Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային փառատոնը մշակութային կամուրջ է երկու ժողովուրդների միջեւ. Հայաստանում Իրանի փոխդեսպան

Օգոստոս 07,2026 13:36 Share

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնն արդեն 5 տարեկան է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս օրը եւ վայրը չեն փոխվում՝ քաղաք Սիսիան, օգոստոսի 10-11: Փառատոնի բացումը նախատեսված է օգոստոսի 10-ին, ժամը 16-ին: Այս տարվա նորությունն այն է, որ փառատոնը 2 օր է տեւելու: Մարդիկ ամսի 11-ին միշտ գնում են Քարահունջ՝ ժամը 4-ին դիմավորելու Հայկի գալուստը, իսկ ժամը 11-ից շարունակում են վայելել փառատոնը: Երեկոյան էլ կկայանան մշակութային միջոցառումները բեմի վրա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

մի վրա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Նա հավելեց, որ պահանջարկն է թելադրել փառատոնը դարձնել երկօրյա: Մեխակ Ապրեսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի Սիսիան  եւ Իրանի Լահիջան քաղաքները կքույրանան, հանդիսավոր կերպով կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, հայկական եւ իրանական երաժշտական խմբեր ելույթ կունենան: Նախատեսված է նաեւ «Խաղաղության գավաթ» խորագրով միջազգային խոհարարական մրցույթ:

Սեդրակ Մամուլյան

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի ձեւակերպմամբ, մեր տոները համամարդկային են, եւ իսկ մեր տոնածիսական համակարգը ուղղված է առ Բարձրյալը, «Նավասարդն» էլ այդ առումով բացառություն չէ: «Նավասարդն» իր մեջ ունի եւ սննդի համակարգ, եւ գեղարվեստական մաս, նաեւ խաղեր: Կարծում ենք, որ փառատոնը պետք է կամաց-կամաց ընդլայնվի, ներառվեն նաեւ Նավասարդյան խաղերը: Մշակույթը բոլոր հարեւան եւ ոչ հարեւան ազգերի համար շփման, փոխըմբռնման միջոց է: Ես շատ ուրախ եմ, որ «Նավասարդը» նշում ենք մեր հարեւան, բարեկամ երկիր Իրանի հետ, եւ Իրանի ժողովուրդը խանդավառությամբ է մասնակցում: Պատկերացրեք՝ միայն 43 տաղավարով Իրանից է լինելու մասնակցություն»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Ինչ վերաբերում է «Խաղաղության գավաթ» խորագրով միջազգային խոհարարական մրցույթին, այս մասին էլ հավելեց. «Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական մրցույթների, խոհարարական առաջնությունների իրականացման վայր: «Նավասարդը»  հիմք դարձավ, որ  ստեղծենք նաեւ «Խաղաղության գավաթ» խորագրով միջազգային մրցույթը: Այս հարթակը աշխարհի բոլոր խոհարարներին հնարավորություն կտա մրցել, շփվել, փոխանակվել գիտելիքով, համատեղ ինչ-որ մի բան իրականացնել, ու կարծում եմ, որ Սիսիան քաղաքը այդ առումով կդառնա միջոցառման մեխերից մեկը»:

Բահրամ Թահերի

ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերիի խոսքով, հայ եւ իրանցի ժողովուրդները երկար դարերով ապրել են կողք կողքի, ունեն պատմական կապեր, գոյություն են ունեցել նույն քաղաքակրթական միջավայրում. «Սկսած մշակութային կապերից, տոներից, ավանդույթներից, մինչեւ աշխարհագրական տեղանուններն ու անձնանունները, խոհարարական ավանդույթները, ճաշատեսակները, մշակութային ընդհանրությունները մեկ ասուլիսի ընթացքում թվարկելը գրեթե անհնարին է:

Հատկապես այս բոլոր կապերի շրջանակներում աչքի են ընկնում «Նավասարդի» նման տոները եւ դրանց կարեւորությունը, քանի որ այն ներուժով, որով օժտված են նմանօրինակ փառատոներն ու տոները, հնարավորություն ունեն հետագայում դառնալու մշակութային դիվանագիտության անբաժանելի մասերից մեկը:

«Նավասարդը» հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ մշակութային կամուրջ է: Այս փառատոնի ընթացքում մենք ունենք եւ երաժշտություն, այսինքն՝ մշակույթ, խոհարարական ավանդույթների լավագույն դրսեւորում, ձեռարվեստի արտադրանքի ներկայացում, ինչը դիպուկ կերպով նկարագրում է այս տոնի բազմակողմանի լինելը: Այս տարի պլանավորվել է այնպես, որ Իրանի գեղատեսիլ Գիլան նահանգից 43 հոգուց բաղկացած պատվիրակություն է ժամանելու եւ մասնակցելու այս միջոցառմանը: Արդեն 5-րդ տարին է, որ այս ազդեցիկ միջոցառումը կայանում է Հայաստանում, եւ ամեն տարի թե որակապես, թե իր մասշտաբներով ընդլայնվում է»:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել