Սկիզբը՝ «Առավոտի» 05.12.2025 համարում:
«Բարեհաջող կերպով» ավարտելով Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքների ստեղծումը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգիստ շարունակեց բուն քաղաքական հետապնդումների գործընթացը։
«Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքը կառուցվեց. դրա մասերն էին գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարները, որոնք կամ նախկինում վարչապետի օգնականն էին, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուղղակի միջամտություն ունեցավ որոշ քրեական գործերով, օրինակ՝ գործարար Սամվել Մայրապետյանի եւ նոր որդու, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու եւ այլն։ Աննա Վարդապետյանը սրբագրել էր քննիչի աշխատանքը, հետո ներկայացրել էր, իբրեւ խորհրդատվություն է տալիս»,- «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը՝ հավելելով, որ քրեական գործերով իրավաբանական փորձագիտություն չկա եւ դա չի կարող լինել խորհրդատվություն, դա գործադիրի կողմից միջամտություն է։ Ինչեւէ։ Ըստ մեր զրուցակցի, այսպիսով. «Այս անձանց նշանակելով բարձրագույն իրավապահ մարմինների ղեկավար պաշտոնների, ամբողջականանում է բարեհաջող քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար քաղաքական համակարգը»։
Հայաստանում, ըստ տեղական տարբեր կազմակերպությունների տվյալների, այս պահին կա 40 քաղբանտարկյալ, 60 մարդ հետապնդվում է քաղաքական հայացքների համար։
Կարդացեք նաև
ՏԻՄ ղեկավարների նկատմամբ հետապնդումները
ՔՊ-ի իշխանության շրջանում, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 18 ընդդիմադիր համայնքապետ. նրանց մեծ մասին՝ հիմնականում կոռուպցիոն տարբեր գործերով մեղադրանքներով, ստիպել են հրաժարականի դիմումներ ներկայացնել։ Չենթարկվողները հայտնվել են բանտում։ Կան նաեւ սպանվածներ. Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում՝ 23.09. 2025։
2025 թվականին Համայնքների ղեկավարներին առնչվող հաջորդ հնչեղ իրադարձությունները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումն էր կաշառքի գործով եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումն էր. քրեական բովանդակության մեկ այլ գործով նա կալանավորվեց եւ 6 տարի 3 ամիս ազատազրկման եւ պատիժը սկսեց կրել։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվել է 2018-ի հեղափոխության օրերին հանրահավաքին քաղաքացիների մասնակցությունը խոչընդոտելու փաստով, ինչն ուղեկցվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Հողի ապօրինի օտարման քրեական գործերով էին անցնում նաեւ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարը, Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը։ Մինչ այս տարբեր քրեական եւ հակակոռուպցիոն գործերով ձերբակալվեցին կամ կալանավորվեցին տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետեր.
-06.07.2021-ին ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նա «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Գորիսում:
– 07.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
-08.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
– 22.04.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
– 17. 07. 2021-ին ձերբակալվեց եւ կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
– 06 10. 2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
– 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։
– 29.10.2025-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը. Բալասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
ՏԻՄ մարմինների քաղաքական հետապնդումների շարքում Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը հստակ տարբերություններ է տեսնում նախկին եւ ներկայիս իշխանությունների գործելաոճում. «Եթե նախկինում ՏԻմ ղեկավարները հիմնականում այդ պահին գործող իշխանությանն էին ներկայացնում կամ նրանց աջակիցներ էին, ապա 2018-ից հետո այդ իներցիան դեռ շատ տարածված չէր եւ տարբեր կուսակցական կամ իշխանությանն այլընտրանք հանդիսացող խմբեր ՏԻՄ ընտրություններում կարողանում էին հաղթել։ Բայց իբրեւ ժողովրդավարության կայացման գործընթացում մենք տեսնում ենք տոտալ անհանդուրժողականություն եւ համարյա բոլոր դեպքերում իշխանությունը հաշվի չէր նստում իր պարտության հետ։ Վանաձորի դեպքում ընտրված ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին, միանգամից կալանավորեցին։ Գյումրիի դեպքում՝ «Բալասանյան» դաշինքից սկսած մինչեւ այժմ պայքարում են. նախ «Բալասանյան» դաշինքին ստիպեցին դուրս գա կոալիցիայից, նոր ընտրություններ եղան։ Նոր ընտրություններում կրկին իշխանությունը պարտվեց։ Հիմա, Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո, ինչ-որ մեկն ակնկալո՞ւմ է, որ Գյումրիում նորից ընդդիմադիր քաղաքապե՞տ կարող է ընտրվել։ Եթե նայում ենք նախորդ փորձը՝ չի ընտրվի։ Ընտրվի՝ իրական, թե շինծու գործերով նրան էլ կհեռացնեն։ Ու բնավ կապ չունի Վարդան Ղուկասյանին առաջադրված կոռուպցիայի մեղադրանքը, այն առումով, որ ՔՊ-ն ակնհայտորեն չի կարողանում հաշտվել որեւէ համայնքում իր պարտության հետ»։
Հիշեցնենք նաեւ, որ Վարդենիս խոշորացված համայնքում «Ահարոնյան» դաշինքի ղեկավարը, որն ընտրվեց իբրեւ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ, հետո անդամագրվեց ՔՊ-ին։ Իսկ Փարաքար համայնքում, մինչեւ «Ապրելու երկիր» կուսակցության եւ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը, իշխող ուժը ժամանակավոր համայնքապետ էր նշանակել՝ բնակիչների քվեարկությամբ, ինչպես եղավ Գյումրիում։ Նախկին համայնքապետ՝ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել կրիմինալ սկանդալի պատճառով։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում հաստատվել էին թեկնածուները. վեցից հինգը վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից էին, մեկն էլ անկուսակցական։ «Պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ, կամ համակիր», – հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025

















































