News.am. Հայաստանի թվային ապագայի ձևավորման կարևորագույն հարթակներից մեկը՝ Public Sector Innovation Forum-ը, այս տարի կրկին համախմբել էր պետական և մասնավոր հատվածների առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը մասնակցում էին երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, ինչպես նաև կառավարության անդամներ՝ ընդգծելով ֆորումի ռազմավարական նշանակությունը պետական համակարգի զարգացման համար։
Ֆորումի ռազմավարական գործընկերը Yandex Armenia-ն է՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Ընկերության ազդեցությունը տնտեսության վրա ակնհայտ է. Yandex Armenia–ի գործարքների գումարային ծավալն արդեն կազմում է Հայաստանի ՀՆԱ–ի 1,2 տոկոսը։ Ընկերության պետության հետ կապերի գծով տնօրեն Տիգրան Գասպարյանի խոսքով՝ իրենք մեծ պատասխանատվություն են զգում սեփական գիտելիքային լուծումները Հայաստանում ներդնելու և կառավարությանը նորարարական զարգացման հարցում աջակցելու գործում։ «Այս ֆորումը այն հարթակն է, որտեղ մենք կարող ենք ֆիքսել ապագա հնարավորությունները»,— նշել է Տիգրան Գասպարյանը։
Ֆորումի առանցքային թեմաներից մեկը արհեստական բանականության կիրառությունն է։ Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն ընդգծել է, որ ԱԲ-ի հաջող ներդրման համար միայն ռազմավարությունը կամ հաշվողական հզորությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է պետություն-մասնավոր սերտ համագործակցություն։ «ԱԲ և մեքենայական ուսուցման մասնագետների քանակը դեռ բավարար չէ և նրանք հիմնականում կենտրոնացված են մեծ տեխնոլոգիական ընկերություններում։ Առանց երկխոսության հնարավոր չի լինի արագ ներդնել էֆեկտիվ գործիքներ»,— պարզաբանել է Արամ Մխիթարյանը։
Կարդացեք նաև
Ի տարբերություն շատ այլ տրանսնացիոնալ ընկերությունների, Yandex Armenia–ն Հայաստանում ունի ոչ միայն ներկայացուցչություն, այլև գործող լայնածավալ բիզնես և տեխնոլոգիական բազա։ Պետության հետ համագործակցությունն արդեն տալիս է չափելի արդյունքներ: Անցած տարի չորս նախարարության ավելի քան 150 աշխատակցի համար Yandex Armenia-ն կազմակերպել է ԱԲ թրեյնինգներ, ինչը շարունակվելու է նաև այս տարի։
Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ քաղաքացիները ընկերության հավելվածում տեսնում են տրանսպորտի շարժը «real-time» ռեժիմով։ Տվյալները հասանելի են նաև կանգառների էլեկտրոնային վահանակներին։ Ընկերությունը պատրաստակամ է կիսվել իր հսկայական տվյալների բազայով, որպեսզի քաղաքային իշխանությունները կայացնեն ավելի արդյունավետ և փաստարկված որոշումներ։
Բացի պետական հատվածից, Yandex Armena-ն մեծ ներդրումներ է անում կրթական համակարգում՝ ֆինանսավորելով գիտնականներին և ներգրավելով լավագույն մասնագետներին դասավանդման գործընթացում։
Ֆորումի մասնակիցների ընդհանուր ուղերձը հստակ է. ԱԲ-ն այլևս ապագա չէ, այն մեր ներկան է։ Հայաստանի հաջողությունը և մրցունակությունը կախված են նրանից, թե որքան արագ պետական ապարատը կյուրացնի և կկիրառի մասնավոր հատվածի առաջարկած թվային գործիքները։

















































