ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:
Գործող կարգավորումներով որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն չկա, օրինակ՝ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում ապրանքի վերադարձը ձեւակերպվում է որպես հետվաճառք: Այսինքն՝ առանձին գործարք է գրանցվում: Դա ավելորդ բարդություններ է առաջացնում հարկ վճարողի համար, նաեւ խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը: Առաջարկվում է կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը եւ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձի:
Առաջարկվում է կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը: ՀԴՄ-ով ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները կարտացոլվեն գործարքի ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում: ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների ավելացման եւ մյուս հարկատեսակների մասով ճշգրտումների արդյունքների արտացոլման մասով փոփոխություններ չեն նախատեսվում: «Միասնական ենք դարձնում ՀԴՄ-ով եւ հարկային հաշիվներով վերադարձի կանոնները»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը:
Կարդացեք նաև
Առաջարկվում է վերանայել սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվը մատակարարի կողմից չեղարկելու եւ այդ հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռքբերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը` նախատեսելով, որ այն ենթակա է հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում` այն գումարի չափով, որի մասով մինչեւ հաշվարկային փաստաթղթի չեղարկումն օրենսգրքով սահմանված կարգով ու չափով կատարվել է հաշվանցում:
ԱԱՀ-ից ազատման արտոնություն կիրառել նաեւ համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով (ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը, իսկ համայնքների նվիրատվության դեպքում ԱԱՀ-ից չի ազատվում եւ Կառավարության համապատասխան որոշմամբ հարկման բազան 0 դրամ է):
Կվերանայվի դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների` համախառն եկամտից նվազեցման նորման` սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող չափով:
Շահութահարկին, ԱԱՀ-ին եւ այլ հարկատեսակներին վերաբերող մյուս կարգավորումները` այստեղ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ


















































