«Ուժեղ Հայաստանը», Սամվել Կարապետյանը ստեղծելու է աղքատության վերացման հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարելու պետությունը, մեր գործընկերները աշխարհի բոլոր ծայրերից: Ապահովելու ենք ծայրահեղ աղքատ 5 հոգանոց ընտանիքին 150.000 դրամի նպաստ, որ հնարավորություն ունենան դուրս գալ աղքատության թակարդից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. «Կա փուլային գաղափար. առաջին 5 տարում կստեղծվեն 300 հազար աշխատատեղեր, աղքատությունը շեշտակի կնվազի, ծայրահեղ աղքատությունը կվերանա»:
Կարապետյանը նաեւ ասաց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը վերջին 5 տարում Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործատուն է. «Կոնկրետ թվով այս պահին չեմ ուզենա ասել, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվաքանակն ու վճարված հարկերը։ Փաշինյանն ասում է, որ ինքը ստեղծել է 280 հազար աշխատատեղ, դրանից հետո ասում է, որ անհնար է 300 հազար աշխատատեղ ստեղծել, նրա խոսքերն իրար հակասում են»:
Կարդացեք նաև
Պատասխանելով Եվրոպայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցին, Նարեկ Կարապետյանը նախ հարցադրում արեց՝ կանանց կալանավորելով, անմեղ մարդկանց ձերբակալելով, քահանաներ, սրբազաններ ձերբակալելով՝ այս իշխանությունը մոտեցե՞լ է եվրոպական արժեքներին թե՞ ոչ։
«Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական եւ ոչ մի երկրում։ Այս իշխանությունները խոսում են սիրուն, գործում են գեշ»:
Կարապետյանը նաեւ նկատեց, որ այս իշխանությունները կառավարման ութ տարիներին չեն կարողացել հնարավորություն ստեղծել, որ ռուսական արտահանման չափ ունենանք արտահանում դեպի Եվրոպա. «Արտահանումը դեպի Ֆրանսիա այս կառավարության օրոք անկում է ապրել 20 տոկոսով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































