Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ․ «Հրապարակ»

Հունվար 31,2026 10:50

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։

– Ընտրություններին մնաց հազիվ 5 ամիս։ Գրեթե բոլոր ուժերն ակտիվացել են, հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ ինչ-որ փոփոխության հասնել ընտրությունների արդյունքում։

– Իսկ ո՞րն է ընտրությունների այլընտրանքը, ոչինչ չանե՞լը։ Իհարկե, պետք է օրենքի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի իշխանությանը հեռացնել։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, բառի ամենաուղիղ իմաստով, մեռած է՝ թաղած չէ։ Փաստացի, Հայաստանը գոյություն ունի, բայց ոչնչացված են բոլոր գաղափարական հիմքերը, ի՞նչ անեն մարդիկ, չպայքարե՞ն։ Այո, բարդ է լինելու, սակայն պայքարի շատ ձեւեր չկան, իսկ ընտրությունները դրանցից մեկն են։

– Դուք ասում եք․ «Հայաստանը մեռած է՝ թաղած չէ», իսկ իշխանությունները հպարտորեն ասում են, որ երբեք այսքան լավ չի եղել Հայաստանի վիճակը՝ թշնամիների հետ հարաբերությունները կարգավորել են, Ադրբեջանի տարածքով ցորեն, բենզին են բերում, անգամ Ալիեւին շնորհակալություն են հայտնում։

– Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախը, իրավական պետությունը, ժողովրդավարությունը, գոյություն չունեն։ Ինչ ուզում՝ անում են, ում վրա ինչ գործ ուզում՝ սարքում են, հիմա էլ հերթը Եկեղեցունն է, անտեսելով բոլոր օրենքները՝ միջամտում են Եկեղեցու գործերին։ Ի՞նչ գործ ունի գործադիրը Եկեղեցու հարցերի հետ։ Կամ՝ դատարանի ի՞նչ գործն է, թե Մասյացոտնի թեմի առաջնորդն ով է՝ կարգալո՞ւյծ է, թե՞ ոչ։ Օրինակ, դատարանը կարո՞ղ է որոշել՝ Շարմազանով Էդուարդը ԳՄ անդա՞մ է, թե՞ ոչ։ Դա իմ կուսակցության որոշումն է, չէ՞։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Ինչ վերաբերում է բենզինին, ցորենին, էդ ամենը խայտառակություն է։ Վահագն Խաչատուրյանն ինչո՞ւ էր գնացել Ալիեւին շնորհակալություն հայտնելու, հազարավոր տղաներին սպանելո՞ւ, Հայաստանի 240 կիլոմետրն օկուպացնելու, թե՞ արցախցիներին էթնիկ զտման ենթարկելու եւ Արցախը հայաթափելու համար։ Էլ չենք խոսում Հայաստանից նորանոր պահանջների մասին։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե սրանք ովքեր են։ Մեծ-մեծ խոսում են, ասում են՝ բոլորն էլ մեր երեխաներն են, բա, Աստված մի արասցե, որ մեկը ձեր երեխաներին սպանի, կգնաք կասեք մե՞րսի․․․․ Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ մարդու եւ անասունի արանքում հիշողությունն է ընկած, բայց ես չեմ զարմանում, քանի որ, ինչպես Նժդեհն է ասել՝ մի զարմացիր, քանի որ անձի դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։ Լավ, ո՞նց կարելի է էսպես ուրանալ սեփական ժողովրդին, սեփական հայրենիքն ու Եռաբլուրը։ Ինչի՞ համար եք շնորհակալ, արա։

– Փաշինյանը բենդ է ստեղծել, նվագում է, Անահիտ Ավանեսյանն էլ պարում է։ Հետեւո՞ւմ եք այդ ամենին։

– Ստիպված հետեւում եմ, էնպես չէ, որ ուշքս գնում է։ Քաղաքական դաշտը վերածել են մեծ գժանոցի, էս ի՞նչ վիճակ է։ Ինձ զարմացնում են սրանց հետեւից գնացողները։ Ոնց որ մեռելի քարի վրա թմբուկ նվագող լինի։ Պարտությունն էլ է մարդու համար, բայց պարտությունը ֆետիշացնելը խելագարություն է։ Սրանց նպատակը ամեն ինչ անելն է, որպեսզի մինչեւ 2018-ը եղած բոլոր արժեքները ոչնչացնեն՝ աղմուկով։ Սա ամեն ինչ բարձրաձայն է անում, որ մարդիկ զրկվեն իրենց հիշողությունից։ Նույն Ներոնի տեսարանն է՝ հաց եւ տեսարաններ։ Հացն ու ցորենը բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ թմբուկն է, Փաշինյանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ։ Զարմանում եմ, թե մեր ազգը ոնց կարող է հացի եւ տեսարանների կուտն ուտել։ Այ հոգնածներ, 5 հազար տղա զոհվեց, որ չերեզ Ադրբեջան բենզին բերեք ու մի հատ էլ մա՞տ թափ տաք։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031