Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործարք կա Ադրբեջանի հետ՝ հայկական ջրերի շուրջ․ հարց Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 18,2026 17:57 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կոնսպիրոլոգիաներ ընդհանրապես խաղաղության շուրջ կառուցվում են, որովհետև երբ որ նորմալ իրավիճակը… չակերտավոր այն է, որ մենք անընդհատ կրակոցների, էսկալացիաների մասին ենք, մեկ էլ ջուր… Վայ, էդ ի՞նչ ջուր է, այստեղ մի դավադրություն երևի կա, որովհետև․․․ սովորաբար դավադրությունը դառնում է նորմալ, նորմալը, բնականաբար, կարող է ընկալվել որպես դավադրություն»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ական Սոնա Ղազարյանն էր հետաքրքրվել Նիկոլ Փաշինյանի վերջին այցերի արդյունքներից՝ ասելով․ «2026 թվականի նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած հանդիպմանը՝ պարոն վարչապետի և Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի միջև, հետևել է պաշտոնական հաղորդագրություն։ Եվ ի զարմանս ինձ՝ հաջորդ օրը մեդիայում, հատկապես սոցիալական ցանցերում, ինչ-որ խորհրդավորություն է տրվել, հատկապես անդրսահմանային ջրերի կառավարման գործընթացին։ Ինձ համար, իհարկե, անհասկանալի էր, թե ի՞նչ կոնսպիրոլոգիաներ կարող են հյուսվել այս հարցի շուրջ մասնավորապես, բայց եթե լրացուցիչ տեղեկատվություն կա, կխնդրեմ հաղորդեք։ Հայկական աշխատանքային խումբը ձևավորվե՞լ է, թե՞ ոչ, ե՞րբ է ձևավորվելու, և եթե առհասարակ այդ հանդիպման մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք հաղորդել, խնդրում եմ հաղորդեք»։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց`իրականացնում ենք խաղաղության օրակարգ, և երկրները, երբ որ կոնֆլիկտը հաղթահարում են, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն․ «Մասնավորապես՝ անդրսահմանային ջրերի, մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս Հայաստանի տարածքից, և, ըստ էության, դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ոնց ենք համատեղ… Ի՞նչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները, նաև բնապահպանական ստանդարտների մասով և այլն։ Մենք նման համագործակցություն ունենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև այս դեպքում Արաքս գետի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, և այդ թվում՝ բարձր մակարդակի քննարկումներում այդ թեմաներին ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարվում։ Մենք Թուրքիայի հետ ունենք այդպիսի համագործակցություն, մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարը արդեն շատ երկար տարիներ համատեղ է օգտագործվում, այդ ջրամբարի սահմանային լինելու բերումով։ Ես նկատի ունեմ՝ դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, և առանց դրա դժվար է պատկերացնել։ Աշխատանքային խմբեր ձևավորվո՞ւմ են, հանդիպում տեղի՞ չի ունեցել, և… էս պահին կարող եմ ասել՝ այդքան։ Բայց տեղի կունենա, և քննարկումներ կգնան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել