Հոկտեմբերի 24-ին Արզնի համայնքում կկայանա «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայերի և ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոնը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ անցյալ տարի մեկնարկած փառատոնը շարունակական բնույթ է կրում և ձեռք է բերում ավանդական, ամենամյա փառատոնի կարգավիճակ։ Ներկայացվելու է տարբեր ազգերի խոհանոց, արվեստ, երգ-երաժշտություն, պար։
Նա հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա միջազգային մակարդակի միջոցառում. «Այնպես որ աշխարհի քաղաքացին ընտրություն կատարի, նախատեսի, ասի՝ այս տարի գնամ Բրազիլիա՝ դիմակահանդեսին, Գերմանիա՝ Օկտոբերֆեստին, թե գամ Արզնի՝ մասնակցեմ այս գեղեցիկ փառատոնին։ Եվ ընտրությունը կատարի հօգուտ Հայաստանի։ Այդպես մեզ մոտ ստացվել է խորովածի, Տոլմայի, Արենիի գինու փառատոնի, Սիսիանում՝ Նավասարդի հետ կապված, Երևանի գինու օրերի հետ կապված։ Շատերը հատուկ այդ փառատոնին մասնակցելու համար են գալիս Հայաստան»։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով. «Շատ խորհրդանշական է, որ մշակույթի միջոցով ուզում ենք աշխարհին հղել մի ուղերձ, որ մշակույթի լեզուն համամարդկային է, և բոլորը հասկանում են այն։ Խոհանոցի լեզուն ևս բոլորին հասկանալի է։ Մենք ուզում ենք, որ միջոցառումը կայանա, ցույց տանք, որ մեր երկրում համերաշխ ապրում ենք բոլոր ազգերի հետ, արարում ենք, ստեղծում, և այն մշակույթը, որ առանձնահատուկ է տարբեր ազգերին, ընդունում ենք որպես համամարդկային արժեք և ուզում ենք՝ տարածվի»։
Կարդացեք նաև
Սեդրակ Մամուլյանը նաև շնորհավորեց խոհարարների միջազգային օրը և ցանկացավ, որ բոլորը ունենան արարելու և խոհարարության լեզվով առնչվելու հնարավորություն բոլոր մշակույթների հետ։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահն ընդգծեց, որ Արզնի համայնքում կազմակերպվող «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով փառատոնը բարձրացնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































