ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, արդյոք քննարկվե՞լ է Հայաստանի էներգետիկ համակարգի միացման հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։
«Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը, ինչը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր երկու երկրների համար եւ ինչը կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել մեր երկու երկրների էներգահամակարգերին»,- ասաց նա։
Խուդաթյանի խոսքով՝ հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել եւ հասկանալ այս մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ «Մենք պատրաստակամ ենք այդ ներդրումներն իրականացնել, օր առաջ աշխատանքները սկսել։ Մենք պատկերացնում ենք, որ դա կանեն նաեւ Թուրքիայի գործընկերները»,- հավելեց նա։
Նա նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված է Իրանի, Վրաստանի էներգետիկ համակարգերին, եւ տարվա ընթացքում գրեթե մշտական պարբերականությամբ էլեկտրաէներգիա է արտահանվում Իրան ու Վրաստան, ըստ անհրաժեշտության նաեւ Վրաստանից ներմուծվում է։ «Նույնը պայմանավորվում ենք անել նաեւ Թուրքիայի հետ»,- ասաց Խուդաթյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































