հոկտեմբերի 26-ից՝ շաբաթական երկու անգամ), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից՝ շաբաթական երկու անգամ)։
Դորտմունդ-Երեւան-Դորտմունդ թռիչքների հաճախակիությունն էլ հոկտեմբերի 1-ից շաբաթական երկու անգամի փոխարեն կդառնա շաբաթական չորս անգամ։
Այսպիսով՝ Wizz Air-ը շուտով կառաջարկի թռիչքներ Երեւանից եւ դեպի Երեւան 17 ուղղությամբ՝ 10 երկրի 17 քաղաքներ։
Ավիաընկերության ղեկավարի խոսքով՝ նոր ուղղությունների տոմսերը շուտով հասանելի կլինեն գնման համար ավիաընկերության պաշտոնական կայքէջում եւ բջջային հավելվածում՝ սկսած 29.99 եվրոյից։
Իր խոսքում՝ Թիշները պատմեց ցածրարժեք տոմսերի հասանելիության քաղաքականության մասին։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունը նախընտրում է գործունեություն ծավալել ոչ-կենտրոնական, փոքր օդանավակայաններից, որը նպաստում է մատչելի տոմսերի հասանելիությանը։ Օրինակ Վրաստանում, Wizz-ը բազա է հիմնել Քութայիս քաղաքում։
Այս համատեքստում Aravot.am-ը Ռոլանդ Թիշներից հետաքրքրվեց՝ ավիաընկերությունը դիտարկո՞ւմ է Հայաստանի խոշորությամբ երկրորդ քաղաքից՝ Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից, թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
«Մենք մշտապես դիտարկում ենք մեր թռիչքների աշխարհագրության ընդարձակման հնարավորությունը։ Դիտարկում ենք շատ այլ օդանավակայաններ, այդ թվում՝ Գյումրիի օդանավակայանը, բայց այս պահին որեւէ կոնկրետ որոշում չկա։ Ամեն դեպքում, դիտարկում ենք», – ընդգծեց տնօրենը։
Ասուլիսի ժամանակ Թիշները նաեւ ամփոփեց 2020–ին Երեւանում Wizz Air-ի գործունեության մեկնարկից ի վեր գրանցված ցուցանիշները։ Wizz-ին է պատկանում հայաստանյան շուկայական մասնաբաժնի 21%-ը, սպասարկվել է ավելի քան 2.2 միլիոն ուղեւոր, ծրագրված թռիչքների 99.9%-ը իրականացվել են։
Ռոլանդ Թիշները հույս հայտնեց, որ Wizz Air-ի բազայի հիմնումը Երեւանում, ինչպես նաեւ առաջարկվող թռիչքների աշխարհագրության ընդլայնումը կմեծացնի ոչ միայն հայերի՝ Եվրոպայում շրջագայելու հնարավորությունը, այլեւ եվրոպացիների՝ Հայաստան այցելելու հետաքրքրվածությունը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ