ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում վեճ տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանի և Գառնիկ Դանիելյանի միջև։
Արման Ղազարյանը, դիմելով Համբարձում Մաթևոսյանին, ասաց․ «Երևանն ունի մասնագիտացված ՊՈԱԿ, և դրանով սահմանված է լիազորություն։ Չէ՞ որ շրջակա միջավայրի նախարարը Դուք եք և Դուք եք պատասխանատու այս հարցերի համար, դրա համար կա բնապահպանության ու ընդերքի տեսչություն, արդյոք կասկած չի՞ հարուցել գնալ ու ստուգել՝ այդ ծառերը, որ էտվել են, եզրակացություն կա՞, որ պետք է էտվեն, թե՝ ոչ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հավելեց․ «Կարծում եմ՝ վերահսկողություն պետք է լինի, մենակ այն, որ վստահում եք, քանի որ քաղաքական թիմի անդամ է, լավ մարդ է, տեսքը լավն է, ճիշտ չէ»։
Համբարձում Մաթևոսյանը վրդովվեց․ «Որակումներ եք անում, սխալ հղում եք անում իմ խոսքերին, և դա հասարակության մեջ կարող է մեկնաբանվել, որ ձեր ասածները հստակ ճշմարտություն են։ Էդ ո՞ր հատվածում տեսաք, որ ասացի՝ քաղաքական թիմի անդամ են, դրա համար ենք վստահում։ Ասել եմ՝ մասնագիտացված գիտական կենտրոններ, ՀՈԱԿ-ներ։ Ինքս տեսչական մարմնի խորհրդի անդամ եմ, այն անկախ է գործում և իրականացնում համապատասխան վերահսկողություն»։
Կարդացեք նաև
Արման Ղազարյանն արձագանքեց․ «Ի՞նչն եմ սխալ ասել․ ասել եմ՝ չես կառուցում, 170 միլիոնի ծրագիր ես արել կենսաբանական մաքրման կայան սարքելու համար, բայց կայանը տեղում չէ։ Եթե ուզում եք՝ փաստերով կտամ։ Ձեզ հարց եմ տալիս, մի շեղվեք»։
Համբարձում Մաթևոսյանն էլ ի պատասխան ասաց․ «Խնդրում եմ՝ Ձեր ձևակերպումները սահմանափակեք հարցադրումների մեջ կամ մի մանիպուլացրեք։ Առաջին անգամ չէ, որ դա անում եք, նախորդ անգամներն էլ իմ խոսքին սխալ հղում եք արել»։ Արման Ղազարյանն էլ ասաց՝ «Ի՞նչն եմ սխալ ասել, կարող եմ փաստերով ներկայացնել»։
Նախարարն էլ, դիմելով պատգամավորին, ասաց․ «Դուք-ով դիմեք, հետ կգնաք, կհետևեք, թե ինչ եմ ասել»։
Խոսակցությանը միացավ նաև հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և, ի պատասխան Արման Ղազարյանի այն վստահեցմանը, թե փաստերով կներկայացնի, ասաց․ «Չեք կարող։ Մի րոպե, ձեռքով, ոտքով մի խոսեք։ Պարոն Ղազարյան, կամ նիստին մասնակցեք, կամ մի խանգարեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































