Այսօր առավոտից ԱԱԾ և ռազմական ոստիկանության ուժերը շրջափակել են Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս եկեղեցին, հիշեցնենք, հանձնված էր ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությանը:
Եկեղեցու սպասավոր տեր Պսակը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտյան, երբ եկեղեցու հոգևոր սպասավորները եկել են ծառայության, ԱԱԾ և ռազմական ոստիկանության ուժերը արդեն տեղում են եղել: Որոշակի ժամանակ անց, երբ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, հոգևորականները ԱԱԾ-ականներից հետաքրքրվել են, թե ինչ նպատակով են վերջիներս գտնվում այդտեղ: Ինչին ի պատասխան ԱԱԾ ծառայողները տեղեկացրել են, որ իրենք իրավունք ունեն հարցերին չպատասխանել:
ԱԱԾ ծառայակիցները փոխանցել են, որ իրենց հարցերին պատասխաններ հոգևոր դասի ներկայացուցիչները կարող են ստանալ իրենց վերադասից կամ ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից. «Փորձեցինք հասկանալ, տարբեր ձևերով մարդիկ զանգեցին, որևէ մեկը չի պատասխանում: Նույնիսկ զանգերը գնացին համապատասխան իրազեկ մարդկանց՝ չպատասխանեցին, հավանաբար ճանաչել են»: Այս պահին ԱԱԾ ծառայողները հեռացել են եկեղեցու հարակից տարածքից, տեղակայվել են փոքր-ինչ հեռավորության վրա, սակայն տարածքը չեն լքել, շարունակում են հսկել: Տեր Պսակը տեղեկացրեց, որ եկեղեցու սպասավորները սովորականի պես անցկացնում են իրենց ծառայությունը, որևէ արտառոց իրավիճակ եկեղեցում չկա:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, արձագանքելով տեր Պսակ քահանայի հայտարարությանը, ասել էր՝ Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հրամանագիր է ստորագրել՝ գնդերեցների գունդը լուծարելու մասին: Գնդի հոգևորականները ծառայություն էին իրականացնում Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































