Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սարդարապատյան ճակատամարտը, մայիսյան հաղթանակները ճիշտ դասավանդվեին դպրոցներում, մենք չէինք ունենա արարատմիրզոյաններ, ռուբենռուբինյաններ, նիկոլփաշինյաններ»․ Կարպիս Փաշոյան

Մայիս 22,2026 18:04 Share

Սարդարապատում եղել է հստակ, ճիշտ եւ կազմակերպված հաշվարկ, ինչի արդյունքում հայկական ուժերը հաղթանակ են գրանցել՝ փրկելով ոչ միայն Հայաստանը, նաեւ Վրաստանին․ այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը՝ հավելելով, որ սարդարապատյան տրամաբանությունը միշտ պետք է գործի, ոչ թե՝ «բանը՝ բանից անցել է, մոբիլիզացվենք ու հաղթենք»։

«Նիկոլ Փաշինյանն այստեղ մի բան էլ չի հասկանում․ եթե սարդարապատյան ճակատամարտը, մայիսյան հաղթանակները ճիշտ դասավանդվեին դպրոցներում, հեքիաթներ չպատմեին դասագրքերում, մենք չէինք ունենա արարատմիրզոյաններ, ռուբենռուբինյաններ, նիկոլփաշինյաններ, եւ 100 տարի անց իրենք չէին գնա ու մեր գլխին նմանատիպ պարտություններ չէին բերի։ Նրանք ամենակարեւոր դասը չէին հասկացել՝ ճակատամարտի հաղթանակից հետո պետք է գա ճիշտ քաղաքականությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այս տարածքներում թուրքերին ջախջախած հայերն ընդամենը երկու տարի անց հանձնեցին Կարս քաղաքը եւ պարտվեցին հայ-թուրքական պատերազմում, ինչը սխալ քաղաքականության հետեւանքն էր։

Նա նաեւ զուգահեռներ անցկացրեց մեր օրերի հետ՝ ասելով, որ արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք, հետո քայքայեցինք ու արժեզրկեցինք մեր հաղթանակն ու Շուշին, Ստեփանակերտը նվիրեցինք Ալիեւին։

«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց Սարդարապատի հուշահամալիրի մոտ։

Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ նոր պարտության է տանում, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվում, ՌԴ-ի հետ լարվում են, Իրանին հակադրվում ենք։ Հիշեցնելով, որ Սարդարապատի ճակատամարտում արցախցիներն են լուրջ դերակատարում ունեցել, բանախոսը, հակադրվելով իշխանության պառակտիչ քաղաքականությանը, փաստեց՝ մենք մեկ ազգ ենք եւ մեկ օրակարգ ունենք։

Էդմոն Մարուքյանն էլ հստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ Հայաստանը ազատում է թակարդից, իրականում նոր թակարդի մեջ է մտցնում պետությունը։ Նա հեգնեց՝ հիշեցնելով, որ ժամանակին էլ Փաշինյանը հայտարարում էր, թե արցախցիներին է գերությունից ազատում, ու Արցախն այսօր չկա։ Նաեւ հավելեց՝ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե Հայաստանը տնտեսական բարդ վիճակի մեջ չի հայտնվելու․ իրենք արդեն ահազանգեր են ստանում քաղաքացիներից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ նրա խոսնակ Կարպիս Փաշոյանը։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031