Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտագրվել են աննախադեպ թվով դիմորդներ. Կարո Նասիբյան

Ապրիլ 03,2026 14:41 Share

«Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունները կազմակերպվում են հունվար եւ փետրվար ամիսներին, դիմորդները հանձնում են միայն միասնական քննություններ: Ունենք նաեւ ներբուհական քննություններ՝ արվեստի, մշակույթի, սպորտի մասնագիտությունների բուհերն են դրանք կազմակերպում տարեկան մեկ անգամ: Միասնական քննությունները դիմորդներն իրավունք ունեն հանձնելու տարեկան 2 անգամ»,-«Արմենպրեսի»  մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ ամփոփելով բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլը։

Կարո Նասիբյանի խոսքով. «Առաջին փուլը մենք կազմակերպեցինք հունվարի 24-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Առաջին անգամ հայտագրվել են աննախադեպ թվով դիմորդներ՝ ՀՀ շրջանավարտների կեսից ավելին հայտագրվել է միասնական քննություններին մասնակցելու համար: Բայց, քանի որ ունենք նաեւ ներբուհական քննություններ, որոնց  մասնակցում են 3000-4000 դիմորդներ, ստացվում է՝ մեծ թվով շրջանավարտներ մասնակցում են բուհերի քննություններին:

Եթե անցյալ տարի  հունվար-փետրվար ամիսներին եղել է  11534 դիմորդ, այս տարի նույն շրջանում թիվը եղել է 12447 դիմորդ-քննություն: Հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտները, օգտարերկրյա քաղաքացիների թիվն այնքան էլ մեծ չէ. 97 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, 2,9 տոկոսը՝ այլ երկրների: ՌԴ-ից դիմորդները 314 հոգի են կամ շուրջ 2,5 տոկոս,  մնացածն էլ  (1 տոկոսից պակաս)՝ Վրաստանի, Ուկրաինայի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Լատվիայի, Բելառուսի, Լիտվայի, Լիբանանի քաղաքացիներ են»:

ԳԹԿ փոխտնօրենը պարզաբանեց, որ միասնական քննություններին առաջին փուլում կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր իրավունք ունեն միասնական քննություններ հանձնելու, նրանց թվում են Հայաստանի,  օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրյա պետություններում բնակվողները, նախորդ տարիների բոլոր շրջանավարտները:

«Արդյունքում ունեցել ենք 23474 դիմորդ, այդ թվով պատասխանների ձեւաթուղթ է մտել ԳԹԿ, ստուգվել, գնահատվել եւ հրապարակվել են արդյունքները: Առաջին փուլում դիմորդները միայն քննություններ են հանձնում եւ չեն նշում մասնագիտություններ եւ բուհ: Ապրիլի 15-ից սկսվելու է նաեւ երկրորդ փուլի հայտագրման գործընթացը, որն ամբողջական է: Դա նշանակում է, որ կարող են հայտագրվել, կարող են պահպանել հունվար- փետրվարին ստացած գնահատակնները, սակայն պարտադիր պետք է նշվի բուհը եւ մասնագիտությունը»,-մանրամասնեց Կարո Նասիբյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ քննությունները կազմակերպվել են 54 քննական կենտրոններում, նախկինում քննական կենտրոնների առավելագույն թիվը եղել է 40-42:

Տեսանյութը՝ ստորեւ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930