Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր չի»

Հունիս 03,2014 12:52

«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը, որն այս պահին կայանում է «Էրեբունի պլազայում»՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավերով, առաջինը ելույթով հանդես եկավ «Համաձայնություն» ՀԿ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ այս թեմայով քննարկումներ չեն լինում Ազգային ժողովում, քանի որ այնտեղ հստակ չեն ձեւակերպվում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները:

Նկարագրելով այն իրողությունը, որում այժմ հայտնվել է հետխորհրդային տարածաշրջանը, Դ. Շահնազարյանը նկատեց, որ ՍՍՀՄ քայքայումից հետո անցած 23 տարիների ընթացքում ոչ մի հետխորհրդային հանրապետության (չհաշված 2-րդ համաշխարհայինից հետո ՍՍՀՄ-ին բռնակցված բալթյան երկրների) չի հաջողվել հաստատել անշրջելի ժողովրդավարություն:

Եվ այդպիսի հասարակարգ ձեւավորելու համար 12 երկրներից պայքարը շարունակում են միայն երեքը՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան՝ այն երկրները, որոնք իրենց պատմության ընթացքում ընտրությունների արդյունքում իշխանություն են կարողացել փոխել: Իսկ մյուս հանրապետությունները չեն կարողացել իշխանություն փոխել՝ ընտրությունների միջոցով:

Անդրադառնալով ՀՀ-ին պարտադրված Եվրասիական միությանը, Դ.Շահնազարյանը ասաց. «Նման սպառնալիք մեր ինքնիշխանությունը դեռ չի եղել: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը փորձում է մաս կազմել մի միության, խմբավորման, որը կուզեք անվանել Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրասիական միություն, դա միեւնույն է՝ նորացող եւ ընդլայնվող ռուսական կայսրությունն է՝ իր բոլոր հետեւանքներով: Եթե Հայաստանը գնում եւ դառնում է այդ՝ Ռուասաստանի բացարձակ վերահսկողության տակ գտնվող կազմակերպության անդամ, ուրեմն ընտրությունները Հայաստանում կրելու են զուտ պրոտոկոլային բնույթ, կոռումպացված համակարգը հավերժացվում է, եւ ծագում են շատ ու շատ այլ վտանգներ»:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համար ոչ թե սուբյեկտ է, որն իբր պետք է այդ միության հիմնադիր անդամներից լիներ, այլ ընդամենը ճնշման գործիք է՝ Ադրբեջանի վրա ազդելու համար. «Ռուսաստանի կողմից լուրջ քայլեր են տարվում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը, եւ դրա համար Ռուսաստանը պատրաստ է շատ զիջումների գնալ, միայն թե կարողանա վերահսկողություն սահմանել Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների վրա, եւ խաղաղապահների անվան տակ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական զորքեր տեղակայեն: Եվ կախված Ադրբեջանի պատասխանից՝ Ռուսաստանը կորոշի՝ Հայաստանին ո՞ր պահին եւ արդյո՞ք դարձնել Եվրասիական միության անդամ, թե ոչ»:

Նա շեշտեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, ինչպես նաեւ ՀՀ եւ մյուս երկրների՝ Բելառուսի եւ Ղազախստանի շահերը որեւէ համընկնում չունեն: Եթե Հայաստանին կայունություն է պետք, Ռուսաստանին այս տարածքում անկայունություն է անհրաժեշտ, եթե մեզ ժողովրդավարական Հայաստան է պետք, իսկ Ռուսաստանը ուղղափառ նացիոնալիզմ է տարածում, եթե մեզ Վրաստանի, Իրանի, բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ ու սերտ համագործակցություն է պետք, ապա Ռուսաստանն ուզում է Հայաստանին կտրել ամբողջ աշխարհից եւ անվերապահ կախման մեջ պահել միայն իրենից:

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Ռուսաստանը երբեւէ չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը եւ Հայաստանին բացառապես օգտագործել է իր շահի համար՝ «Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր չէ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    ազգային դավաճաններ: սրանց համար էլ պետք ա հատուկ Դավաճանների գումարտակ ստեղծել- որտեղ կներառվեն բոլոր դավաճանները ու հետրևներից ավտոմատներով ստիպել կանգնել ազերիների սահմանի վրա, ու կիմանան, թե սահմանը ով ա պահում ու ոնց ա պահում:

    • g.baghdasaryan says:

      https://www.tert.am/am/news/2014/06/03/tanks-azer-ng/

      Մեկնաբանելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանից Т-90 տիպի տանկեր, ծանր կրակային համակարգեր, ինքնագնաց հրետանային «Мста» սարքեր, հարվածային Ми-35М ուղղաթիռներ, БМП-3 մարտական մեքենաներ, БТР-82 զրահամեքենաներ է գնում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30