«Փաստաթուղթը անգլերեն լեզվով է: Աշխարհաքաղաքական այնպիսի դերակատարներ են ներկայացված, ինչպիսիք են Ռուսաստան-Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան, Հնդկաստան… իրենք ամբողջը պետք է ներգրավված լինեին այս ամենի մեջ: Ներքեւում նշված է՝ պետք է ներթափանցել թշնամի երկիր ու գերի վերցնել 150.000-200.000 քաղաքացիական անձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով պաշտպան Տաթեւիկ Սողոյանը ներկայացրեց Բագրատ սրբազանին վերագրվող «ահաբեկչության պլանի» կրկնօրինակը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք դիտավորյալ չեն թարգմանել այդ փաստաթուղթը, որ բովանդակային անհեթեթությունն ու ձեռագրային տարբերությունը հանրությանը հասկանալի լինի:
«Այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի էլ չէ, թե ինչպես են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարեւորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տալ այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի նախագահն է»,- ասաց Սողոյանը՝ շեշտելով, որ այն «հայտնաբերվել» է Բագրատ Սրբազանի կեցավայրից. «Սրբազան պայքար» շարժման ամենաակտիվ օրերին, երբ մեծ ժողովրդականություն էր վայելում՝ հարյուրավոր մարդիկ են մոտեցել Սրբազանին եւ ինչ-որ թղթեր փոխանցել Հայաստանի «փրկության» պլաններ, այդպիսի մի փաստաթուղթ էլ, անհայտ ծագումով, որն իրականության հետ կապ չունի, քննչական կոմիտեի ղեկավարի կողմից դրվել է որպես ապացույց՝ իբրև թե գրված է Սրբազանի ձեռքով»:
Կարդացեք նաև
Փաստաբանը վստահեցրեց՝ Բագրատ սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը նույնիսկ ծանոթ չէ:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ վերջին դատական նիստերից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը կատակել է՝ այդ փաստաթուղթը անգլերենով հատուկ գրել է Արթուր Սարգսյանի (խմբ. քննչական կոմիտեի նախագահ) համար, որովհետեւ անգլերեն միայն Արթուր Սարգսյանը գիտի: Պաշտպանները նաեւ ահազանգեցին, որ գործում առկա ապացույցները փորձաքննության չեն ենթարկվել, այդ թվում աղմկահարույց ձայնագրությունը:
«Քննիչը հո Վանգան չէ՞ր, լսել է ձայնագրությունը, ասել՝ գրի սրա անունը: Չկա փորձաքննություն»,- հավելեց փաստաբանը:
Հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։
Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչո՞ւ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։
Անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։ «Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»,- նշեց փաստաբան Խուդոյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































