«Վարչապետը հայի մահ չի ցանկացել, քաղաքական խոսք է ասել։ Վարչապետն իր հայտարարությունը մեկնաբանել է, և մեր քաղաքացիներն իրենց քվեով հաստատել են, որ հասկանում են, թե ինչ է ասել վարչապետը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Լրագրողները նկատել էին, որ նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից առ այսօր ՔՊ-ն պահանջում է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի «հայ սակրավորների մահը ցանկանալու» իր գրառման համար, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արցախցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանին, ասաց՝ «արա, այ ստահակ, բացատրի՝ ինչո՞ւ չես զոհվել», հետո փորձեց պարզաբանել, որ ինքը ղարաբաղյան քաղաքական էլիտային նկատի ունի, ոչ թե ղարաբաղցիներին։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Սոնա Ղազարյանն ինչպե՞ս է վերաբերվում ՔԿ-ի հաղորդագրությանը, որում ամենայն մանրամասնությամբ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անձնական կյանքն էր ներկայացվում։
«Հուսամ, նկատել եք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը․ իմ կարծիքն ամբողջությամբ տեղավորվում է այդ հայտարարության մեջ։ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը չպետք է փորձ լիներ՝ բավարարելու հանրության ակնկալիքները։ Մնացած բոլոր իրավական ձևակերպումներում ամբողջությամբ կիսում եմ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ձևակերպումները, որը, հիշեցնեմ, գտնվում է վարչապետի կողմից ձևավորված կառավարության արդարադատության նախարարության տիրույթում»,- ասաց իշխանական պատգամավորը՝ չկիսելով լրագրողի դիտարկումը, որ իր գործելաոճով գործող իշխանությունը փորձում է անձին ամբողջապես ոչնչացնել։
Կարդացեք նաև
ՔԿ-ի հայտարարությունը չդատապարտեց, քանի որ ինքը քաղաքական գործիչ է, իսկ դատապարտելը քաղաքական կատեգորիա չէ։ Թեմայի վերաբերյալ մնացած հարցերի պատասխանները հորդորեց ստանալ ՔԿ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































