«Այս տարի Զբոսաշրջության կոմիտեից 12 փառատոն է աջակցություն ստանալու. տարվա ընթացքում ունենալու ենք բազմազան եւ հետաքրքիր փառատոներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը: Ի թիվս այլնի, նա առանձնացրեց թե արկածային, թե գաստրոզբոսաշրջության, թե բնության ոլորտի փառատոնները:
Դիանա Կարապետյանի խոսքով՝ դրանք հետաքրքրություն են առաջացնում նաեւ զբոսաշրջիկների շրջանում, քանի որ փառատոների միջոցով բացահայտվում են Հայաստանի պատմամշակութային վայրերը, ավանդույթները, խոհանոցը:
Նա նշեց, որ այցելությունների թիվը, օրինակ, հունվարին ռեկորդային է եղել՝ կապված տոնածառային արարողությունների հետ. ավելի քան 179000 մարդ է այցելել մեր երկիր: Իրադարձային զբոսաշրջությունը, Կարապետյանի խոսքով, գնալով զարգանում է, արձագանքները միայն դրական են:
Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետը տեղեկացրեց, որ հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ կանցկացվի Մեղրի փառատոն: Ընդգծեց, որ այդ փառատոնի միջոցով զբոսաշրջիկները եւ հայաստանցիները կարող են ծանոթանալ Հայաստանում վայրի բնության ժառանգությանը:
Կարդացեք նաև
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն անդրադարձավ օգոստոսի 1-ին Ստեփանավանում կայանալիք Խորովածի փառատոնին: Ասաց, որ ի սկզբանե Խորովածի եւ Գինու փառատոների շնորհիվ է ձեւավորվել եւ կայացել Հայաստանում փառատոնային ինստիտուտը: Ապրեսյանը մանրամասնեց, որ Խորովածի փառատոնի կազմակերպիչներն են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը եւ Գեւորգյան կոնցեռն ընկերությունը, որոնք երկուսն էլ Տուրիզմի ֆեդերացիայի անդամ են:
Նա փաստեց, որ միայն կորոնավիրուսի շրջանում չի կայացել փառատոնը, հետագայում կրկին վերականգնվել է: «Մենք փառատոներին մասնակցելով՝ ոչ միայն վայելում ենք այդ մշակույթը, խոհանոցը, առիթ ենք ունենում միմյանց հետ շփվելու, այլեւ նպաստում ենք զբոսաշրջության ապակենտրոնացմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը, մշակութային ժառանգության հանրահռչակմանը եւ Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձեւավորմանը»,- հայտնեց Մեխակ Ապրեսյանը:
Նա մեկ այլ կարեւոր հարցի մասին էլ խոսեց. «Ցավոք, Հայաստանը մեզ համար կարեւոր մի քանի շուկաներում՝ եվրոպական, ամերիկյան, ճապոնական, դեռեւս կարմիր եզրագծերում է ներկայացված՝ որպես ոչ այնքան անվտանգ երկիր, չնայած նրան, որ շատ հեղինակավոր պարբերականներում անընդհատ հակառակն է ներկայացվում: Բիզնես հանրությունը, ականավոր պարբերականները եւ ժողովուրդը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչպես են բազմահազար զբոսաշրջիկներն ու տեղացիները անհոգ ու երջանիկ շրջում՝ գինու գավաթը ձեռքներին, վայելում փառատոնային մշակույթը»:
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում օգոստոսի 7-9-ը. «Գյումրին լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է իրադարձային զբոսաշրջությունը նպաստել քաղաքի զարգացմանը, հանրահռչակմանը, մշակութային արժեքների ներկայացմանը»:
Ի թիվս այլնի, նա անդրադարձավ հատկապես «Դալան ֆեստ» ռոք-փառատոնին, որը իրականացվել է 2019 թ., հետո դադար է եղել ֆինանսական եւ այլ պատճառներով պայմանավորված: Այս տարի, սակայն, Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ փառատոնը կրկին կիրականացվի: «Դալանները սերտորեն կապված են Գյումրու ճարտարապետության հետ, քիչ պահպանված դալաններ կան մեր քաղաքում եւ հանրապետությունում, իսկ «Դալան ֆեստը» լավագույն հնարավորությունն է ցուցադրելու, թե ինչպիսի ճարտարապետություն ունի քաղաքը»,- ասաց Լիլիթ Թովմասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում քիչ անց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































