Երեւանի իրանական Կապույտ Մզկիթի բակում այսօր «Սիզդահ-բե-դար» տոնի շրջանակներում, որը Իրանում նշվում է Նովրուզի 13-րդ օրը, երբ ըստ ավանդույթի մարդիկ հարազատների եւ մերձավորների հետ միասին օրն անցկացնում են բնության գրկում որպես բնության թարմացման եւ կյանքի վերածման խորհրդանիշ, ծառատունկ կազմակերպվեց՝ նվիրված փետրվարի 28-ին Իրանի Մինաբ քաղաքի օրիորդաց տարրական դպրոցին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետեւանքով նահատակված 168 սաների հիշատակին։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Խալիլ Շիրղոլամին լրատվամիջոցներին ասաց. «Սա հարգանքի տուրք է բնությանը, բնությունը միշտ նոր եւ զարթուն պահելուն։ Եվ այդ օրը մենք ծառատունկ ենք իրականացնում այս խորհուրդը պահպանելու համար։ Եվ այսօրվա ծառատունկը նվիրված է մեր բոլոր նահատակներին, մասնավորապես Օրիորդաց դպրոցի 168 անմեղ սաների հիշատակին։
Պատերազմի կապակցությամբ պետք է նշեմ, որ մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մեր հողը այս անիրավ հարձակումներից։ Իրանի ժողովուրդը արժանապատվորեն դիմակայում է եւ մեր հասարակության մեջ ոչ մի տարաձայնություն գոյություն չունի։ Մենք շարունակում ենք արժանապատվորեն պաշտպանել մեր արժանապատվությունը; Ու այսպես ամբողջ աշխարհի համար դարձել ենք մի զարմանալի իրողություն։
Այս ընթացքում հայ ժողովուրդը, հայաստանյան ընկերություններ մեզ օգնություն են ուղարկել՝ սանիտարական, բժշկական պարագաներ՝ այդպես ընդգծելով հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամությունը։ Մեր երկու ժողովուրդները մշտապես դժվար օրերին միմյանց հետ են եղել, եւ այս իրողությունը շարունակվում է»։
Կարդացեք նաև
Պարոն դեսպանը նաեւ նշեց, որ պատերազմը դեռ շարունակվում է եւ ըստ այդմ վիճակագրությունն էլ անընդհատ փոփոխվում է։ «Բայց պետք է նշեմ, որ չնայած հայտարարվում է, թե քաղաքացիական օբյեկտների, սովորական քաղաքացիների հետ գործ չունեն, այնուամենայնիվ, թիրախավորվել են բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, դեղորայք արտադրող գործարաններ, ինչը ցույց է տալիս, որ սա ռազմական հանցագործություն է։ Հենց երեկ թիրախավորվել է կիսակառույց մի կամուրջ, որը համարվում է Մերձավոր Արեւելքի ամենաբարձր կամուրջը։ Եվ այդ հարձակման հետեւանքով մահացել է հինգ եւ վիրավորվել մոտավորապես 90 խաղաղ քաղաքացի։ Նրանք, ի դեմս նախագահ Թրամփի, հենց այսպիսի հարձակումներով են հպարտանում։
Հայտարարում են, որ Իրանը կվերադարձնեն քարե դար։ Սակայն պատմությունը վկայում է, որ Իրանի վրա բազմաթիվ հարձակումներ են եղել բարբարոսների եւ քոչվոր ցեղերի կողմից, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, մինչեւ մոնղոլական արշավանքներ։ Սակայն Իրանը քաջաբար եւ վեհաբար շարունակում է ապրել եւ մնալ իր դիրքերի վրա։
Բարբարոսների եւ քաղաքակրթության տարբերությունն այն է, որ ի տարբերություն նրանց, Իրանը ունի քաղաքակրթություն, դարեր ձգվող մշակույթ։ Ինչպես ասում են. «Երբ ձեր նախնիները դեռ քարանձավում էին ապրում, մենք արդեն մշակույթ ունեինք եւ քաղաքակրթություն ենք կառուցել։ Այդ իսկ պատճառով պիտի բառացիորեն ասեմ. «Նստեք տեղներդ»։
Aravot.am-ի հարցին, թե այս պատերազմն ավարտելու ինչ պայմաններ եւ ինչ հեռանկարներ է տեսնում, դեսպանը պատասխանեց. «Այս ագրեսիան պետք է ավարտվի։ Քանի դեռ թշնամին դադար չի տվել այս ագրեսիային, թշնամական գործողություններին, մենք շարունակելու ենք մինչեւ վերջ պաշտպանել մեր հողը, մեր հայրենիքը»;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































