Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Փաշինյանին. Լևոն Զուրաբյան

Ապրիլ 03,2026 14:46 Share

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու նշանակությունը կարծես ամբողջ խորությամբ չի հասկացվում: Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները:

Ոչ միայն Պուտինը, այլ նաև ՌԴ նախկին նախագահ Ելցինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներ Քլինթոնը, Բուշը և այլք, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և դրա մասին արել բազմաթիվ հայտարարություններ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քանի դեռ հակամարտության կողմերը (1994 թվականի մինչև 1999-ը Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, իսկ 1999 թվականից` բանակցությունների ձևաչափից Լեռնային Ղարաբաղին դուրս դնելուց հետո` Հայաստանն ու Ադրբեջանը) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության չէին եկել, աշխարհը շարունակում էր համարել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ գոյություն ունի հակամարտություն, որը լուծված չէ, բայց պետք է լուծվի խաղաղ բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից բանակցությունների սեղանին դրվում էին խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը անորոշ ժամանակով պիտի առկախվեր, իսկ Արցախը պիտի ստանար դե ֆակտո անկախություն` հաստատված խաղաղության պայմաններում:

Այս հնարավորությունը վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը` 2022 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է ղարաբաղյան շարժումը և նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումով` հակամարտությունը, որի հիմքում դրված էր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, ֆորմալ առումով ավարտվեց, որովհետև հակամարտության ճանաչված կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը եկան համաձայնության: Այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի տեսակետից դարձավ «ապօրինի անջատողական միավորում», որի ոչնչացման համար Ադրբեջանը ստացավ բոլոր իրավունքները: Ոչ ռուսները, որոնց խաղաղապահները, ի դեպ, չունեին անգամ կրակ բացելու մանդատ, ոչ որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն այլևս իրավունք չունեին խոչընդոտելու Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությանը», ինչի մասին վկայեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցած ամուլ քննարկումները:

Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը. եթե հապաղեր, Արցախի Հանրապետության շարունակական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա: Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը և որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին: Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանի կողմից ոչ մի դրական քայլ չի հիշվելու։ Սենց թե նենց ամեն առաջընթաց քայլ էլ, որ եղել ա, նախկին հաջողությունների արդյունքում ա հնարավոր եղել։ Փաշինյանը հիշվելու է որպես իշխանամոլ, բարոյալքված, ուրացող, ազգակործան պատուհաս։ Հայոց պատմությունը կշարունակվի, Փաշինյանը բիծ կմնա հայ պատմության մեջ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930