Բագրատ Սրբազանի եւ շարժման մյուս անդամների գործով դատական նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները, բացառությամբ Իգոր Սարգսյանի եւ Կարո Օկումուշյանի։ Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չեն ներկայացել նաեւ պաշտպանները։ Դատավոր Ֆարխոյանը նշեց, որ պաշտպան Սիմոնյանի կողմից դատարանին գրություն է հասցեագրվել այն մասին, որ չի կարող ներկա գտնվել մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով, իսկ պաշտպան Համբարձումյանը գրություն էր հասցեագրել դատարանին, որ ոտքը վնասել է եւ չի կարող տեղաշարժվել։ Ընդմիջում հայտարարվեց այդ պատճառով։
15 րոպե անց նիստը շարունակվեց՝ ապացույցների հետազոտման փուլն էր։ «Այսօր մեղադրյալներից երկուսի խափանման միջոցի երկարաձգման, փոփոխման կամ անփոփոխ թողնելու ժամկետի հետ կապված հարցերն են քննարկվելու, հետեւաբար բավականին շատ աշխատանք ունենք անելու»,- ասաց դատավորը։
Մեղադրողը ներկայացրեց ապացույցները։ Պաշտպանական կողմը վերապահումներ ուներ, քանի որ մեղադրանքի կողմը հստակ չէր ներկայացրել, թե որ ապացույցով ինչ հանգամանք է հաստատելու։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բագրատ Սրբազանին հետեւյալ հարցն էր հետաքրքրում․ «Հռետորական հարց եմ ուզում տալ՝ հասկանալով, որ պատասխան չի լինելու․․․ Սարգիս Հարությունյանը եզրափակիչ ելույթում ընդգրկվա՞ծ է լինելու անուն-ազգանունով, թե ինչ է գործե՞լ, երբ․․․ Մեղադրական այս ողջ իրավիճակում գոյություն չունի, կարգավիճակ չունի, բայց եզրափակիչ խոսքում ընդգրկվա՞ծ է լինելու, նշանակում է՝ իր վրա որեւէ հոդվա՞ծ է դրվելու, որ հիմա գոյություն չունի․․․
Կարդացեք նաև
Եվ երկրորդ՝ մեղադրող կողմն ասում է՝ նույն կերպ պտտվում եք, նույն կերպ պտտվում են, որովհետեւ դուք եք նույն կերպ պտտվում, որովհետեւ խուսափում եք պատասխանից, խուսանավում եք․․․ Անցյալ անգամ ասել եմ՝ ինչպես մեղադրանքն է եղել լղոզված, որեւէ մեկի հետ կապ չունեցող, այդպես էլ եզրափակիչ ձեր խոսքը։ Ասեք՝ ո՞րն է հետագան, գնանք այդ հետագայից գանք․․․ Խուսանավելով փորձում եք հասցնել մի հանգրվանի, որտեղ նորից լղոզված խոսքեր եք ասելու, հիմա էլ արձանագրեք, որ Սարգիս Հարությունյանը ձեր եզրափակիչ խոսքում չի լինելու, եւ եթե չի լինելու, այդ ապացույցն ինչ գործ ունի այստեղ․․․ Կասկած հարուցող ընթացք է՝ ճոխացնել, ճոխացնել եւ ասել, թե ինչքան մարդ էր ներգրավված․․․ Հետեւաբար, պաշտպանների առաջարկը ճիշտ է, այդ ապացույցը վերաբերելի չէ, այլապես ո՞ւր է Սարգիսը, չկա․․․»։
Դատական նիստն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































