Օգոստոսի 1-ին Ստեփանավանում կկայանա Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը: Այն յուրաքանչյուր տարի հազարավոր այցելուների է բերում մարզեր՝ խթանելով տեղական զբոսաշրջությունը, աջակցելով համայնքներին և բացահայտելով Հայաստանի տարածաշրջանների մշակութային ու գաստրոնոմիական ներուժը։
«Խորովածի համահայկական փառատոնն իրականացվում է 2008 թվականից: Զբոսաշրջության զարգացման պետական ծրագիր կար՝ «Հյուսիսային դարպասներ», այդ շրջանակում առաջին անգամ Ախթալայում սկսեցինք անցկացնել մեր փառատոնը: Այս տարի փառատոնն իրականացվելու է օգոստոսի 1-ին՝ Ստեփանավանի Ալեա թաղամասում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնը կազմակերպվում է Վլադիմիր Գևորգյանի հետ միասին: Սեդրակ Մամուլյանի ձևակերպմամբ՝ խորովածի փառատոնը լուրջ նշանակություն է ունեցել Ախթալայում տարածաշրջանի զարգացման, զբոսաշրջության խթանման, ազգային խոհանոցի տարածման և հանրահռչակման առումով, և հիմա նույնը դիտարկում են իրականացնել նաև Ստեփանավանում:
«Ինչ-ինչ պատճառներով Ստեփանավանի ամբողջ զբոսաշրջային պոտենցիալն այնքան էլ լավ չի իրացվում: Մեր կարծիքով՝ Ստեփանավանը զբոսաշրջային ուղուց կարծես մի փոքր թեք էր մնացել: Վստահ եմ, որ մեր գողտրիկ անկյունը նույնպես կզարգանա, և առիթ կունենանք ապահովել որոշակի տնտեսական ու սոցիալական սպասելիքներ»,- ընդգծեց Սեդրակ Մամուլյանը:
Կարդացեք նաև
«Որոշել ենք նոր շունչ տալ փառատոնին՝ պահպանելով փառատոնի ավանդույթները, անցած ուղին և այն մեծ ավանդը, որ փառատոնն ունեցել է գաստրոտուրիզմի զարգացման, կայացման և հանրահռչակման ուղղությամբ: Այժմ փորձում ենք այս ամենը կազմակերպել Ստեփանավանում, համայնքին ու զբոսաշրջիկներին հնարավորություն տալ համտեսել մեր բազմազան ուտեստները: Ամենալավ սահմանումը պարոն Մամուլյանն է տվել՝ խորովածը ոչ միայն ուտեստ է, այլև պատրաստման եղանակ: Հուսով եմ, որ այս տարի էլ կունենանք հետաքրքիր ուտեստներ: Ունենք մրցանակաբաշխություն, մրցույթ՝ սերտիֆիկացված ժյուրիի կողմից: Ունենք 3 անվանակարգ՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում», ինչպես նաև 2 գավաթ՝ բացարձակ հաղթող և համայնքի ղեկավարի մրցանակ»,- նշեց Խորովածի համահայկական 13-րդ փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը:
Տեսանյութն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































