Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին, դրանց պատասխանատուներին, քաղաքական գործիչներին
Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի ներկայացուցիչներս, սույնով հայտարարում ենք.
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ուղեկցվում են մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց հասցեին հնչող անպատեհ ու անզուսպ հայտարարություններով՝ բացասական ազդեցություն են ունենում և կարող են առաջիկայում լրջագույն հետևանքներ ունենալ երկրի բիզնես միջավայրի, ներդրումային գրավչության, տնտեսական հեղինակության և միջազգային վարկանիշների վրա։
Դրա վառ օրինակներից է վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասցեին մեր երկրի ամենաբարձր քաղաքական ամբիոններից, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցված պետականացնելու մասին սպառնալիքները։
Կարդացեք նաև
ՓՄՁ ասոցիացիան, լինելով ամբողջովին ապաքաղաքական և ունենալով բացառապես գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության առաքելություն, անընդունելի է համարում նման սպառնալիքներով հանդես գալ մի ընկերության հասցեին, որի գործունեությունը սերտորեն փոխկապակցված է Հայաստանի գրեթե բոլոր բիզնես ոլորտների հետ։
Չնայած նրան, որ նշված ընկերության գործունեության արդյունքում մեր Ասոցիացիայի շահառու ՓՄՁ-ներից ևս ունեցել են խնդիրներ, ՓՄՁ Ասոցիացիան ուղիղ ոչ մի կապ չունի նման մեծ ընկերության հետ, կարևորելով ընկերության գործունեության թափանցիկությունն ու օրինականությունը, մենք միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա՝ հաշվի առնելով ընկերության դերակատարումը տնտեսության մեջ։
Հատկապես անթույլատրելի ենք համարում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ նման հրապարակային ճնշման և անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունների կիրառումը։ Նման մոտեցումները կարող են սասանել ներդրողների վստահությունը և խաթարել տնտեսական կայունությունը։
Մեր երկրի յուրաքանչյուր բարձրաստիճան պետական պաշտոնյա, անկախ քաղաքական դիրքորոշումներից, պարտավոր է գործել՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդհանուր շահերից և պահպանելով հանրային ծառայողների նկատմամբ սահմանված նվազագույն պահանջները։
Մենք՝ բիզնես համայնքի ներկայացուցիչներս, հույս ենք հայտնում, որ այս հայտարարությունը կդառնա ազդակ՝ պետական կառույցների կողմից հետագայում առավել հավասարակշռված և պատասխանատու դիրքորոշում ցուցաբերելու համար, հատկապես հանրային նշանակության տնտեսական հարցերում։
Հակոբ Ավագյան
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» կառավարման խորհրդի նախագահ