«Ես ոչ թե միտում եմ նկատում, այլ անգործություն եմ նկատում։ Ծանրաբեռնվածություն եմ նկատում այլ բաներով՝ քաղաքական հետապնդումներով»,- «18 արդարների» գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ հավելելով, որ օրեցօր Հայաստանում տարբեր տեսակի հանցագործությունների թիվն ավելանում է, այդ թվում՝ նաեւ զենքի կիրառմամբ հանցագործությունների, բայց իրավապահ համակարգը լծված է քաղաքական հետապնդումներին։
«Այսօր արդեն տեղեկացանք, որ 15 անձ ձերբակալվել է․ պարզ է, որ դրանով են ծանրաբեռնված։ Կարող է՝ մի քիչ էլ իրենց մասնագիտական տոնն են նշում»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, այսօր ոստիկանությունը չէր ապահովել տնային կալանքում գտնվող մեղադրյալներ Վահագն Չախալյանի եւ Արթուր Սարգսյանի ներկայությունը նիստին։
Բուն գործի մասին էլ հավելեց․ «Վարույթի նախաձեռնման օրվանից ի վեր պարզ էր, որ այս վարույթը շինծու է, սրան չի կարելի լուրջ վերաբերվել։ Երբ նախաքննական գաղտնիքի գաղափարը դուրս եկավ՝ մեզ հաջողվեց այդ ամենը հանրությանը ցույց տալ։ Մեր կողմից ներկայացված փաստարկները ցույց են տալիս այս գործի շինծու լինելը եւ 18 անձանց արդար լինելը։ Մարդիկ հանիրավի անազատության մեջ են գտնվել երկար ժամանակ, իսկ Բագրատ սրբազանը մինչեւ օրս է անազատության մեջ»։
Կարդացեք նաև
Փաստաբանի գնահատմամբ՝ առաջիկա շրջանը նախընտրական է եւ դա է պատճառներից մեկն էլ, որ Բագրատ սրբազանն ազատության մեջ չէ․ նրա խոսքը ազդեցիկ է եւ մեծ նշանակություն կարող է ունենալ։
Այս գործով՝ ներկայիս Հայաստանում, փաստաբանն արդար դատաքննություն չի ակնկալում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































